Երկուշաբթի, Մայիսի 20, 2024
Երկուշաբթի, Մայիսի 20, 2024

Պատերազմի դրվագներ։ Կարեն Դավոյան

Հունվարի 21, 2024

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմի առաջին իսկ օրերից բազմաթիվ հայորդիներ կամավորագրվեցին՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը:

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղից քսանվեցամյա Կարեն Դավոյանը հինգ օր անց կամավորագրվեց եւ հոկտեմբերի տասնվեցին մեկնեց ռազմաճակատ: Ընտանիքի անդամներն այդ մասին իմացան, երբ նա արդեն Ստեփանակերտում էր: Որքան էլ դժվար՝ ընդունեցին տղայի որոշումն ու ոգեւորեցին նրան:

«Ժամկետային զինվորական ծառայության տարիներին Ջաբրայիլում զորավարժություններ էի մասնակցել, ու, երբ պատերազմը սկսվեց, պարտքս համարեցի մեկնել ռազմաճակատ՝ մտածելով, որ տեղանքին որոշ չափով ծանոթ լինելն էլ կարող էր օգնել: Երբ հասանք Ստեփանակերտ, մեզ ջոկատների բաժանեցին եւ ուղարկեցին տարբեր ուղղություններով: Մեր ջոկատին վստահվել էր Հադրութի մի մասի պաշտպանությունը: Ամեն ինչ անում էինք, որ թույլ չտանք թշնամու հատուկ ջոկատայինների առաջխաղացումը դեպի մեր տարածք»,-պատմում է Կարենը

Նա չի կարողանում մոռանալ հակառակորդի խորամանկությունը, որին զոհ գնացին մարտական ընկերներից մի քանիսը. «Մոտ 110 մետր հեռավորության վրա հակառակորդի մի խումբ զինվորների հանդիպեցինք, վարժ խոսում էին հայերեն, ասում էին, թե իրենք հայեր են ու շրջափակման մեջ են ընկել, որ չկրակենք իրենց ուղղությամբ: Մեր տղաներից ոմանք հավատացին ու դուրս եկան թաքստոցից: Թշնամին, ցավոք, անմիջապես իր սեւ գործն արեց: Այդտեղ էր, որ առաջին զոհերն ունեցանք»:

Կարենը ցավով է հիշում ու խոսում կորցրած ընկերների ու պատերազմի դառնության մասին: «Փորձում էինք թշնամու շրջափակումից հանել մեր ընկերների դիերը: Մի քանի կիլոմետր տարանք, բայց էլ չէինք կարողանում. ուժասպառ էինք եղել, թշնամին էլ մոտենում էր… Խոնարհվում եմ նահատակված ընկերներիս առաջ ու հպարտ եմ, որ ես էլ իմ մասնակցությունն եմ ունեցել այս պատերազմում, չնայած չէի ուզի, որ այսպես ավարտվեր»։

aliqmedia.am