Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ժորա Մարտիրոսյան

Հունիսի 10, 2022

Հունիսի 10-ին, Երևանում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դահլիճում  հիշատակի ու մեծարման  երեկո էր: Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ժորա Մարտիրոսյանի երկնային ծնունդն էր:

Դահլիճում էին հավաքվել հերոսածին մայրեր, հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից: Մեծարման երեկոն կրում էր «Երկրի վրա» խորագիրը, այն երկրի, որի համար Ժ. Մարտիրոսյանն ու նրա նման հազարավոր քաջորդիներ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի լինելիության նվիրաբերեցին Աստծո կողմից տված ամենաթանկը՝ կյանքը: Ու իզուր չէ, որ  «կյանքս՝ կյանքիդ համար» խոսքերը այսօր ամեն մի լեգենդ դարձած զինվորի ընտանիքում դարձել է պատգամ:

Ներկայացման բեմադիրիչը Սարգիս Միրզոյանն է,  իսկ պիեսի հեղինակը՝ Լիլիթ Մովսիսյանը: Ներկայացմամբ փայլուն հանդես եկան Երևանի թատրոնի, կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» սաներ Հայկ Մինասյանը, Մարինա Մելքոնյանը, Աստղիկ Բադալյանը, Նարե Գրիգորյանը, Լևոն Սահակյանը, Արաքսյա Զատիկյանը, Մարալ Գասպարյանը և էլի շատ շատերը:

Ներկայացումից հետո հերոսածին մայրերը մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու այնտեղ հանգչող առյուծ ու արծիվ հերոսներին, որտեղ ծաղիկներ են խոնարհելու ու կատարելու են խնկարկում:

Ժորա Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 10-ին։ 2019 թ. հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։ 19-ամյա հերոսը տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել է Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։

Ցավոք, 2020 թվականի հոկտեմբերի 22-ի ահեղ մարտերի ժամանակ Ժորա Մարտիրոսյանը հերոսի մահով զոհվում է՝ մինչև վերջին շունչը միայնակ չթողնելով իր զինակից ընկերներին։    

  shamshyan.com