Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Մհեր Հովակիմյան

Մհեր Հովակիմյան

2000-02-09 - 2020-09-28

Մհեր Աշոտի Հովակիմյանը ծնվել է 2000 թվականի փետրվարի 9-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

2007 թվականից Մհերը հաճախել է Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց, որին զուգահեռ հաճախել է Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոց՝ նկարչության բաժին (2011-2015)։

2016 թվականին ընդունվել է Երևանի Մանուկ Աբեղյանի անվան ճարտարապետական համալսարանին կից ավագ դպրոց։ Այստեղ էլ ի հայտ է եկել Մհերի սերը դեպի արվեստը։ Հաճախ էր նկարում, և իր ամեն աշխատանքում թաքնված էր սերը. սերը դեպի ընտանիքը, ընկերները, կյանքը, հայրենիքը, որն էլ դարձավ վերջինը սերերից։

2019 թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական համալսարան, որպես ապագա ճարտարապետ։ Նույն թվականի հուլիսի 17-ին զորակոչվել է հայոց բանակ և ծառայել Լուսակերտում։ Գերազանց տիրապետելով զենքին, ստացել է կրտսեր սերժանտի կոչում և 6 ամիս անց տեղափոխվել Արցախ Մարտակերտ ինտերնատ։ Ստացել է խրախուսական պատվոգրեր, արիության մեդալ։ Մհերն իրեն համարում էր հայրենիքի զավակ, հպարտ էր կրում զինվորի իր համազգեստը։ Մի շարք ծրագրեր ուներ, նպատակներ ու ամեն օր նոր ծրագրեր էր ստեղծում։ Պիտի գար ու պիտի ապրեր, այդպես էր խոստացել, ցավոք 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Մհերի ծրագրերը դարձան հիշողություններ հարազատների համար։ Զոհվեց կատարելով կյանքի վերջին սխրագործությունը։ Նախքան կհասցներ մտածել ապրելու մասին, նկատեց անօդաչու թռչող սարքը, որը դեպի իրեն էր գալիս։ Հրամայեց մարտական ընկերներին թաքնվել, հոգաց որ բոլորն ապահով լինեն, ինքը չհասցրեց թաքնվի, կասետային հարվածներ ստացավ թիկունքին։ Հայացքը հավերժ սառած մնաց տուն տանող ճանապարհին։

Մհերն անչափ բարի էր, անսահման մաքուր սրտով։ Տան կրտսերն էր, բայց այնքան զուսպ էր, այնքան հավասարակշռված։ Ցանկացած դժվարություն տանում էր լուռ, անձայն, ինքն իրեն ու շրջապատին համոզելով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կյանքի գնով էր ամեն ինչ պահում, դրա համար էլ մեծ էր շրջապատը, բոլորը հավատում ու վստահում էին, կյանքի գնով պահեց նաև հայրենիքը, ինչի համար էլ հերոսի կոչում ստացավ։

Մհեր Հովակիմյան

Մհեր Հովակիմյան

2000-02-09 - 2020-09-28