Թովմաս Թովմասյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Չորս եղբայր էին, նա երրորդն էր: Սովորել է գյուղի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում, առաջին դասարան գնացել է 1990թ., եղել է հարվածային և ավարտել 2000թ.:
Ապա, նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարան <<Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում. ճանապարհային երթևեկության կազմակերպում>> մասնագիտությամբ և ավարտել 2009թ. ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ:
2001թ. զորակոչվել է ժամկետային զինծառայության` Հադրութ, և զորացրվել է 2003թ.:
Զորացրվելուց հետո՝ զգալով, որ զինվորական լինելն է իր կոչումը, անցել է պայմանագրային ծառայության ՀՕՊ զորքերում և դարձել սպա:
2010թ. Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով:
2011թ. պարգևատրվել է <<ՀՀ զինված ուժեր. 20 տարի>> հոբելյանական մեդալով:
ՊԲ ՀՕՊ զորքերում ծառայել է մինչև 2014թ., ապա տեղափոխվել Հաթերքի զորամաս՝ միաժամանակ ծառայություն իրականացնելով նաև Մռավում: Ծառայել է մինչև 2017թ.:
Մասնակցել է 2016թ. ապրիլյան պատերազմին:
2017թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարան և ավարտել՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, ապա լեյտենանտի կոչումով նշանակվել դասակի հրամանատար:
2018թ. սեպտեմբերին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է <<Վազգեն Սարգսյան>> մեդալով: Իսկ ընդամենը մեկ ամիս անց` հոկտեմբերին, երրորդ եռամսյակի արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և զինվորական օրինակելի կարգապահության համար պարգևատրվել է պատվոգրով:
2019թ. մարտին օրինակելի և բարեխիղճ ծառայության, բարձր պատասխանատվության և ենթակա ստորաբաժանումում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու համար պարգևատրվել է պատվոգրով: Ապա նույն թվականի օգոստոսին ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Իսկ հոկտեմբերին ստացել է պատվոգիր սույն թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, պարտականությունների բարեխիղճ կատարման և զինվորական օրինակելի կարգապահության համար:
Վաստակել է նաև <<Անբասիր ծառայության համար>> I աստիճանի մեդալ:
2020թ. ստացել է հավաստագիր դիպուկահարների դասընթացներին մասնակցելու և լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ զենքը ձեռքին դուրս է եկել թշնամու դեմ եւ ցուցաբերած արիության համար արժանացել Արցախի հերոս բարձրագույն կոչմանը
Պատերազմի ողջ ընթացքում` 44 օրում եղել է տարբեր դիրքերում` <<Եղնիկներ>>-ում, Մռավում, Սղնախում, Շուշիում, Քարին տակում:
Իր ջոկատով բավականին մեծ աշխատանքներ են կատարել <<Եղնիկներ>>-ում. անցնելով հակառակորդի թիկունք՝ լուրջ մարդկային և տեխնիկական կորուստներ են հասցրել: <<Եղնիկներ>>-ից հետո՝ լսելով, որ Մռավում իրավիճակը ծանր է, անմիջապես մեկնում են այնտեղ, ապա Սղնախ՝ Չախմախ կոչվող տեղամաս:
Վիրավորվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: