Ծնվել է 2001 թվականի մայիսի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Մանկուց հաճախել է շախմատի դպրոց, ուներ 1֊ին կարգի շախմատիստի կոչում: Շախմատին զուգահեռ զբաղվում էր նաև ձյուդոյով այնուհետև բռնցքամարտով։ 2019 թվականին ավարտելով դպրոցը ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկայի ֆակուլտետ։
Նույն թվականի հուլիսի 19-ին զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Արցախում։ Առաջին 8 ամիսներն անցկացրել է Շուշիի հակաօդային պաշտպանությունում, ապա տեղափոխվել Փափրավենդ, որը նույնպես չէր իրականացնում առաջնագծի անմիջական պաշտպանությունը։ Մարտադաշտում Արան օժանդակում էր իրենց ջոկի հարձակման և պաշտպանության պլանները նախագծելուն:
Պատերազմի հենց առաջին օրից Արան մարտնչել է ամենաթեժ կետերում։ Հրամանատարությունը պատերազմի օրերին Արային առաջադրել էր լեյտենանտի կոչման, որից Արան հրաժարվել էր: Պատերազմի ընթացքում Արային պարգևատրում են «Արիության» մեդալով, սակայն Արային այն հետմահու տրամադրվեց, բացի դա հետմահու արժանացել է նաև «Մարտական ծառայություն» մեդալի։
Պատերազմել է 42 օր։ Հադրութից Մարտունի, իսկ վերջում իրեն հարազատ դարձած Շուշի։
Նոյեմբերի 7֊ին Շուշի֊Ստեփանակերտ ավտոճանապարհին զինակից ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ։ Մարտի ընթացքում վիրավոր ընկերոջը տեղափոխում է ապահով վայր ու վերադառնալով մարտադաշտ, ականի պայթյունից սրտին վիրավորում է ստանում և անմահանում։