Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Նահանջի ժամանակ 300 հոգուց ողջ էր մնացել 120-ը. շտապ օգնության մեքենայի վարորդ Դավիթ Սարգսյան

Մայիսի 20, 2022

Դավիթ Սարգսյանը պատերազմի օրերին Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակում ժամկետային զինծառայող էր: Երկրորդ դասակի «Ուրալի» վարորդն էր։ Սեպտեմբերի 27-ին` պատերազմի առաջին օրը, Թալիշում թշնամին խոցում է «Ուրալը», նա միանում է հետեւակին: 44-օրյա պատերազմի կեսից շտապ օգնության վարորդ է դառնում և բժիշկ Տիտան Ասատրյանի հետ մինչև պատերազմի վերջին օրերը մարտի դաշտից դուրս բերում վիրավորների։

Պատերազմի օրերի մասին զրուցել ենք Դավիթ Սարգսյանի հետ: 

Ո՞րն էր պատերազմի օրերին ամենածանր ուղղությունը շտապ օգնության համար:

Շուշին։

Ո՞ր օրվանից սկսեցիք աշխատել Շուշիի ուղղությամբ, կոնկրետ որտեղի՞ց էիք վիրավորների դուրս բերում:

Նոյեմբերի 5-ին Բալուջայից բարձրացել ենք Շուշիի ուղղությամբ, երեք «ՈւԱԶ»-ով. մեկը մեր շտապ օգնության մեքենան էր, երկուսում էլ դեսանտագրոհային դասակներն էին՝ դասակի հրամանատարներ Վրեժ Մանուկյանի և Արման Զաքարյանի  հրամանատարությամբ։ Ժամը հինգի կողմերը հասանք Շուշի-Քարին Տակ տանող ճանապարհի խաչմերուկ։ Ճանապարհը հակառակորդի կրակահերթի տակ էր, բայց մեքենաներով դեռ մուտք ու ելք անել լինում էր. բաց էր ճանապարհը մինչև Քարին Տակ իջնող ճանապարհի սկիզբը։

Առաջին օրը, որ եկաք, Շուշիի ճանապարհին ի՞նչ վիճակ էր:

Երբ հասանք Շուշիից Քարին Տակ տանող խաչմերուկի մոտ, 250 հոգի կար այնտեղ, չանցած 20 րոպե` արկից ունեցանք վիրավորներ, շտապ օգնության մեքենայով տարել ենք Ստեփանակերտի հոսպիտալ, հետ ենք եկել վիրավորների հաջորդ խումբն ենք տարել, հրազենից, արկերից վիրավորներ կային, դիմացի բլրի հրետակոծությունից ամեն մոտավոր 15 րոպեն մեկ վիրավոր ունեինք, հասնում էինք, վիրավորներին առաջին օգնություն էինք ցույց տալիս, պատգարակով բերում էինք մեքենայի մոտ, էնտեղ սիստեմա, տրամադոլ, ցավազրկող էինք տալիս, առաջինը պետք էր արյունահոսությունը դադարացնել, մինչև Ստեփանակերտի հոսպիտալ հասցնելը։ Հոսպիտալից ճշտում էինք` ճանապարհը բա՞ց է, թե փակ, կապը շատ վատ էր, կոնկրետ բան ոչ ոք չէր ասում, գնում էինք յաբախտի, տեսնում էինք` տանկերը կարում էին անցնել, մենք էլ էինք անցնում։

Ամեն անգամ քանի՞ վիրավոր էիք կարողանում դուրս բերել Շուշիի ճանապարհից: 

Առաջին օրը՝ նոյեմբերի 5-ին, Շուշիի ճանապարհից կարողացել ենք երթ անել, վիրավորներին տարել ենք Ստեփանակերտ ու հետ եկել, նորից տարել, և այդպես` երեք անգամ, հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին, նույնպես երեք անգամ տարել, հետ ենք եկել, էդ օրը, որ հետ եկանք նորից Շուշիի ճանապարհ, էլ չկարողացանք դուրս գալ։ 

Մեր բանակի շտապ օգնության մեքենաները ՝ «ՈւԱԶ»-ները, անհարմար են, մի պատգարակից ավել չէր լինում դնել մեջը, գլխից վիրավորներին պետք էր պառկած տանել, բայց ամեն գնալուց մոտ 7 տարբեր ծանրության վիրավորներ էինք տանում, մեկը մեկի վրա, դռներն էլ չէին փակվում, հրետակոծության տակ էլ պետք էր քշել ինչքան հնարավոր է արագ։ «ՈւԱԶ»-ով վիրավորներին տանում էինք, հետ գալուց զինամթերք, ջուր, սնունդ բարձած հետ էինք գալիս, էդ օրերին էդտեղ ոչինչ չկար, մի քանի անգամ ԲՄՊ (Հետևակի մարտական մեքենա, խմբ․) է եկել` սնունդ, զինամթերք բերող, բայց մոտ 300 մարդ կար էնտեղ, սոված-ծարավ։ 

Վերջին անգամ ե՞րբ կարողացաք մտնել Շուշիի ճանապարհ:

Նոյեմբերի 6-ին, գիշերը ժամը 2-ի կողմերը որ ճանապարհից վիրավոր հավաքեցինք Շուշի քաղաքի միջով՝ Ղազանչեցոց եկեղեցու դիմացով դուրս եկանք, հասցրինք Ստեփանակերտի հոսպիտալ։ Հոսպիտալում մի կես ժամ մնացինք, ասեցին ճանապարհը փակ է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներով ինտենսիվ կրակ է վարում, ճանապարհով մեքենաներ չեն կարող անցնել։ Տիտանի հետ խորհրդակցեցինք, որոշեցինք գնալ` ինչ էլ լինի, տղերքին հասնել։ Շուշիի միջով արդեն չէր լինում գնալ,  ներքևի ճանապարհով մտանք, բայց արդեն դուրս չկարողացանք գալ։ Քարին Տակից որ բարձրանում է քաղաք՝ Շուշի գրած տրաֆարետի մոտ, կագնեցրինք շապ օգնության մեքենան, էդ հատվածը դեռ չէր դիտարկվում հակառակորդի կողմից։  

Վիրավորներին բուժօգնություն ցույց տվեցինք ու կապվեցինք, որ զրահամեքենա ուղարկեն վիրավորներին տանելու համար, ուղարկեցին մեկ ԲՄՊ, մեջը ութ հոգու դրեցինք, որոնց կարողացան դուրս բերել, մնացած վիրավորներին էլ չկարողացանք դուրս բերել։

Ի՞նչ մարտական գործողություններ էին իրականացվում Շուշիի ճանապարհին, ո՞վ էր հրամանատարը:

Նոյեմբերի 6-ին երեք տանկ Իվանյանի տանկայինից եկավ Շուշի-Քարին Տակ տանող հատված, էդտեղ ունեինք մոտավոր 300-ի կարգի զինվոր, տարբեր ստորաբաժանումներից, պետք է կազմակերպվեր գրոհ դեպի Քարին Տակ, տանկերը առաջացան, բայց զորքից միացավ ընդամենը մոտ 40 հոգի, տանկերը կային, ամեն ինչ կար, բայց գրոհը չստացվեց, էդ գործողությունը ղեկավարում էր Սեռին (Բաղդասարյան Սերգեյը), մարդ էր ուզում գրոհի համար, ով որ դուխ արեց, միացավ գրոհին, բայց քիչ էին, չստացվեց գործողությունը։ 

Կապի խնդիր կար, ընդհանրապես զորքն իրարից անտեղյակ էր, չգիտեին` ով որտեղ է, օրինակ` եղել է` մեր տանկը պետք է կրակեր աջ, կրակում էր ձախ, մեր զորքի ուղղությամբ։

Մարտերի ինտեսիվությունը, զոհերի, վիրավորների ծավալն ի՞նչ չափի էր:

 Նոյեմբերի 5-ին, ցերեկը, երբ նոր էինք հասել, 2 ժամում միջինը 3 վիրավոր էր լինում հրազենային կամ հրետանային կրակոցներից, բայց  ժամ առ ժամ կրակի ինտենսիվությունը մեծանում էր, իսկ արդեն վերջին օրը՝ նոյեմբերի 7-ին, երբ աբողջությամբ  դիտարկվում էինք, ամեն հրետանային կրակոցից ունեինք մոտավոր 4 վիրավոր, 2 զոհ, իսկ կրակոցներ լինում էին ամեն րոպե։ Նոյեմբերի 6-ից ճանապարհով չէր լինում վիրավոր հանել, դեղորայքը  վերջացել էր, նույնիսկ ժգուտ չկար, որ կապեինք, արնաքամ չլինեին, ձեռքներիս տակ ինչ կար, օգտագործում էինք։ Բորդյուրի մոտ՝ համեմատաբար հակառակորդի համար չդիտարկվող մասում, իրար կողք տեղավորել էինք զոհվածներին, մի փոքր հեռու էլ` վիրավորներին, որոնց եթե կարողանայինք հասցնել հոսպիտալ, կփրկվեին։ Շուշիի ճանպարհը եթե կարողանային բացել, էդքան զոհ չէինք ունենա։

Ինչպե՞ս կարողացաք դուրս գալ Շուշիի ճանապարհից, շրջափակումից:

Նոյեմբերի 7-ին սպեցնազը որ գնաց, վիրավորների հետ մնացինք ես և բժիշկ Տիտան Ասատրյանը: Տիտանն իջավ Սեռիի մոտ, որ իմանա՝ ինչ ենք անում, ասեց` միացեք զորքին, նահանջ ենք անում, ու բոլորը շարժվեցին ձորի ներքևով դեպի ավտոլցակայան։ Նահանջից ժամեր առաջ կար մոտ 300 հոգի, բայց արդեն նահանջի ժամանակ ողջ էր մնացել մոտ 120-ը։ Ամեն ընկնող արկից զոհվում էր 3-4 հոգի, կրակում էին նաև դիպուկահարով, ԱԳՍ-ներով (Հաստոցավոր ավտոմատ նռնականետ, խմբ․), ՊԿ-ներով (Կալաշնիկովի գնդացիր, խմբ․)։ 

Զորքի մեջ խուճապ էր, բոլոր կողմերից կրակում էին, չկար հրամանատարություն, էդքան զինվորներից մի տասը հոգի էր մարտ վարում, մնացածը փախնում էին աջ ու ձախ ու զոհվում։ Մեր հատվածում մնացել էին միայն դասակի հրամանատարներ Վրեժ Մանուկյանը ու Արման Զաքարյանը։ Որոշում կայացվեց մոտ 20 հոգով մտնել անտառ, ճանապարհ բացել հիմնական զորքի համար ու դուրս հանել, որոհետև էդտեղ մնալն արդեն նշանակում էր զոհվել։ Իջանք անտառ, սկզբից՝ մի 6-7 հոգանոց խմբով։ Ձորի մեջ մոտ 70 հոգանոց խումբ նկատեցինք, մենք ավոմատներով էինք, ամեն մեկիս մոտ չորս պահեստատուփ  ու նռնակներ, հարմար դիրք զբաղեցրինք ու սկսեցինք մարտ վարել։ Էդ խմբից մոտավոր 90 տոկոսին ոչնչացրել ենք, մնացածն էլ փախան։ Մոտներս մնացել էր մի 5 րոպե մարտ վարելու փամփուշտ, էլ մարտի մեջ չէինք կարող մտնել, հակառակորդի մնացած խմբերին շրջանցել ենք։ Նոյեմբերի 8-ի լուսադեմին՝ 4-ի կողմերը, հասանք Կրկժան, էդպես դուրս եկանք շրջափակումից։

Տեսանյութը՝ այստեղ

hetq.am