Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Մենուա Հովհաննիսյան

Մենուա Հովհաննիսյան

1985-12-22 - 2020-10-05

Մենուա Հովհաննիսյանը ծնվել է 1985թ.  դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Բալաշով քաղաքում:

Մենուան Հայաստան  վերադառնալուն պես, բարձր առաջադիմությամբ հանձնելով քննությունները, անմիջապես ընդունվում է 4-րդ դասարան:

Դպրոցում շատ էր սիրում աստղագիտություն և աշխարհագրություն առարկաները, ինչպես նաև պատմության հետ առընչվող առարկաները:

Դպրոցն ավարտելուն պես պետք է ընդունվեր հեռուստառեժիսուրա բաժին, սակայն մտքափոխվում է և տեղափոխվում ՌԴ-ում սովորելու: Որոշել էր իրավաբանական կրթություն ստանալ, սակայն 2 տարի անց վերադառնում է հայրենիք և ստանձնում  «Հայ ասպետ» հեռուստանախագծի համակարգող- տնօրենի պաշտոնը:

Աշխատանքին զուգահեռ` Մենուա Հովհաննիսյանը հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը:

2016թ.  ապրիլին կամավորագրվելով հայրենիքի պաշտպանությանը՝ մեկնել է Արցախ՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից սանձազերծված Քառօրյա պատերազմին: Արցախում ծառայելով շուրջ մեկ ամիս, վերադառնում է Երևան հաստատակամ որոշմամբ՝ պետք է հետախույզ դառնա:

Մենուան երազում էր մեծ ու գեղեցիկ տուն ունենալ, սեփական այգիով, որ երեկոյան մոր ու զավակների հետ հող մշակի: Երազանքի հետքերով քայլելով՝ 2013թ. դեկտեմբերի  16-ին Մենուան ամուսնանում է Թամարա Կոստանդյանի հետ: 

Նրանք 2 երեխա են ունեցել։ Առաջնեկի անունը Սարդուր է, իսկ աղջկա անունը՝ Արինա:

2020թ. սեպտեմբերի 27-ին հայրենի երկրի դարպասներն անառիկ պահելու համար շատ շատերի հետ Արցախ է մեկնում նաև Մենուա Հովհաննիսյանը:

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանը  Երկրապահ կամավորների միություն ընդգրկվելուն պես 6 ամիս կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել:

2020 թվականի սեպտեմբերի 28-ին Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար, մեկնել է Արցախ։ 

Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։ 

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ 1 ժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև  33-ամյա Մենուան։

Հայրենիքին անձնվիրաբար նվիրվելով, Մենուան զոհվեց հանուն հայրենյաց սիրո, այն գիտակցումով, որ հետնահանջի իրավունք չունեն։ Քաջի մահով ընկնելով, Մենուան ևս միացավ անմահների երամին և իր կատարած սխրանքին համապատասխան արժանացավ Արցախի հերոսի կոչման՝ ստանալով Ոսկե Արծիվ շքանշան։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2020թ․ հոկտեմբերի 21-ին Մենուա Հովհաննիսյանն արժանանում է Արցախի հերոսի կոչման։

Մենուա Հովհաննիսյան

Մենուա Հովհաննիսյան

1985-12-22 - 2020-10-05