Իր նոթատետրի վերջին էջում գրել էր. Դուք դեռ իմ մասին կլսեք… 19-ամյա հերոս Գարիկ Կիզիրանցի մոր պատմությունը
«Գարիկը հետաքրքրասեր էր, պրպտող ու ամեն հարցում արդարամիտ»,- այսպես է արցախյան պատերազմում զոհված որդուն նկարագրում Գարիկ Կիզիրանցի մայրը՝ Լուսինե Մարությանը:
«Ըմբոստ էր, ճիշտը առաջ տանող. Գարիկս իրեն միշտ դրսում էր տեսնում… Նյու Յորքը իր սիրած քաղաքն էր, երազում էր ճանապարհորդել բոլոր երկրներով: Ամեն բան լուսանկարում էր, հետաքրքիր էֆեկտներ էր տալիս: Ամեն ինչում առաջինն էր, բազմակողմանի զարգացած:
Իմ տղային այսպես եմ հիշում՝ միշտ շտապում էր, անընդհատ ինչ-որ փնտրտուքների մեջ էր, չկար մի բան, որ խոսեիր, ու Գարիկը չգիտենար դրա մասին:
Գիշերը որ ժամին արթնանայի, Գարիկը նստած էր, ասում էի՝ Գար, մի քիչ քնի, ասում էր՝ մամ, դեռ էնքան կհասցնեմ քնել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գարիկ Կիզիրանցի մայրը:
Կրտսեր սերժանտ Գարիկ Կիզիրանցը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2000թ. հունիսի 6-ին:
Տասը տարի ապրել է Մոսկվայում, 2019թ.-ին վերադարձել է Հայաստան, որպեսզի զորակոչվի բանակ, կամ ինչպես ինքն է ասել՝ հայրենիքին պարտքը տալու:
«Գարիկը ծառայության ընթացքում ավելի հասուն էր դարձել, ավելի խելացի: Ծառայությունը սկզբում Լուսակերտի զորամասում է անցել, չէր բողոքում ծառայությունից: Մոտ էր մեզ, շաբաթ-կիրակի գնում տեսնում էինք, կամ ինքն էր մի քանի ժամով գալիս, երբ Լուսակերտում էր ծառայում: Երբ տեղափոխեցին Հոռաթաղ, միանգամից հարմարվեց ծառայությանը, նա դժգոհել չգիտեր:
Պատերազմի սկզբի օրերին Հոռաթաղում է կռվել, հետո տեղափոխել են Մարտունի, Մարտակերտ: Որդիս 43 օր տարբեր ուղղություններով է կռվել թշնամու դեմ»,- պատմում է տիկին Լուսինեն:
Հրետանավոր Գարիկ Կիզիրանցը մասնակցել է Մարտակերտի ու Մատաղիսի պաշտպանությանը: Հոկտեմբերի 15-ին Մարտունի տեղափոխվելով՝ Գարիկը մասնակցել է Ճարտարում և Գիշիում մղվող թեժ մարտերին: 43 օր թշնամու դեմ կռիվ տված Գարիկի ճիշտ հաշվարկների շնորհիվ ոչնչացվել է թշնամու մեծաքանակ զինտեխնիկան ու մարդուժը: Գարիկը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ Գիշիում զինակից ընկերներին թաքստոց գնալու հրաման տալու ժամանակ:
«Ամսի 8-ին զանգել էր, հերթով բոլորիս հետ խոսեց, և դրանից 2-3 ժամ հետո դեպքը տեղի է ունենում:
43 օր վախը սրտերումս է եղել, Գարիկի ամեն զանգից հետո ապրել ենք: Ասում էր՝ գիտեք ինչե՜ր ենք անում, կգամ ամեն ինչ կպատմեմ:
Պատերազմի օրերին, երբ խոսում էինք հետը, ուրախ էր, ծիծաղում էր, որ մենք լացում էինք կամ անհանգստանում: Մեզ սփոփում էր, ասում, որ չվախենանք, իր տեղը ապահով է: Գարիկը էնքան խելացի էր, մենք չէինք հավատում, որ չի կարողանա էդ իրավիճակից դուրս գալ:
Հայրենիքի գինը ամենալավը ինքը իմացավ, ամենաթանկը վճարեց: Որդիս մինչև վերջ հավատարիմ է մնացել զինվորական երդմանը՝ չխնայելով երիտասարդ կյանքը հանուն հայրենիքի, ուր է թե հանուն հայրենիքի ապրեր:
Էնքան երազանքներ ու նպատակներ ուներ… ուզում էր ճանաչված մարդ դառնալ: Իր նոթատետրի վերջին էջում գրել էր. «Դուք դեռ իմ մասին կլսեք…»: Երազում էր գիրք գրելու մասին»,- ասում է հերոսի մայրը:
Տիկին Լուսինեն ասում է, որ պատերազմը իրենց համար դեռ չի ավարտվել:
«Մենք մնացել ենք նոյեմբերի 8-ում, ու ոչ մի կերպ չի ստացվում առաջ նայել՝ առանց Գարիկի: Մեր կյանքը կանգ է առել նոյեմբերի 8-ում:
Ես իմ տղայով միշտ եմ հպարտացել, հիմա հերոս բառը չի սփոփում ինձ: Գարիկը միշտ է իմ հերոսը եղել ու մինչև կյանքիս վերջ կմնա իմ հերոսը:
Ամեն ինչ փոխվել է, և ոչինչ չի կարող առաջվանը լինել, կամ առանց Գարիկի լինի այն կյանքը, որով ապրել ենք:
Գարիկից հետո էլ կյանք չկա… հիմա ինձ միակ ապրեցնողը Գարիկիս հուշերն են ու իմ մեծ տղան»:
Տիկին Լուսինեն ապրեցնող հույս ունի, որ ավագ որդու միջոցով իր Գարիկը կվերածնվի, բայց ասում է՝ կլինի՞ արդյոք Գարիկիս նմանը. ինքը բացառիկ տեսակ էր:
Գագիկ Կիզիրանցը պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար հետմահու արժանացել է կառավարական պարգևների: