Հաղթանակ կերտողը. Հակոբ Եղիազարյան
Հակոբ Վարդանի Եղիազարյան: Քառասունչորսօրյա պատերազմում քառասուներկու օր աննահանջ կռիվ տված ու անմահացած հայորդին, ում տուն վերադառանալուն մի քանի ամիս էր մնացել…
Հակոբ Եղիազարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին Երեւանում, սովորում էր Սլավոնական համալսարանի իրավագիտության բաժնում: 2019 թվականին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել ԱՀ-ի Ցոր զորամասում, հրետնավոր էր,դասակի հրամանատար, օպերատոր: Զուսպ, խելացի,աշխատասեր երիտասարդ էր, որի շնորհիվ արժանացավ կրտսեր սերժանտի կոչմանը:
Հակոբի մարտական ընկերը` Սերյոժան, զրույցում պատմեց, որ պատերազմի ընթացքում Հակոբը աչքի է ընկել իր դիպուկությամբ.
– Դիրքերում էի, հսկում էինք թշնամու առաջխաղացումը: Մեկ էլ տեսնեմ մի զինվոր է գալիս մեզ ընդառաջ: Սկզբում մտածեցի ադրբեջանցի է, պատրաստվում էի կրակել, հետո տեսա, որ մարտական ընկերս է` Հակոբը: Դիտակետն անցել էր, որ հրամանատարին զեկուցեր, թե կապ չկա: Եկավ ասաց` «Սոված ենք, մի քանի օր է հաց չենք կերել»: Ինչքան պահեստավորված սնունդ ունեի՝ տվեցի իրեն,որ տանի տղաների հետ ուտեն: Հետո իմացանք, որ մեր կողմից հրթիռ է գնացել, խոցել էր թշնամուն, հարցրեցինք՝ ո՞վ խոցեց, ասացին` Հակոբը: ըԾկ 2 էր խոցել ընկերս: Շատ ուրախացանք, մարտական ոգին բարձրացավ, հետո թշնամուն խոցելու հաշիվը կորցրել էինք…
Եռաբլուրում՝ հերոսների քաղաքում, որդու շիրիմի մոտ մի սեւազգեստ մայր է նստած…
Դրոշները փռփռում են, հերոսները խոսում են մեզ հետ իրենց դրոշների փռփռացող ձայնով… Ահասարսուռ .է սառը քարից բարի ու անմեղ ժպիտներ են նայում…Քարերը խոսում են, իրենց լռության մեջ այնքա՜ն ասելիք կա…
Հակոբի մայրը` տիկին Գայանեն, մտքերն է հավաքում,անդադար որդու նկարն է շոյում, հայացքը չկտրելով որդու շիրմաքարից՝ պատմում է.
-Պատասխանատվության ու չափի զգացումը շատ մեծ էր որդուս մեջ: Պատերազմի ընթացքում, երբ զրուցում էինք, ասում էր` «Մամ, տղեդ պատերազմին էլ մասնակցեց, ուսմանս վարձավճարը կզեղչեն»: Ասում էի` «Տղաս, պետք չէ մասնակիցը լինես, միայն թե ողջ-առողջ վերադարձիր: Բայց տղաս անմահանալու ճանապարհն ընտրեց, մնաց հավերժ զինվոր, հավերժ ուսանող…
Հրամանատարը նահանջի հրաման էր տվել, ասել էր, որ տղաս կարող է հետ գնալ, փրկվել, տղաս հրամանատարին ասել էր` Բա որ հիմա գնամ, ձեր ու ընկերներիս աչքերի մեջ ինչպե՞ս պիտի նայեմ, ես ընկերներիս միայնակ չեմ թողնի…
Որդուս երկու ամիս փնտրել ենք, հույսս չէի կորցնում, մտածում էի՝ ողջ է, արդեն մի տարի ու յոթ ամիս ինձ խաբում եմ, միայն անհագ կարոտ կա հոգումս, իմ տղան պիտի ապրեր»:
ԵՎ չնահանջեց… Համառ մարտեր մղեց Հադրութում, Ֆիզուլիում, Աղդամում, Քարինտակում եւ Շուշիում:
Անմահացավ նոյեմբերի 7-ին, Շուշիի համար մղվող մարտերում…
Իր կատարած բացառիկ սխրանքների համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Հակոբ Վարդանի Եղիազարյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» եւ «Արիության համար» մեդալների:
Հերոսները կապրեն այնքան,որքան մենք կհիշենք եւ կփառաբանենք նրանց: