Արսեն Մասիսի Կիրակոսյան՝ ծնվել է 2001 թվականի մարտի 8-ին: Էությամբ աշխույժ, բարի ու կենսուրախ, ազնիվ, խելացի եւ ընկերասեր էր Արսենը: Գրում էր բանաստեղծություններ գարնան, կյանքի, սիրո, բայց ոչ պատերազմի մասին:
Արսենը հաճախել է Հայաստանի «Դուքենդո ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիա: Մասնակցելով մի շարք մրցումների զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ:
Հաճախել է նաեւ Դավիթ Համբարձումյանի անվան լողի դպրոց:
Արսենը սովորել է Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 եւ թիվ 1 դպրոցներում: Ավարտվել է Մասիսի ավագ դպրոցը: Ընդունվել է Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին՝ ծրագրավորող մասնագիտությամբ:
Արսենը ցանկանում էր դերասան դառնալ՝ երազանք, որը մնաց անկատար:
2019 թվականի հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում եւ ստացել սերժանտի կոչում: 2020 թվականի հունվարի 15-ից տեղափոխվել է Մարտունի 2:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արսենը ստացել է ԱՀ ՊԲ N36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի խոշոր տրամաչափի գնդացիրների ջոկի հրամանատար-գնդացրորդի եւ սերժանտի կոչում:
Պատերազմի օրերին Արսենը եղել է թեժ կետերում՝ Ֆիզուլիի եւ Մարտունու շրջաններում: Զոհվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բարձունքին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից՝ հոկտեմբերի 28-ին: