Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Կարեն Միրզոյան

Կարեն Միրզոյան

2000-12-23 - 2020-11-07

Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին, Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: Կարենը տան առաջնեկն էր:

Իր աշխուժությամբ ու ճարպկությամբ դեռ մանկուց աչքի էր ընկնում : Բակի միակ թոռնիկն էր, քանի որ բոլորը երիտասարդ ընտանիքներ էին և միայն Կարենենց տանը թոռնիկ կար, դա ևս պատճառ էր ,որ բոլորի ուշադրությունն ու սերն էր վայելում:

Բնավորությամբ կենսախինդ, մարդամոտ, ընկերասեր, ազնիվ ու բարի մարդ էր: Բարի էր,ուշադիր,ազնիվ: Նրան ԼՈՐԴ մականունն էր տվել հայրը, ամեն հարցում անկրկնելի ու անզուգական լինելու համար:

Ամենից շատ նրան սպորտն էր գրավում : Ֆուտբոլ էր սիրում, անմնացորդ ու անասելի սիրով էր զբաղվում այդ սպորտաձևով: Առաջատար էր: Տարիներ անց քաղաքում ըմբշամարտի խմբակ բացվեց և ընկերներով որոշեցին այս սպորտաձևում ևս կայանալ: Խոստումնալից մարզիկ էր, մարզիչը շատ էր հպարտանում նրանով, գրանացած հաջողություններով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի Ագրարային համալսարան: Որոշեց ուսումը կիսատ թողնել՝ բանակ զորակոչվելու պատճառով: Կարևոր էր հայրենիքը, իսկ ուսումը կշարունակեր զորացրվելուց հետո:

Զորամասում, ազատ ժամերին, մարզադահլիճ էր հաճախում, պարապում: Տղաներին էլ հետը տանում , նրանց «մարզիչն էր»: Զորամասում նրան «մեղրեցի Կարեն» էին կանչում, քանի որ մեղրի պես քաղցր էր ու անմահական, և մեղրեցու պես խիզախ ու անկոտրում:

Միշտ պատրաստ էր ընկերոջ համար ամեն ինչ անել: Չափազանց շատ էր սիրում կյանքը, ընկերասեր էր: Ընկերներից յուրաքանչյուրի հետ ուներ իր գաղտնիքները : Ամեն մեկի հետ կիսվում էր ՝ցանկացած հարցում: Ընդհանրապես նեղացկոտ չէր: Ում կարողանում էր, օգնում էր, մեջը բնավ նախանձ չկար: Ագարակում հարգված,սիրված տղա էր,իր համեստությամբ ու ճիշտ պահվածքով: Վատ կողմ չուներ: Նպատակասլաց էր, եթե մտքին մի բան դնում էր, ամեն ինչ անում էր, որ հասներ ուզածին:

Սիրում էր կյանքը,ապրում և ապրեցնում էր բոլորին: Որոշել էր իր սիրած՝ երազանքների մեքենան իր իսկ արդար քրտինքով վաստակած գումարով գնել… Երազանքներ էլ ուներ շատ,բայց անկատար մնացին, փշրվեցին… Երազում էր լավ,գեղեցիկ ընտանիք կազմել, սեփական երեխաներով ուրախանալ,բայց….

2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության անցավ Արցախի Հանրապետության Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Ամեն ինչ լավ էր , ծառայության ընթացքում որևէ խոչընդոտի չհանդիպեց, չտրտնջաց։ Ծառայության ընթացքում բոլորին հասնում էր, օգնում: Ամեն ինչ անում էր, մանավանդ խեղճ ու կրակ զինվորների համար, պատահել է իր վերջին վարտիքը նրանց է տվել… Արժանացավ սերժանտի կոչման՝ զինվորական կարգապահության ու պատրաստվածության համար։

Պատերազմի առաջի իսկ օրվանից մարտի դաշտում էր։ Ծնողներին ոչինչ չէր ասում։ Միայն ասում էր,որ ամեն ինչ լավ է։ Մարտական գործողություններին մասնակցել է ամենաթեժ տեղերում՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարին տակ, ապա Շուշի… Հադրութում թշնամու տանկ էր ոչնչացրել: Ընկերոջ վրեժն էր լուծել: Կռիվ էր տվել, չէր խնայել ոչինչ: Քարին տակում մասնակցել էր թեժ մարտերի, որից մեկի ժամանակ էլ մահից էր փրկվել ընկերոջն էր պատմել,որ նորից է ծնվել։Նոյեմբերի 5_ից Շուշիում էին։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 7_ի առավոտյան, իսկ հետո օրվա ընթացքում արդեն անհասանելի էր։ Ոտքի վիրավորում էր ստացել,ինքն իրեն բուժօգնություն էր ցույց տվել՝ վիրակապել ոտքը։

Անմահացել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին։ Ընկերոջ հետ միասին վերջին փամփուշտը իրենց պահեցին. ինքնասպան եղան,,գերդասելով մահը գերությունից:

Կարեն Միրզոյան

Կարեն Միրզոյան

2000-12-23 - 2020-11-07
Իր աշխուժությամբ ու ճարպկությամբ դեռ մանկուց աչքի էր ընկնում : Բակի միակ թոռնիկն էր, քանի որ բոլորը երիտասարդ ընտանիքներ էին և միայն Կարենենց տանը թոռնիկ կար, դա ևս պատճառ էր ,որ բոլորի ուշադրությունն ու սերն էր վայելում: