Գևորգ Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում։ 2002-2005 թվականներին սովորել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ 2011-2014 թվականներին ընդունվել և գերազանց ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։
2014-2018 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մեկ տարի անց ստացել է լեյտենանտի կոչում։
Թեև Գևորգը նաև ՌԴ քաղաքացի էր և հնարավորություն ուներ ծառայությունը Ղրիմում անցկացնելու, բայց որոշել էր ծառայել սեփական հայրենիքում։ 2019 թվականին սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես Կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ մարտական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր զինվորների կյանքը։ Կռվի ընթացքում միաժամանակ եղել է ութ դիրքի հրամանատար։
Գևորգ Կիրակոսյանն ամուսնացած չէր։ Հայրը Դավիթ Կիրակոսյանն է, մայրը՝ Մարիա Սարգսյանը, ունի երեք քույր՝ Էլզա, Էսմա և Էռնա Կիրակոսյանները։
Գևորգը նահանջի հրաման է ստացել, քանի որ հակառակորդի անօդաչու թռչող սարքը ֆիքսել է նրանց գտնվելու վայրը։ Ճշգրիտ կազմակերպելով նահանջը՝ Գևորգը կարողացել է իր դասակի 15 զինվորին դուրս բերել վտանգավոր գոտուց՝ նրանց տեղափոխելով ավելի ապահով վայր։ Այնուհետև մարտական առաջադրանքից առաջ հրաժեշտ տալով զինակիցներին՝ գնացել է իմացյալ մահվան։ Խրամատներից վիրավորներին հանելիս արկի բեկորներն իր վրա է վերցրել՝ փրկելով վիրավոր զինվորի կյանքը:
2021 թվականի մայիսի 22-ին Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալով։
2021 թվականի հունիսի 25-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով (ՆՀ-143-Ա) Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: