Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Ուրբաթ, Ապրիլի 26, 2024

Հորքուր ջան, իմ մաման չի եկել ու հիմա դու ես իմ մաման, վաղը կգա՞ս զինվորական կոմիսարիատ՝ ինձ ճանապարհես

Հունիսի 21, 2022

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Հարություն Պապեյանը ծնվել է 2001թ., սովորել է Արմավիրում, ապա դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ միասին մեկնել ՌԴ։

2017թ. ընդունվում է Միրնի քաղաքի տարածքային տեխնիկական քոլեջի երկրաբանական բաժինը, դրա հետ մեկտեղ յուրացնում է զոդողի մասնագիտությունը։ Շատ է սիրել սպորտը, հաճախել է ձեռնամարտի:

«Ընկերասեր էր, կատակասեր, կամեցող ու խղճով։ Չէր խնայում ոչինչ հարազատներին ուրախ տեսնելու համար։ Մեծ հնարավորություն ուներ ՌԴ-ում շարունակելու ուսումը եւ անցնելու ծառայության հենց այնտեղ, բայց նա ընտրեց իր հայրենիքը»,-ասում է Հարությունի հորեղբոր աղջիկը՝ Նոնան:

Հարությունը 2019 թ. վերադառնում է Հայաստան: 2020թ. հունվարի 16-ին ծառայության է անցնում Իջեւան քաղաքի զորամասում։ Ծառայության անցնելուց հետո որոշում է կայացնում, որ պետք է մնա Հայաստանում եւ շարունակի իր ծառայությունը որպես դիպուկահար:

Գոհարը՝ հորաքույրը կարոտով հիշում է, թե ինչպես է Հարությունին ճանապարհել բանակ. «Ռուսաստանից մենակ էր եկել Հայաստան, որ գնար ծառայության: Հիշում եմ՝ բանակի քեֆի օրը ինձ մոտեցավ, գրկեց ու ասաց` հորքուր ջան, իմ մաման չի եկել ու հիմա դու ես իմ մաման, վաղը կգա՞ս զինվորական կոմիսարիատ՝ ինձ ճանապարհես»:

Առողջական խնդիրներից ելնելով սեպտեմբերի 8-ին նա վիրահատվում է։ Նույն ամսի 20-ին դուրս է գրվում զինվորական հոսպիտալից։ Պատմում են, որ ծառայակից ընկերները զարմացել էին՝ գրեթե չկազդուրված, հետվիրահատական շրջանը դեռ չանցած՝ վերադարձել է ծառայության։ Հարությունն իր ծննդյան օրը զանգահարել է տուն, խոսել քրոջ հետ ու խնդրել, որ իր ամենասիրելի տորթը թխի, ասել է. «Սիրածս տորթը սարքի ու տաք շորեր պատրաստի՝ գալու եմ տանեմ»:

Հարությունի քույրիկը՝ Վիկան պատմում է, որ Հարությունը իր ծննդյան օրը հրամանատարին խնդրել էր, որ մի քանի ժամով թույլ տա գնալ տատիկին ու պապիկին տեսնելու: Հարազատները պատմում են, որ Հարությունին սպասող մեքենան վաղուց դրսում կանգնած էր, բայց նա կարծես չէր ուզում տնից դուրս գար: Անընդհատ ասում էր, որ կարոտել է հարազատներին՝ ուզում է մի քիչ էլ մնա։ Պառկել էր բազկաթոռին ու չէր ուզում գնար, հետո որոշ ժամանակ անց դուրս է գալիս տնից, ժպիտով, բայց տխուր հայացքով հեռանում:

Հոկտեմբերի 17-ին ջոկատով գնում են Արցախ։ Հոկտեմբերի 18-ին արդեն Ջրականում էին, որտեղ մարտեր էին ընթանում: Հենց Ջրականում էլ Հարությունը զոհվում է: «Ոչ մեկը չգիտեր, որ նա Ջրականում է։ Վերջին անգամ խոսել էր եղբորս՝ Սերոժի հետ ու ասել՝ տնեցիքին ասա` ինչքան կարան թող շատ աղոթեն, որ հետ գանք»,- պատմում է Վիկան:

Հարությունի հայրը որդուց օրեր շարունակ լուր չունենալով՝ որոշում է կայացնում ՌԴ-ից վերադառնալ եւ անձամբ գնալ փնտրելու։ Տեւական ժամանակ նրանից որեւէ լուր չունենալուց հետո, գտել են հերոսի մարմինը:
«Հույսով փնտրում էինք, մինչեւ այն պահը, երբ ստացանք ԴՆԹ-ի դրական պատասխանը»,- ասում է Վիկան: