Մա՛մ, արխային, մունք ուժեղ ընք, մունք հաղթըլանք, լաց չինիս…Արման Աղաջանյանի խոսքերն էին…
Հայրենիքին բազում հերոսներ տված Ճարտարը սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Աղաջանյանների օջախի միակ զավակին՝ Արմանին ճամփեց ռազմաճակատ:
Հիմա տան լույսը մարել է. մայրն ընդհանրապես չի համակերպվում կատարվածի հետ, իր Արման որդուն է ուզում, ամեն օր, ամեն օր…
Դպրոցն ավարտելուց հետո Արման Աղաջանյանն ընդունվել է ԱրՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին։ Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Ծառայության ընթացքում նրան շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում։
<<Մա՛մ, արխային, մունք ուժեղ ընք, մունք հաղթըլանք, լաց չինիս>>. պատերազմի օրերին իր մորն այսպես էր սփոփում 19-ամյա կենսախինդ, համեստ ու քաջարի Արմանը։ Մոր սիրտը լի էր տագնապներով, բայց և համոզում ուներ, որ որդին անպայման տուն է գալու… հաղթանակա՛ծ է տուն գալու:
… Եկավ փաթաթված Եռագույնի մեջ։ Դեռ դասընկերների հուշերում չէ, այլ նրանց աչքերի առաջ է Արմանը։ Երբ հավաքվում են` իսկույն պատմություններ են հիշում, մեծ ոգևորությամբ պատմում, աջ ու ձախ են նայում՝ Արմանն ո՞ւր է… բայց չեն գտնում։
<<Վերջին զանգի սկավառակն էի ուզում դիտել։ Սկզբի մասում մեր նկարներն էին, նայեցի։ Առաջ եմ տալիս, որ գեղարվեստական մասը նայեմ։ Արդեն սկսվել է միջոցառումը, դասղեկը բոլորին բեմ է հրավիրում…Պողոսյան Հրանուշ, Աղաջանյան Արման… Իսկույն անջատեցի տեսանյութը>>,- հուզված ասում է դասընկերուհին՝ Շուշանը։
2020 թ. հոկտեմբերի 23-ին Ավանում հրետանավոր, կրտսեր սերժանտ Արման Աղաջանյանը իր ծառայակից ընկերների հետ հակառակորդի օդուժի ռմբահարումից էր մահացու վիրավորում ստացել:
Ամբողջ Ճարտարը՝ մեծով-փոքրով, սգում էր հարազատ որդու կորուստը։
Նյութը՝ hayzinvor.am-ից