Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024
Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024

Սկզբում սպասման մեջ էինք, հույս ունեինք, հետո ամեն ինչ փուլ եկավ․ Երկու ամսվա ծառայություն եւ <<Արիության համար>> մեդալ՝ հետմահու

Հուլիսի 02, 2022

18-ամյա Աբգար Նազարյանը 2 ամիս էր, ինչ ժամկետային ծառայության էր մեկնել Հադրութ, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծված պատերազմը։ Աբգարի ընտանիքին լուրեր էին հասնում, որ նորակոչիկները թաքստոցներում են, անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ Աբգարն առաջին իսկ օրից առաջնագծում է եղել և կռվել թշնամու դեմ։

«Սեպտեմբերի 26-ին Աբգարը երեկոյան զանգեց ու հետո էլ չզանգեց։ Մեզ ոչ ոք ոչ մի բան չէր ասում, մեր ուժերով սկսեցինք փնտրել։ Թեժ գիծ էինք զանգում, ասում էին՝ մեր բազայում տվյալներ չկան, նշանակում է՝ ինքը լավ ա, զոհված չի, ոչ էլ անհետ կորած ա, մենք սպասման ու փնտրտուքների մեջ էինք։ 

Մեզ ասում էին՝ նորակոչիկներն ապահով են, բունկերում, այնինչ հոկտեմբերի 1-ից Աբգարի մարմինն արդեն եղել ա Հերացիում՝ ճանաչելի, բայց մենք գտել ենք հունվարի 4-ին՝ ԴՆԹ-ով»,- հուզմունքով հիշում է մայրը՝ Նաիրա Նազարյանը։

Աբգար Նազարյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին Կարախամբեյլի կոչվող տեղամասում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Աբգարը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Մայրը որդու զինակից ընկերներից որոշ մանրամասներ է իմացել որդու մարտական գործողությունների մասին։

«Սեպտեմբերի 27-ից իրենք կռվել են։ Սկզբում Հադրութի անտառներում են կռիվ տվել, հետո իրանց խմբին ուզեցել են տեղափոխել, Աբգարը մնացել ա, որովհետև վիրավորներ են ունեցել, ասել ա՝ ես կսպասեմ, համոզվեմ՝ վիրավորներին տանում են, նոր կգամ, հետո Աբգարը միացել ա ընկերներին։ Կարախամբեյլի են գնացել, կռիվ մղել, որտեղ էլ ԱԹՍ-ն խփել է»,- նշում է Նաիրան։

Նաիրան ասում է՝ առանց որդու ծանր է ու դժվար․ «Աննկարագրելի զգացողություններ են, սկզբում սպասման մեջ էինք, հույս ունեինք, հետո ամեն ինչ փուլ եկավ»։

Աբգարը Նազարյանների կրտսեր որդին էր, մինչ բանակ գնալը ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգային իրավագիտության բաժին։ Մայրն ասում է՝ Աբգարի երազանքն էր դառնալ իրավաբան և միջազգային ատյաններում պաշտպանել Հայաստանի շահերը։

«Ընդունվեց, բայց չհասցրեց սովորել, միանգամից բանակ գնաց»,- ասում է ու ծանր լռում մայրը։

Աբգարը սիրել է ֆուտբոլը, «Կարմիր արծիվներ» ֆան ակումբի անդամ էր, հավաքականի բոլոր խաղերին երկրպագել է, գիտեր հիմնը, երգում էր՝ պատմում է մայրը։

 

Աբգարը շատ ընկերասեր էր, բարի, արդարամիտ, յուրահատուկ էր ամեն ինչով՝ որդու մասին պատմում է մայրը։ «Յուրահատուկ բաներ էր անում, դպրոցում սովորելիս որոշել էր, որ պետք ա բոլոր ընկերների ծնունդը շնորհավորի, գիշերը 12-ին ընկերոջ հետ գնում-շնորհավորում գալիս էր, բայց սպասելիք չուներ, որ իրան էլ պիտի անեին»,- հիշում է մայրը։

Նաիրան ասում է՝ ամեն պահ որդու հետ զրուցում է, ամեն րոպե զգում է ներկայությունը ու այդ զգացողությամբ շարունակում է ապրել։ 

«Ես իրան զգում եմ ամեն պահ, ամեն րոպե, խանութում իրա սիրած բաներն եմ վերցնում, կարծես ինքն ինձ հուշի, իր հեռախոսի համարը վերականգնեցինք, ինքն այդ համարը շատ էր սիրում: Ես ու ամուսինս միանգամից այդ ցանկությունը հայտնեցինք, բայց հասկացանք, որ դա Աբգարը մեզ հուշեց, մենք իրեն անընդհատ զգում ենք, դա բառերով հնարավոր չի արտահայտել։ Գիտեմ, որ ինքը կա, մեր կողքին է, բայց ուզում եմ տեսնել ու գրկել, անչափ կարոտում եմ»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Աբգար Նազարյանը հուղարկավորված է Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ ընտանեկան գերեզմանում։

MediaLab.am