Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Զորիկ Շահրամանյան
Հունիսի 30-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Զորիկ Շահրամանյանի 20–րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ հուշ մեծարման երեկո:
Այդ օրը նաև ընթերցողի դատին հանձնվեց հերոսի մասին նրա մոր կողմից գրված «Արա լեռան Զորիկը» գրիքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, հերոսի մարտական ու դպրոցական ընկերներ, զորամասի սպաներ, որոնք ականատես են եղել 18-ամյա հերոսի մարտական սխրագործություններին:
Միջոցառումից առաջ ելույթով հանդես եկավ հոգևոր հովիվը, ապա ելույթներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Գեղամ Նազարյանը, հերոսի զորամասի սպաները, երգիչ-երգչուհիներ: Թատերական ներկայացմամբ հանդիսատեսին գերեցին Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան դպրոցի սաները:
Միջոցառման և գրքի շնորհանդեսից հետո ներկաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկում կատարեցին հերոսի շիրիմին:
Երեկ մեր հերոսը կդառնար 20 տարեկան:
Զորիկ Վախթանգի Շահրամանյանը ծնվել է 2002թ. հունիսի 30֊ին, Արցախի հանրապետության ք.Ստեփանակերտում։ 2008֊2014թթ. սովորել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1֊4 դասարաններում հաճախել է շախմատի խմբակ և մասնակցել տարբեր մրցույթներին։ 2014֊2018թթ. սովորել է Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում։
2015֊2018թթ. հաճախել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ 2018֊2019թ. սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակաիգ դպրոցում, իսկ 2019֊2020թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 127 միջն.դպրոցը։
Մասնակցել է տարբեր մրցույթներում, «Կենգուրու»-ում՝ 2011, 2012, 2013, 2014թթ.։ Դասարանում ինքը եղել է ամենահամեստ աշակերտներից մեկը, եթե ինչ֊որ առիթ է ստեղծվել տղաների հետ վիճելու, նույնիսկ խառնվել է։
Փոքր տարիքում շատ չար երեխա է եղել, մեծանալով՝ սկսեց ինքն իրեն կառավարել։ 7 տարի հաճախեց Մշակույթի տան «Փայտամշակման» խմբակը, կան իր սեփական գործերից քանդակներ։
Առաջին դասարանում կարատե է այցելել, հետո՝ երեք տարի ֆուտբոլ, այնուհետև էլի մի երեք տարի բասկետբոլ, որտեղ արժանացել է պատվոգրերի՝ 2002֊2003թթ. ծնված պատանիների և աղջիկների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին, առաջին տեղը գրավելու համար (01.05.2014թ), ինչպես նաև ԼՂՀ պատանիների ծնված 2002֊2003թթ. միջև բասկետբոլի Ֆեդերացիայի գավաթի առաջնությունում՝ երկրորդ տեղը գրավելու համար (12.05.2014թ)։ 2002֊2003թթ. ծնված պատանիների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին, առաջին տեղը գրավելու համար (29.04.2015թ), 2001֊2002թթ. ծնված պատանիների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին, երրորդ տեղը գրավելու համար (29.04.2015թ)։
Եվ այս ամենը կիսատ թողեց, չէր ուզում համակարգչից հեռանալ, քանի որ իր սիրած անկյունն է ունեցել, մտնել օնլայն կռվի խաղերի մեջ։ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարի ճամբարական Զորիկ Շահրամանյանը, ներճամբարային շախմատի առաջնությունում (1֊ին կարգ) հաղթող ճանաչելու համար պատվոգիր է ստացել (08.07.2016թ)։ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հրամանատարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնել, որ նրա վարքը և ծառայությունը ճամբարում օրինակ կծառայի գալիք սերունդների համար (05.08.2018թ)։ 2020թ. հուլիսի 4֊ին ընդունվել է Երևանի Ճարտարապետական համալսարանի, ճարտարապետական ֆակուլտետը։
2020թ. հուլիսի 20֊ին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության ԱՀ Պաշտպանության բանակի շարքերում։ 2020թ. օգոստոսի 11֊ին ՊԲ (2 ՊՇ Մարտունի) զորամասում, հանդիսավոր պայմաններում տվել է երդում հայրենիքի առջև, այնուհետև ծառայության անցել ՊԲ (Արա լեռ) զորամաս։
2020թ. սեպտեմբերի 27֊ից Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմադրելու նպատակով ընգրկվել է մարտական գործողություններին, ցուցաբերելով ակտիվ մասնակցությունն Ֆիզուլիի շրջանում։
2020թ. հոկտեմբերի 10֊ին Ֆիզուլիի շրջանում՝՝ Ղարղաբազար տեղամասում, հակառակորդի կողմից հրետակոծվել է իրենց ստորաբաժանման շարասյունը, որի հետևանքով քաջի մահով ընկավ (զոհվեց) մեր հերոս Զորիկը։
Դեպքի օրը՝ հոկտեմբերի 10֊ին, հայրը Զորիկիս մոտ չի եղել, լուրը լսելուց անմիջապես գնաց նրա հետևից։ Սպաները հայտնեցին, որ Զորիկը վիրավորվել է և ուղարկվել է ՀՀ, այդտեղից սկսվեց մեր սև օրերը։ Դիմեցինք բոլոր մարմիններին, միայն մեկ ամսից ԴՆԹ֊ի արդյունքներով գտանք մեր երեխուն:
Զորիկը շատ խելացի, համեստ, զուսպ, համբերատար, անվախ, հայրենասեր, ընկերասեր, նվիրված էր։ Զորիկը իր համեստությամբ և գրագիտությամբ, դպրոցում վայելում էր տնօրինության և ուսուցչական անձնակազմի, իսկ բանակում ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ հրամանատարության սերն ու հարգանքը։
Լավ էր տիրապետում համակարգչային ծրագրերին։ Ծառայության կարճ ժամանակահատվածում սեր և հարգանք է վայելել հրամանատարության կողմից։ Մինչ պատերազմական ժամանակահատվածը հայրը պարբերաբար և անակնկալ այցելություններ է կատարել վերոնշված զորամասեր՝ Զորիկին տեսակցելու նպատակով։
2020թ. օգոստոսի 11֊ին հանդիսավոր պայմաններում երդման արարողության ժամանակ ողջ մասնակից անձնակազմի ծնողներից մասնակցել է միայն Զորիկի հայրը։ 2020թ. սեպտեմբերի 30֊ին մարտական գործողությունների ժամանակ հայրը այցելել է կրակային դիրք և հանդիպել որդուն, որտեղ վերջինս ասել է՝ Պապ ջան, խի՞ ես եկել հասել այստեղ, իսկ հայրը պատասխանել է՝ խի՞ պետք է չգայի։ Առանձնապես վերջին հանդիպումից Զորիկը շատ էր ոգևորվել։
Զորիկը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով (25.12.2020թ.)։
Տեսանյութը՝ այստեղ