Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Արա Սեդրակյանի և Գյուլնարա Բաղդասարյանի ընտանիքում։ 2007-2016 թվականներին սովորել է Գառնիի համար 1 հիմնական դպրոցում։Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի համար 4 արհեստագործական պետական ուսումնասարան և ստացել է «Ավտոմեքենաների վերանորոգման փականագործ»-ի որակավորում։
2020 թվականի հունվարի 8-ին զորակոչվել է հայոց բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Մարտունի 3-րդ զորամասում։ Մարտունու լավագույն դիպուկահարներից մեկն էր և ծառայում էր «Առանձիններ» խմբում։
Պատերազմի առաջին օրերից շատ խիզախ մարտեր է մղել, հաղթանակած ոգով պայքարել է մինչև վերջ։ Նրան անընդհատ տեղափոխել են այնտեղ, որտեղ իր կարիքն ամենաշատն է եղել։ Դիպուկահար 3 ընկերների հետ միասին անցնելով թշնամու թիկունք և ոչնչացնելով բոլորին, կարողացել են շրջափակումից հանել 70 զինվորի։
Նոյեմբերի 2-ին ծանր վիրավորում էր ստացել կողքի հատվածում, բայց չէր լքել դիրքերը։
Ռաշիդի վերջին զանգը եղավ նոյեմբերի 8-ի առավոտյան,իսկ 8-ի լույս 9-ի գիշերը զոհվեց ինքնաթիռի արկերից։ Արկն ընկնելով հողով ծածկել է Ռաշիդի ամենամտերիմ ընկերոջը՝ Արամին։ Ռաշիդը վազել է; որպեսզի հանի ընկերոջը հողի տակից, բայց ընկել է երկրորդ արկը և երկուսն էլ զոհվել են։
Հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Ռաշիդի մարմինն ամփոփված է Գառնիի զինվորական պանթեոնում։
Արցախի նախագահի կողմից հատուկ հրամանագրով Ռաշիդ Արայի Սեդրակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» շքանշանով։
Ձեզ բացակա չենք դնի․ Ռաշիդ Արայի Սեդրակյան
Դիպուկահար Ռաշիդը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. ինչպես են հիշում նրան հարազատները