Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Նարեկ Սերոբյան

Նարեկ Սերոբյան

2001-04-09 - 2020-10-13

Ծնվել է 2001թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքում։ Սովորել է Րաֆֆու անվ. 36 հիմնական դպրոցում, որից հետո՝ Մանուել Քաջազնու անվ. թիվ 54 ավագ դպրոցում։ Զորակոչվել է բանակ 2019թ․ հոպլիսի 1-ին։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Մինչ տեղափոխվելը Արցախ, ծառայել է Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում։ 2019 թ. դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Պետական Համալսարան ՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։

Նարեկի սերը դեպի հայրենիք շատ ամուր հիմքեր ուներ, հայրենասիրական ոգով էր դաստիարակված, խիզախ էր ու հայրենասեր։ Նրա հայրենասիրության սերը նկատվել է դեռ փոքր տարիքից։ Երկրորդ դասարանում, ընդհամենը 7 տարեկանում, Նարեկը խոսում էր ծովից ծով Հայաստանի, Մասիսը Հայաստան բերելու մասին․․․
Մեջբերում ենք մի փոքրիկ հատված խոսակցությունից <<Մասիսն իմ աչքերով>> ասել է Նարեկը ուսուցչին։
<<Իմ կարծիքով Մասիսն ու Սիսը իրենց մայրիկին կորցրած որբերի են նման։ Նրանք ձեռք ձեռքի տված կանգնել են՝ հայացքներն հառած մայր հայաստանին։ Նրանք շատ մոտ են իրենց մայրիկին, բայց նաև շատ հեռու․․․Ես համոզված եմ, որ Մասիսի հավերժական ձյունը կհալչի այն ժամանակ, երբ միանա իր մայրիկին, փարվի նրան և ջերմությունից կհալչի սառած ձյունը։ Եվ ես դրա համար ամեն ինչ կանեմ, երբ մեծանամ։ Ես Սասունցի Դավթի ուժը կունենամ և Մասիս սարը, կտոր-կտոր կպոկեմ և կբերեմ հայաստան>>։
Նարեկն այնքան սիրեց իր հայրենիքը, որ նրան նվիրեց ամենաթանկը՝ կյանքը, հերոսացավ, խառնվեց հայրենի հողին և դարձավ նրա մի մասնիկը․․․ Սիրահարված էր կյանքին, կյանքը սիրում էր իր բոլոր գույներով։ Ապրած 19 գարունների ընթացքում հասցրեց ավելին,քան շատերը՝ տասնամյակներում։Ուներ բարձր ինտելեկտ,մաթեմատիկական մտածողություն,ճշգրիտ տրամաբանությամբ կարողանում էր շփվել հավասարը հավասարի հետ։ Բարձր առաջադիմությամբ էր սովորում դպրոցում։ Շատ հետաքրաքրասեր, տաղանդաշատ ու խելացի էր Նարեկը,ձգտում էր սովորել ավելին, ինքնակրթվում ու զարգանում էր։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն։ Սիրում էր նաև ստեղծագործել , մտքերն ու խոհերը հանձնում էր թղթին։ Հետաքրքրությունը գրքերի հանդեպ անսահման էր, սիրում էր կարդալ։ Կարդում էր բոլոր ժանրերը, սակայն ավելի շատ հետաքրքրված էր արկածային գրականությամբ։ Ունի նաև գրած փոքրիկ պատմվածքը, «Գոբլինը և իր ընկերները»։ Գրքերի աշխարհում էր ապրում Նարեկը, ընթերցանությունը համարում էր մարդու հոգեկերտվածքը ձևավորելու կարևորագույն գործոն։ Նույնիսկ ծառայության ընթացքում, ծանրոց ուղարկելուց գիրք էր ուզում, այն հարցին թե՝«Ժամանակ ունե՞ս ընթերցելու», -պատասխանում էր. «Մարդ ամեն ինչի ժամանակ էլ կգտնի, ցանկություն է պետք ուղղակի
Աշխատասեր էր, նպատակասլաց, ամեն ինչ հասցնում էր ու համատեղում ։ Հաճախում էր նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոն։ Սովորում էր ծրագրավորման բաժնում, ապագա ծրագրավորող էր։ Ամեն ինչ հասցնում էր Նարեկը, հայկական վիքիպեդիայում կամավորական էր, շուրժ 500 հետաքրքիր հոդվածների հեղինակ էր։ Աչքի էր ընկնում իր կրեատիվ, խելացի մտքերով։ Նարեկը նաև սպորտի մեծ սիրահար էր։ Շախմատիստ էր, պաշտում էր շախմատ խաղալը։ Մասնակցում էր մրցույթների ու հաղթում։ Ֆուտբոլն իր տարերքն էր, գիտեր գրեթե բոլոր ակումբների մասին, ինչպես նաև սիրում էր ֆուտբոլիստների կյանքն ու կենսագրությունը մանրամասնորեն ուսումնասիրել, սակայն չէր բավարարվում միայն ինտերնետային նյութերով, կարդում էր նաև նրանց կենսագրական գրքերը։ Սիրած ակումբը՝ Բարսելոնա, սիրած ֆուտբոլիստը ՝ Մեսսի։ Յուրահատուկ պատանի էր, պարտաճանաչ, պատասխանատու ու շատ տարբերվող, իր առջև դրված ցանկացած խնդիր կարողանում էր լուծել։


