Գարիկ Քաջիկի Կիզիրանց
Ծնվել է 06,06,2000թ․Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ 2 տարեկանից ապրել է Մոսկվայում,սովորել է Շոլկովո քաղաքի Ջանիբեկովի անվան թիվ 13 դպրոցում։ Դեռ մանկուց աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ ու կարգապահ պահվածքով։ 2009թ-ին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան,ուսումը շարունակել է Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է թե քաղաքային և թե հանրապետական օլիմպիադաների և ստացել բազում պատվոգրեր։ Վայելում էր ուսուցիչների և շրջապատի սերն ու հարգանքը։ Հաճախում էր UCAN մոդելային դպրոց։
Գերազանց ավարտելով դպրոցը ընդունվել է ՀԱՊՀ-ի ՏՀՏԷ ինստիտուտի տնտեսագիտություն (տեղեկատվական տեխնոլոգիա ճյուղ )։
2019թ-ի հուլիսի 15-ին զորակոչվել է հայոց բանակ։ 6ամիս ծառայել է Լուսակերտում, դեկտեմբերին՝ սերժանտ զինվորական կոչումը ստանալուց հետո ծառայությունը շարունակել է Արցախում։ Հորաթաղի զորամասում եղել է դիվիզիոնի 5-րդ մարտկոցի 3-րդ դասակի հրամանատար։
Բնավորությամբ շատ ըմբոստ էր, արդարամիտ, իր տարիքի համեմատ շատ հասուն էր, չափազանց խելացի և կարդացած։ Բազմաթիվ գրքեր էր կարդում և զուգահեռ ստեղծագործում էր: ՈՒներ բազում երազանքներ, շատ էր սիրում կյանքը և իր ապրած յուրաքանչյուր օրը տոն էր դարձնում։ Հրաշալի որդի․եղբայր, հոգատար թոռնիկ, հուսալի ընկեր ու պարզապես լուսավոր ու պարկեշտ մարդ։
Պատերազմի առաջին օրերից եղել է ամենաթեժ կետերում։ Մասնակցել է Մարտակերտի ,Մադաղիսի պաշտպանությանը, հոկտեմբերի 15-ից տեղափոխվել է Մարտունի և մասնակցել Ճարտարում և Գիշիում մղվող թեժ մարտերին։ Իրեն ամրագրված հրետանուց արձակել է շուրջ 2500 արկ։ Պատերազմի օրերին ունեցել է մարտական բարձր տրամադրություն,միշտ ոգևորել է իր զինվորներին,ասել,որ անպայման բորորով տուն են գնալու։
43 օր գիշեր ու ցերեկ առանց տրտնջալու կռիվ է տվել անողոք թշնամու դեմ։ Ճիշտ հաշվարկների շնորհիվ ոչնչացրել է թշնամու բազմաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ։ Ցավոք հրադադարից մեկ օր առաջ, կատաղի մարտերի ժամանակ, թաքստոցի հրաման տալով իր զինակից ընկերներին, ինքը հրանոթից կրակելիս թիրախավորվել է թշնամու կողմից։ Անմահացել է Գիշիում, նոյեմբերի 8-ին։