Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Իմ որդին․ պատմում է Լևոն Լևոնյանի հայրը

Մայիսի 20, 2022

Իմ որդին՝ շարքային Լևոն Լևոնյանը, շատ էր սիրում իր հայրենիքը և նվիրված էր նրան։ Երբեք իրեն չէր պատկերացնում հայրենիքից հեռու ապրելուց՝ սովորում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ցանկանում էր դառնալ զինվորական քննիչ, ամուսնանալ, զավակներ ունենալ և իր ապագան ցանկանում էր կառուցել միայն հայրենիքի ներսում։  Դրա «մեղավորները» ես և կինս ենք եղել, այդպես ենք դաստիարակել։ Թեպետ հայրենիքից հեռու ապրելու բազում հնարավորություններ ենք ունեցել, մեզ ճանաչողները լավ գիտեն։

Որդուս հայրենիքի հանդեպ ունեցած սերը և նվիրվածությունն արտահայտելու ևս մեկ հնարավորություն ընձեռնվեց, երբ նա զորակոչվեց հայոց բանակ։ Թվում էր, թ երկու տարին կանցնի կգնա, ինչպես բազում զինվորների համար նախկինում, բայց...

Հայրենիքը հայտնվեց փորձության մեջ, նրա դեմ սանձազերծվել էր պատերազմ։ Հայրենիքը կարիք ուներ իր նվիրյալների, որոնցից մեկը՝ Լևոնս էր։

Եվ նա կռվեց հանուն հայրենիքի։

34 երկար ու ձիգ օրեր կռիվ տվեց։ Սկզբում՝ Ակնայում (Աղդամում), հետո արդեն՝ Կարմիր Շուկայում և «Դժոխքի ձորում»։

Լևոնս՝ որպես ականանետավոր, Մարտունի 3 զորամասի, 2-֊րդ գումարտակի, Ականանետային դասակի կազմում, խոցել է թշնամու զրահատեխնիկա՝ տանկ, ԱԹՍ, ավտոտեխնիկաներ և ոչնչացրել հակառակորդի զգալի չափի կենդանի ուժ։ Լևոնիս մարտական ուղու մասին տեղեկություններն ինձ հայտնի են, ինչպես՝ պատերազմի օրերին որդուս հետ զրույցներից, այնպես էլ՝ նրա դասակի ծառայակիցների պատմածներից։

Որդուս դասակի բարձր մարտունակության, ցուցաբերած արիության և հերոսության ցուցիչն եղել է այն, որ պատերազմի ամենաթեժ պահին, արդեն համեմատական հանգիստ Ակնայից, դասակը 22.10.2020թ.-ին հրաման է ստացել տեղափոխվելու Կարմիր Շուկա՝ թշնամու արագ առաջխաղացումը «Դժոխքի ձորում» կասեցնելու համար։

Պատերազմի ընթացքին հետևողները կհիշեն «Դժոխքի ձորից» այդ օրերի հայտնի  այն կադրերը, որտեղ ցուցադրվում և պատմվում էր թշնամու զրահատեխնիկայի և ավտոտեխնիկայի շարասյան, ինչպես նաև զգալի կենդանի ուժի ոչնչացման մասին։ Դա նաև Լևոնիս դասակի գործողությունների արդյունքն էր։

Բայց ճակատագիրը դաժան գտնվեց Լևոնիս նկատմամբ՝ բախտ չվիճարկելով կենդանության օրոք վայելելու իր սխրանքների և հերոսության արդյունքները...

Թշնամու ԱԹՍ-ները թիրախավորել էին պատերազմում թերևս լավագույն ականանետային (120մմ տրամաչափի ականանետ) դասակներից մեկը, ինչի հետևանքով 30.10.2020․–֊ին իմ Լևոնը զոհվեց... Միայն նա զոհվեց, իր վրա վերցնելով 20 հոգանոց դասակին հասցված հիմնական հարվածը․․․

Նյութը` Կարեն Լևոնյանի ֆեյսբուքյան էջից։