Պատերազմի մասին կարդացել էր գրքերից, 2016 ապրիլյան էլ վրեժն արթնացրեց իր մեջ ոսոխի հանդեպ, որովհետև մեծ ցավ էր ապրում 18-20 տարեկան դեռ կյանք չմտած մեր նահատակված հերոսների անունը լսելով։ Այդ ժամանակ դեռ 15 տարեկան էր, ամեն կերպ փորձում էր մեկնել ռազմաճակատ, ուզում էր լինել տղերքի կողքին, երբ ծնողներն ասում էին. «Դու փոքր ես, ինչ ես անելու,որ գնացիր»,- Նարեկն ասում էր. «Տղերքի կողքին կլինեմ, զենք կտանեմ, փամփուշտ կտանեմ, հաց կտանեմ »։ Եվ ահա եկավ Նարեկի վրեժ լուծելու հերթը, այս անգամ ոչ թե որպես զենք տանողի, այլ զենքը ձեռքին թշնամու դեմ կռվողի։ Ամեն անգամ մեծ ոգևորությամբ էր խոսում հայոց բանակից, հպարտանում էր, որ կրում է հայ զինվորի համազգեստը ու զենքը ձեռքին պաշտպանում հայրենիքի սահմանները։ Ծառայեց 14 ամիս խաղաղ երկնքի տակ, իսկ 14րդ ամսի 27-ի արշալույսը խաղաղ չէր: Պատերազմ, չարիք, որը կանգնեց Նարեկի և իր երազանքներ տանող ճանապարհի կենտրոնում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից պատերազմի առաջին հարվածը ընդունել է Նարեկը։ Պատերազմի ընթացքում 16 օր լինելով ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Վարանդայի(Ֆիզուլիի)առաջնագծում պայքար է մղել թշնամու դեմ։ Տիրապետում էր «Կորդ» «СПГ» զինատեսակներին և ճշտգրիտ հաշվարկների շնորհիվ կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները՝ օգնել վիրավոր ընկերներին դուրս բերել մարտի դաշտից, կատարել շատ բարդ մարտական խնդիրներ, Կանգնելով ու նայելով մահվան աչքերին չի լքել իրեն վստահված դիրքը, իսկ հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է ստացել թշնամու ԱԹՍ հարվածից և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին ՝ անմահացել հերոսը։ Բացառիկ բարի,ազնիվ հոգու տեր հերոսը ընկեր էր, մարդ,ով օգնում էր ընկածին բարձրանալ, ով երբեք չէր ծաղրում ու վատը չէր խոսում ոչ ոքի մասին, ով անմնացորդ նվիրված էր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին ու իր գաղափարներին։

Հետմահու պարգևատրվել է «Արիության և խիզախության» մեդալով։

Ձեզ բացակա չենք դնի․ Նարեկ Արմենի Սերոբյան

Մեր հերոսները. Նարեկ Սերոբյան

Ծրագրավորողի վերջին կռիվը

44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Նարեկ Սերոբյանի չկարդացած գրքերի կապոցը նրա հետ է՝ Եռաբլուրում

5 տարեկան Նարեկը, լսելով՝ ինչպես է Մասիս սարը մնացել թուրքերին՝ ասաց, որ Մասիսը Հայաստան է բերելու

«Ոչ ոք չգիտի, թե երբ կիջնի վարագույրը». անմահ հերոս Նարեկ Սերոբյան

Մամ, դու իմ արևն ես, բայց ես ունեմ ավելի մեծ արև՝ առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի․Մերօրյա քաջորդու՝ Նարեկ Սերոբյանի սխրանքի ուղին

Նարեկ Սերոբյան

Նարեկ Սերոբյան

2001-04-09 - 2020-10-13
Ծնվել է 2001թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքում։ Սովորել է Րաֆֆու անվ. 36 հիմնական դպրոցում, որից հետո՝ Մանուել Քաջազնու անվ. թիվ 54 ավագ դպրոցում։ Զորակոչվել է բանակ 2019թ․ հոպլիսի 1-ին։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։