Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Պատանի փիլիսոփան. Վարդան Ամալյան-զինվորի անմահության ճանապարհը

Հունիսի 15, 2022

…Նա ծնվեց իր նախնյաց՝ Մշո Էրգրի պատկերը հոգում: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի և երգչուհի Արմինե Ամալյանի առաջնեկն էր: Ժառանգեց իր պապիկի ու Շուշին ազատագրած հերոսի՝ Վարդան Ստեփանյանի (Դուշման) անունը: Փոքրիկի՝ Վարդանի հետ ծնվեց ազգի պայքարն ու հույսը մարմնավորող ոգեղեն երգը՝ «Օրորցային»-ը…

Իմ մանկիկի լացի ձայնը թող բերի կրկին,

Բարի ծնունդ ու ավետիս Հայոց աշխարհին,

Քեզ, մանչուկս, կոչեմ Վարդան՝ պատվին Հերոսի,

Թող քեզ համար դառնա պատգամ կանչն Ավարայրի...

Երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ: Այստեղ նկարահանված լուսեղեն մանկիկը Վարդան Ամալյանն էր: Հետո նա մեծանալու էր ազգանվեր ու հայարմատ մարդկանց շրջապատում: Լսելու էր մերօրյա հերոսների մասին կենդանի զրույցներ, որոնք հիմա անմահացած հերոսների զորամասում՝ Եռաբլուրում են: Հենց վաղ մանկուց երևում էր Վարդան Ամալյանի հոգեկերտվածքը և մտահորիզոնը:

Մայրը՝ Արմինե Ամալյանը, հիշում է.

-Վարդանին հայրը հաճախ էր տանում Եռաբլուր: Տարիներ առաջ Եռաբլուրում միասին քայլելիս են եղել: Հորը՝ Դավիթին, իր թոթով լեզվով ասել էր.

-Հոպարները խոսում են, մենք չենք լսում...

Զարմացել էինք, որ ընդամենը երկուսուկես տարեկան երեխան արդեն նման ընկալում ուներ:

…Վարդան Ամալյանն անմահացավ Արցախյան երրորդ պատերազմում՝ Շուշիի համար մղվող ծանր մարտերում: Այժմ նա Անմահների գնդում է`Եռաբլուրում՝ հենց Դուշման Վարդանի կողքին… Ամանորի գիշերը Եռաբլուրում ազգը ոգեկոչում էր մեր հերոսներին: Ու աշխարհում չկա ավելի ազդեցիկ երգ, քան որդեկորույս մոր երգն է: Արմինե Ամալյանը կատարում էր ամուսնու գրած հենց այն երգը, որով փոքրիկ Վարդանին օրորոց էր դրել մի օր…Հերոսի մոր խոսքերը դաջվում են հոգումս:

- Եվ այդ երգի բառերը, որ, ասես, եկել էին տիեզերքից, դարձան նրա ճակատագիրը…

Նա փնտրեց բարին ամենուրեք

Վարդան Ամալյանի մասին միշտ խոսում են ներկա ժամանակով:

Իմ առջև հերոսի մայրն է՝ Արմինե Ամալյանը՝ իր զսպված, մեղմ ժպիտով, որի մեջ այնքա՛ն ցավ կա: Ու որքա՛ն ուժ է կարողանում գտնել իր մեջ, որ նորից բեմ բարձրանա, ներկայացնի մշակութային արժեքները… Նա սերունդներ է կրթում «Շառլ Ազնավուր» մշակութային քոլեջում:

Արմինե Ամալյանի հետ ամեն զրույցը մի անգիր վեպ է հերոս որդու մասին.

-Ի՞նչ ճանապարհ անցավ Վարդան Ամալյանը: Նրա տարերքը ֆուտբոլն էր ու բավական լավ էր խաղում։ Համատեղության կարգով պատանի տարիքում զբաղվում էր նաև լողով, գնում էր կարատեի, հետո՝ ըմբշամարտ․ մի խոսքով՝ սպորտը նրա տարերքն էր։ Բայց այս ամենի հետ, դեռևս տասը տարեկանից, Վարդանը գրում էր․․․ Տպագրվում էր պատանիների ամսագրերում, նույնիսկ գիրք տպվեց․ 2013-ին «Անդին» ամսագրում տպագրվեց Վարդան Ամալյանի «Մտացրիվ»-ը․ նա ընդամենը 12 տարեկան էր։ Այնուհետև, 2014-ին, նույն «Անդին»-ում՝ «Անվերնագիրը»։ Նույն թվին, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում տպագրվեց նոր գործը՝ «Վարդը, որն աճել էր բետոնի մեջ»։ Իսկ 2016-ին, նրա 15-ամյակին, արդեն տպվեց ամբողջական գիրքը՝ բոլոր, այդ պահին առկա գործերով։

Այսօր, երբ կարդում եմ իր գրածները, թվում է՝ խազագրություն եմ վերծանում,- ասում է հերոսի մայրը: Եվ բացելով փոքրիկ գրքույկը՝ ներկայացնում է պատմվածքներից մեկը՝ «Ինչպես բոլորը գիտեն», որը գրել է 14 տարեկանում: Վարդանը գրել է մի մարդու մասին, որը մահից հետո հայտնվել է հոգիների մաքրազատման լաբորատորիա-գործարանում։ Մի հատված՝ պատմվածքից.

«-Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, և հիշողությունները ջնջվում են լիովին։

-Լսի՛ր, իսկ դա ցավո՞տ է։

-Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն 20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը…»:

Դավիթը, երբ ընթերցել էր այս պատմվածքը, մի ներքին տագնապ էր ապրել: Հարցրեց.

-Վարդա՛ն ջան , ինչու՞ ես սա գրել:

Նա քմծիծաղով նայեց մեզ, ասաց.

-Պա՛պ, դե գրել եմ, էլի…

Հետո նորից կարդացինք պատմվածքը ու սարսռեցինք… Իսկապես, նա ապրեց 19 տարի,- սրտի կսկիծով պատմում է Արմինե Ամալյանը:

Սեղանիս Վարդան Ամալյանի պատմվածքների գրքույկն է, որն ունի անսովոր խորագիր՝ «Անվերնագիր»: Վարդանը ստեղծագործել է ընդամենը 3 տարի ու 15 տարեկանում դադարել է գրել... Նրա գրած պատմվածքները խորհրդավոր ու մեծ ուժ պարունակող, ոչ մեկին չնմանվող պատմվածքներ են: Ի՞նչը կարող էր ստիպել պատանուն արտահայտելու մանկական տարիքից դուրս խոհափիլիսոփայական մտքեր, մտածել Աստծո արարչագործության, մարդկային հոգիների անկատարության, գլոբալիստական ուժերի՝ աշխարհին նետած հոգևոր մարտահրավերների, կյանքի ու մահվան, չարի ու բարու մասին: Այս ինքնատիպ պատանին, որ գուցե պիտի իր խոսքն ասեր որպես փիլիսոփա աստվածաբան, գնաց իր մեծ անվանակցի ճանապարհով, դարձավ հերոս՝ Հայրենիքը լուռ սիրելով: Նրա մտքերը պատգամ են մեզ՝ ապրողներիս: Մի պատառիկ նրա գրվածքներից:

«Այն մտքերը, որ ի հայտ են գալիս իմ ուղեղում, չեն գա ուրիշներին, որովհետև նրանք այդ հիմարությունների կարիքը չունեն: Չգիտես ինչու, երկինք նայելիս (մանավանդ գիշերը) ունենում եմ մի այսպիսի զգացողություն, որ երբեք չեմ ունենա առօրյայում: Նայելով երկնքին՝ դու հասկանում ես, որ կյանքն այնքան էլ այն չէ, ինչ մենք ապրում ենք: Հասկանում ես, որ ամեն ինչ ավելի խորն է , ավելի բնական և անհասանելի: Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչպես է ամեն ինչ առաջացել: Լա՛վ, ասենք թե մենք առաջացել ենք ըստ Աստվածաշնչի, բայց ինչպե՞ս է առաջացել Աստվածաշունչը, Աստված… Մի՛ մտորեք, Նա էլ է ստեղծվել, սակայն ո՞վ է ստեղծել Նրան, ո՞վ է ստեղծել Նրա ստեղծողին և այսպես շարունակ…

Մի՛ անհանգստացեք, մեր հիմար ուղեղը մեզ դա հասկանալու հնարավորություն չի տա, ինչքան էլ որ ջանանք: Բայց ինչպե՞ս կարելի է հանել այն հիմար ապահովիչը մեր ուղեղից…և երբ հանենք, մենք կհասնենք այնտեղ, ուր պետք է հասնեինք միլիարդավոր տարիների էվոլյուցիայից հետո… Մտածեք դրա մասին, չնայած չեք հասցնի… Քանզի կարծում եք, որ ձեր հիմար առօրյան ավելի կարևոր է»:

Վարդան Ամալյանը սա գրել է 2012 թվականին՝ 11 տարեկանում: Նա փոքր տարիքից մինչև անմահության ճանապարհը բարին փնտրեց ամենուրեք: Չհասցրեց նվաճել հոգևոր ավելի մեծ բարձունքներ: Բայց իր սխրանքի ուղով ու փոքրիկ գրքույկով ընդմիշտ նվաճեց Վարդան Ամալյան լինելու կոչումը՝ խոնարհ տեսակով ու խոհերով: Կանխազգու՞մ էր, որ իր երկրային ուղին կարճ է լինելու, և նույն 11 տարեկանում՝ գրելով իր առաջին ստեղծագործությունը՝ «Մտացրիվ»-ը, մեզ է հղում այս տողերը, ինչպես հասուն իմաստուն.

«...Մարդիկ վատ են նայում մահվանը: Մահը կրկին Աստված է: Պարզապես այս անգամ Նա վերցնում է, ոչ թե տալիս… Մահը պարզապես մի պորտալ է, որը մարդու հոգին ձևափոխում է հետագայի համար: Քանի որ այն մարդու կերպարանքը, որի մեջ մենք ապրում ենք, պարզապես խղճուկ դիմակ է»:

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