Ծնվել է 2001թ-ի փետրվարի 18-ին Գյումրիում։ Դեռ մանկուց մարզվում էր, հաճախել է գիմնաստիկայի, թաեքվանդոի, մարտեր առանց կանոնների, պարգևատրվել է բազում մեդալներով: Ազատ ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով: Սովորում էր թիվ 27 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է ԳՊՏՔ քոլեջում: Թեև կարող էր տարկետում վերցնել, սակայն հրաժարվեց:
Չափազանց ընկերասեր, լուրջ, հավասարակշռված, ինքնասեր ու հայրենասեր էր: Հրաժարվեց տարկետումից ու 2019 թ-ի հուլիսի 11-ին մեկնեց ծառայության` Արցախի Հադրութի շրջան: Նրան զինկոմիսարիատից չճանապարհեցին, հանգամանքների բերումով հավաքը եկեղեցու բակում էր: Երդման արարողությունն էլ տեղի ունեցավ, ոչ թե զորանոցում, այլ Հադրութի եկեղեցու բակում։
Հինգ ամսից ուղարկեցին Հոկտեմբերյան` սերժանտական կուրսերի: Երեք ամսից վերադարձավ Հադրութի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտ` որպես սերժանտ, դիրքի ավագ: Չարաբաստիկ պատերազմի առաջին օրվանից Ալենը եղել է ամենավտանգավոր դիրքում:
Հոկտեմբերի 1-ին Ալենն ու ընկերները հետ էին բերել այն դիրքը, որը գրավել էր թշնամին: Ընկել էին շրջափակման մեջ: Վիրավոր վիճակում օգնել ու դուրս էր հանել իր վիրավոր ընկերներին: Հանգցրել էր անմահացած վառվող ընկերոջ մարմինը, բայց իրեն չեն հասցրել օգնություն ցույց տալ:
Ալենն անմահացել է հոկտեմբերի 1-ին ԱԹՍ-ի հարվածից: