Հայկ Հովհաննեսի Անտոնյան
Ծնվել է 2002թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքում: Սովորել է Ռ.Աբաջյանի անվան 147 հիմնական դպրոցում: Հաճախել է «Հայորդաց» տան նկարչական խմբակը, մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել մրցանակների: Զբաղվել է նաև ֆուտբոլով և հաղթանակներ գրանցել:
2017թ. ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է «Հերացու» անվան ուսումնական հաստատություն, որն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ: 2020թ. հուլիսի 17-ին զորակոչվել է հայոց բանակ: Ծառայել է Ստեփանակերտի Ցոր զորամասում, որպես հրետանավոր:
Սեպտեմբերի 27-ի մարտական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Վազգենաշենում, Հադրութում, Վարանդայում (Ֆիզուլի), Ջրականում (Ջաբրայիլ), Արա լեռում (Ջավառլու): Վիրավորվել է, սակայն շարունակել է կռիվ մղել ծանր մարտերում՝ մնալով զինակից ընկերների կողքին:
Հայոց պաշտպանության բանակի հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, զոհվեց հոկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Վարանդա կոչվող հատվածում, թշնամու հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ, խիզախորեն ու արիաբար մարտնչելով նրանց դեմ:
Պատերազմից 1 տարի երկու ամիս անց՝ 2021թ. նոյեմբերի 2-ին, նրա և իր տաս ընկերների աճյունները ադրբեջանցիները փոխանցեցին հայկական կողմին: Հայկի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, զինվորական բարձրակարգ արարողակարգով՝ Վեհափառ Հայրապետի աղոթքի ներքո:
Հայկ Անտոնյանի աճյունն ամփոփեցին 2021թ. դեկտեմբերի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս, ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Հայկ Հովհաննեսի Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով:
https://www.youtube.com/watch?v=QSHuOzv5zkA
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid06dHTPSw1QkJg3Fqv3U6jAinrFXKiWFBVJN5N1WKfwzxPMZqCETFa8PHFhwXZRXx5l&id=100002537065750&sfnsn=mo