Ծնվել է 2001 թվականի հուլիսի 29-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Սովորել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում,այնուհետև ուսումը շարունակել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, իսկ հետո ուսանել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ընտրելով հեռակա բռնցքամարտի բաժինը: Նա դեռ առաջին դասարանից աչքի է ընկել ուժեղ ֆիզիկական տվյալներով, մասնակցել է մի շարք օլիմպիադաների, հաճախել ֆուտբոլի, եղել բասկետբոլի թիմի ավագ: Բռնցքամարտում ունեցել է բազմաթիվ հաջողություններ, ստացել է բազում մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր: Գեղաշենի համայնքապետ Տիգրան Հակոբյանի և համայնքի բարերարների կողմից կատարվել է Նարեկի երազանքը և իր անունով բացվել է մարզասրահ։
Ինստիտուտում մի կիսամյակ սովորելուց հետո ՝ 2020թ-ի հունվարի 31-ին զորակոչվել է բանակ և իր ծառայությունն է անցկացրել ԱՀ Հադրութի շրջանում: Ծառայությունն անցել է գերազանց: Շատ մեծ սիրով է ծառայել ու երբեք չի բողոքել: Եղել է լավագույն զինվոր, հոյակապ տիրապետում էր զենքին՝ լինելով վաշտի ավագ հրաձիգը, ստացել է լավագույն մարզիկ մեդալը:
Նարեկը ութ ամսվա զինվոր էր, երբ սկսվեց պատերազմը: Նա սեպտեմբերի 23-ին եկել էր Հոկտեմբերյան սերժանտական դասերի մասնակցելու նպատակով: Սեպտեմբերի 27-ին ՝ երեկոյան, թաքուն, առանց ինչ-որ մեկի իմացության, կամավորագրվել և իր իսկ կամքով մեկնել է առաջնագիծ: Առաջարկել են մնալ Խոջալույում ու հսկել պահեստները, սակայն բոլոր նրան լավ ճանաչողները գիտեին՝ որտեղ իր ընկերները, այնտեղ էլ՝նա: Հանդիպում և կռվում է Նուբարաշենի հատուկ ջոկատային տղաների հետ Ջաբրահիլում: Մասնակցել է լինելիք բոլոր թեժ մարտերին: Եղել է Հադրութում, Վարանդայում, Ասկերանում , Գիշում, Մարտունի 2,3-ում՝ բազմաթիվ անգամներ լինելով շրջափակումների մեջ: Միշտ առաջ է նետվել, ստիպել է անգամ ՇՏԱՊ օգնության մեքենայով իրեն բարձրացնել դիրքեր, այն դեպքում, որ հնարավոր էր մեքենան շատ հեշտ ոչնչացվեր: Լինելով շատ անվախ կրակահերթերի տակ հագուստ է հասցրել տղաներին, թեժ կռիվների ժամանակ բարձրացրել է ընկերների մարտական ոգին։ Միշտ հանգստացրել է բոլորին ՝ վստահեցնելով ,որ ամեն բան լավ է լինելու:
Հոկտեմբերի 31-ին հերթափոխով իջել են դիրքերից, որպեսզի մի փոքր հանգստանան: Այն ինչ իմ Նարեկի հանգստությունը երկար չի տևել: Մարտը շատ թեժ է եղել և հրամանատարը օգնության է կանչել ներքևում գտնվող տղաներին: Բոլորից առաջ է նետվել Նարեկս, ի համաձայն իր համառ բնավորության։ Վերջին անգամ եղել է Մարտունի 2-ի Կամար դիրքում, որը հանդիսացել է Մոնթեի դիրքը: Ծնողներին զգուշացրել է, որ ինչ էլ լինի պահելու են դիրքը: Մնացել է իր խոստմանը հավատարիմ ու կյանքի գնով պահել է դիրքը:
Մարտական գործողության ժամանակ օգնության է հասել վիրավոր ընկերներին և վերջին վիրավոր ընկերոջը դուրս բերելու ժամանակ անմահացել է ԱԹՍ-ի հարվածից պատերազմի 35-րդ օրը՝նոյեմբերի 1-ին՝ ոչ մի անգամ չպատմելով ու չպարծենալով իր հերոսություների մասին: Ընկերները փորձել են փրկել իր կյանքը բայց բոլոր դիրքում գտնվողները զոհվել են:
Հուղարկավորվել է նոյեմբերի 29-ին հայրենի գյուղի գերեզմանատանը: Հրամանատարներից մեկը նշել է, որ իր տեղը միայն ու միայն Եռաբլուրն է, որովհետև նա իսկական ՀԵՐՈՍ է:
Նարեկը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Գարեգին Նժդեհ» մեդալով և ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական Ծառայության» մեդալով։
Նարեկը միշտ ասում էր մարդ ավելի լավ է ապրի կարճ բայց իմաստալից և թողնել լավ անուն քան ապրել երկար ու չթողնել իրենից հետո ոչինչ։ <<Կգա մի օր, կմնա մի օր>>:
Նարեկը ունեցել է երեք մականուն ` դպրոցում դասընկերը իր արագավազքի համար կոչել է «Ծիտո», Օլիմպիական քոլեջում կնքել են «Արջ» մականունը իր հզոր ուժի համար, իսկ զորամասում իրեն ճանաչել են Հադրութի «Բոքսո»: