Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Նորայր Բորիսի Միրզոյան

Հուլիսի 05, 2022

Սերն առ հայրենիք մարդու մեջ ծնվում է դեռևս մանկուց: Ամեն օր մտածել ու գործել հանուն հայրենիքի, ապրել նրա հոգսերով, մտածել նրա ապագայի ու բարօրության մասին. այսպես են բնութագրում ընկերները, ծառայակիցներն ու հարազատները Արցախի հերոս  Նորայր Բորիսի Միրզոյանին, ով խաղաղ ժամանակ մտահոգվում էր երկրի ներսում կարգ ու կանոն հաստատելու, բարձր գիտակցումով հասարակություն կերտելու, իսկ պատերազմի ժամանակ դառնում առաջամարտիկ՝ զենքը ձեռքին կանգնելով զինվորի կողքին, լինում այնտեղ, որտեղ նրա կարիքն ամենից շատն են զգում:   

Արմատներով Մարտունու շրջանի Մսնմա գյուղից Նորայր Բորիսի Միրզոյանը ծնվել է 1982 թվականին Ստեփանակերտ քաղաքում:

2000-2002թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

2004-ին ավարտել է Երևանի Մենեջմենթի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

2002 թվականից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանությունում՝ քրեական հետախուզության վարչության օպեր-լիազորից հասնելով ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնին:

Եղել է նաև ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի օպերատիվ գծով տեղակալ և Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի պաշտոնում:

2016թ. նոյեմբերի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով Նորայր Միրզոյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

2020թ. հունիսի 11-ին ԱՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ-ում, իսկ ԱՀ նախագահի  հունիսի 12-ի  հրամանագրով նշանակվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ:

2020թ. նոյեմբերի  1-ին ստորագրած հրամանագրով Նորայր Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նորայր Միրզոյանն իր մեծ ներդրումն է ունեցել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում: Նա երիտասարդ տարիներից ծառայության անցնելով ԱՀ ոստիկանության շարքերում, սիրահարվեց համակարգին ու դարձավ իր գործի գիտակն ու վարպետը: Նա իր աշխատանքը կարևորում էր ամեն ինչից, ուստի ցանկացած պաշտոնում իր գործին վերաբերվում էր համարձակորեն, խստապահանջությամբ ու պատասխանատվությամբ: Նա անաչառ անձնավորություն էր, ում համար կարևորը արդարության վերականգնումն ու հաստատումն էր, առաջնայինը՝ ազգի ու պետության շահը: Խաղաղ ժամանակ երկրի ներսում, իսկ պատերազմի օրերին երկրի սահմաններում էր նա իր աշխատանքները կազմակերպում: Եվ պատահական չէ, որ նա իր ներդրումն է ունեցել 2016թ. քառօրյա և 2020թ. քառասունչորսօրյա պատերազմներում:

2020թ. սեպտմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով դաժան փորձության մեջ հայտնված հայրենիքի պաշտպանության գործից Նորայրը չէր կարող անմասն մնալ, ուստի նա՝ որպես պայքարի առաջամարտիկ, կանգնեց զինվորի կողքին, որովհետև ինքն էլ հայրենիքի զինվոր էր և իր գործով խիզախության ու նվիրումի օրինակ դարձավ:

Նորայր Միրզոյանի մասին կարելի է անվերջ խոսել ու երկար գրել, սակայն ոչ թե խոսքերը, այլ նրա կատարած հայտնի ու բազում անհայտ գործերն են փաստում այն համբավի մասին, որ վաստակել է նա:

Նորայր Միրզոյանի քույրը՝ Նոննա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փոքր ժամանակ Նորայրը շատ հանգիստ, շատ բարի ու կարգապահ տղա էր:

«Մինչև 5-րդ դասարան սովորել է գերազանց և արդեն դեռահասության շրջանում ինքն սկսել է իրեն ավելի ակտիվ դրսևորել: Դպրոցում լուծում էր բոլորի հարցերը՝ կապված թե՛ուսուցիչների, թե՛ աշակերտների հետ: Շատ սիրված էր իր ընկերների կողմից, և այդ ընկերներն առ այսօր ամեն հարցում նրա և մեր կողքին են»,-ասում է Ն. Խաչատրյանը:

Նորայրը սիրում էր երբեմն խանգարել դասը, կազմակերպել ամբողջ դասարանի փախուստը դասաժամերից, բայց, եթե որոշում էր, որ բոլորը պետք է ներկա լինեն որևէ դասաժամի, ապա ապահովում էր բոլորի ներկայությունը: Հատկապես մեծ հարգանք էր տածում հայոց լեզվի դասաժամերի հանդեպ:

«Նորայրը միանգամից է հասունացել, ինչը նաև պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրիկ չենք ունեցել, և մայրս հասուն տղամարդուն բնորոշ այդ գծերը իր մեջ սերմանել է դեռ պատանի հասակից: Նախաձեռնող էր, սիրում էր ամեն ինչում առաջինը լինել, ուներ կազմակերպչական հմտություններ»,-նշում է Նորայրի քույրը:

Նորայրը 2002-ից անցել է աշխատանքի Շուշիում՝ որպես օպեր և աստիճանաբար սկսել իր աշխատանքային առաջխաղացումը:

«Շատ օրինակելի մարդ էր: Իր նման մարդ դժվար թե գտնվի: Այդպես ասում եմ՝ ոչ թե որ իմ եղբայրն է, այլ իրոք իր տեսակը շատ հազվագյուտ է հանդիպում: Նա հասցնում էր ամեն ինչ կազմակերպել, ապահովել և՛ իր ընտանիքում, և՛ մեր ընտանիքում, և՛ ընկերական շրջապատում, և՛ աշխատանքի վայրում, և՛ հասարակական դաշտում:

Նոննայի խոսքով՝ հայրենասիրությունն իր երեխաների մեջ Նորայրն է ամրապնդել:

«Մի օր զանգեց և ասաց՝ Նոննա՛, գիտե՞ս, որ քո երեխաները մեր հերոսներին չեն ճանաչում: Ես պետք է սովորեցնեմ, որովհետև հերոսներն այն մարդիկ են, ովքեր մեր ազգն են ներկայացնում, ուստի քո երեխաները պետք է ճանաչեն նրանց: Նորայրի շնորհիվ իմ երեխաները բոլոր հերոսներին ճանաչում են, գիտեն նրանց կենսագրությունն ու գործունեությունը»:

Նոննայի խոսքով՝ Նորայրին  Արցախի հերոսի կոչում տալուց հետո հ.1 դպրոցից մի ուսուցչուհի գրել էր իրեն՝ ասելով, որ մի անգամ հանդիպել էր Նորայրին, ով ասել էր, որ ցանկանում  է դպրոցում  այնպիսի առարկա ավելացվի, որտեղ երեխաներին կսովորեցնեն մեր հերոսների մասին և նրանց հետ կապված ամեն ինչ:

Լիա Միրզոյանը՝ Նորայրի կինը ամուսնուն բնորոշում էր որպես հոգատար, զավակներին ու ընտանիքին նվիրված հայր:

«Ընտանիքն այն եզակի միջավայրն է, որտեղ նա չի հասցրել իր ողջ ունեցածը ապահովել: Ամեն տեղ պլանը գերակատարել էր, բացի ընտանիքից: Ամեն դեպքում այդ 9 տարիները, որ միասին ենք անցկացրել, նա ամեն ինչ անում էր մեր ընտանիքի համար: Շատ ուշադիր հայր էր: Երեխաները նրան շատ էին սիրում, շատ սպասում էին, որովհետև ավելի շատ աշխատավայրում էր լինում, հաճախ՝ առավոտից մինչև հաջորդ առավոտ: Շատ էր սիրում իր աշխատանքը, նույնիսկ կիրակի օրը նա պատրաստվում էր՝ մինչև երկուշաբթին կսկսեր»,-ասում է Նորայրի կինը:

Ընտանիքում աշխատանքից ոչ մի բան չէր խոսում: Ընտանիքի անդամները չգիտեին՝ Նորայրն ուր է, ինչ է անում: Աշխատավայրն իր համար փակ աշխարհ էր և լոկ իրենն էր, որտեղ նա լավագույնս յուրացրել էր բոլոր մանրուքները և հատկապես սիրում էր հետախուզության ոլորտը:

Համալսարանն ավարտելուց հետո Նորայրն ուսանել է նաև Կահիրեի Ոստիկանական ակադեմիայում, նաև՝ հաճախ Երևանում վերապատրաստվել:

Թեև ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել, սակայն ավելի շատ հետախուզությունն էր սիրում. դա էր իր տարերքը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ամուսինս զանգում և հարցնում է Նորայրին՝ ինչ է պատահել, ինչին մեկ բառով պատասխանում է՝ դե սկսվել է»,-պատմում է Նոննան:

Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբերի 31-ը երեխաները տանն էին, չէր թողնում՝ լքեն Արցախը:

«Մի անգամ խոսում էինք, ասացի՝ որ դու տանը չես, Լիան մենակ է երեխաների հետ: Երեխաները մեղք են այս ձայների տակ, ավելի լավ է ուղարկես Երևան, ինչին ի պատասխան՝ ասաց. դե պատերազմ է, խուճապի մի մատնվեք: Միայն բազմաթիվ հորդորներց հետո երեխաներին ուղարկում է Երևան՝ ասելով՝ ընդամենը 2 օրով»,-նշում է Նոննան: 

Հարազատներն անտեղյակ, սակայն Նորայրը հերոսաբար կռվում էր ամենաթեժ կետերում: Նրա հետ հեռախոսազրույցներում հարազատները նույնիսկ իր ձայնի տոնայնությունից խուճապային տրամադրություն, վախ չեն  զգացել: Հարազատներին ասում էր, որ պատերազմն այսպես է լինում, պինդ ու ամուր մնան, խուճապի չմատնվեն ու չընկճվեն:

«Հեռուստացույցով տեսնում էինք՝ ինչ է կատարվում, բայց նա ասում էր՝ ամեն ինչ լավ է, բա ուզում էիք ինչպե՞ս լիներ պատերազմը»,-ասում է քույրը:

«Ամեն օր 2-3 անգամ խոսում էր մեզ հետ, ասում՝  լավ պահիր  քեզ, ամեն ինչ լավ է, հանգիս եղեք, երեխաներին լավ նայիր, ու այդպես՝ մինչև այդ չարաբաստիկ օրը: Ընդհանրապես չենք պատկերացրել, որ նրա հետ կարող է այդպիսի բան պատահել: Մինչև  նրա Հադրութում գլխի ցնցում ստանալը՝ չգիտեինք, թե  առաջնագծում է: Գիտեինք, որ շրջում է, անընդհատ շարժի մեջ, է բայց որ անմիջապես առաջնագծում մասնակից է՝ չգիտեինք: Նույնիսկ վիրավորվելուց հետո՝ երբ գլխի ցնցում էր ստացել, 3-րդ օրը կրկին վերադարձել է մարտական դիրք:  Թե՛ իր կոչումը, թե՛ վիրավորվելու հանգամանքը նրան հնարավորություն էին տալիս չգնալու, սակայն դա նրա համար չէր: Միշտ ասում էր, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, իսկ նրա գործն էլ իր ժողովրդին ծառայելն էր: Ամենավատ երազում էլ չէի պատկերացնում, որ կարող էր նման ճակատագրի արժանանալ: Միայն վախենում էի, որ հանկարծ գերի չընկներ»,-ասում է նրա կինը:

Պատերազմի թեժ օրերին՝ նոյեմբերի 1-ին, երբ Նորայրը մարտական դիրքերում էր, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը իրենց դիրքում ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին է հանձնել գեներալ-մայորի ուսադիրներ:

Այդ մասին Լիան իմացել է Նորայրի քրոջ զանգից հետո, երբ Նոննան հարցրել էր՝  ինչպե՞ս է գեներալի կինը լինելը:

«Զանգեցի Նորայրին, ինքն էլ հաստատեց լուրը՝ ասելով. դե գնահատել են, տեսել են արածս: Այսօր ինձ համար դա էական չէ: Երեխաների համար միգուցե և հպարտության առիթ կլինի, սակայն փաստն այն է, որ նա չկա, մեր աշխարհը չկա: Երեխաներինը շարունակվելու է, ժամանակի ընթացքում նրա կարիքը զգալու են, բայց և հպարտանալու են: Այդ կոչումն ընդամենը ուժ է տվել երեխաներին ոտքի կանգնեցնելու համար»,-ասում է Լիան:

Ընկերների պատմելով՝ նա, վախը կորցրած, խրամատից դուրս էր գալիս ու նայում, թե արդյո՞ք կրակված հրթիռները նշանակետին են հասնում, և զինվորներին ուղղություն էր տալիս: Նա հասցնում էր լինել ամեն տեղ. արկերի տեղատարափի տակ ոտքով ջուր էր հասցնում հարևան դիրքերին, տաք կերակուր էր ապահովում զինվորներին հոգատար ծնողի նման:

Ցավոք, հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս՝ 2020թ. նոյեմբերի 5-ին Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ, ազգի նվիրյալ Նորայր Միրզոյանը  անմահանալով միանում է հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած անմահների գնդին:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար  2020թ. նոյեմբերի 5-ին Նորայր Բորիսի Միրզոյանը հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ «Սողոմոն Թեհլիրյան» մեդալով, իսկ 2022թ. հունվարի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել և հետմահու «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրվել:

Նորայրն արժանացել է նաև մի շարք պետական և գերատեսչական պարգևների՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան, «Համագործակցության ամրապնդման համար», «Երախտագիտության», «Ոստիկանության 100-ամյակ», «Օրենքի պատվար» մեդալների:

«Այդ կոչումով ոչ մի բան չի որոշվում: Կարևորն այն է, որ մենք գիտենք, թե ինչեր է արել նա: Նորայրը կարող էր չգնալ, բայց  գնաց ու արեց հնարավորն ու անհնարինը: Նա այն կարգի նվիրված էր իր հողին, իր ծառայակից ընկերներին, որ նախընտրել էր նրանց հետ լինել դժվարին օրերին: Ինչքան էլ արի են, սակայն երիտասարդ տղաներ են ու պատերազմ չեն տեսել: Նորայրը Քառօրյա պատեազմի ժամանակ ամենաթեժ կետում էր՝ Թալիշում, և սա իր համար առաջին անգամը չէր»,-ասում է Նոննան:

Ակտիվ, եռանդուն, կենսախինդ ու երեխաների հանդեպ մեծ սեր էր տածում Նորայրը: Հարցին՝ թե ում են շատ սիրում երեխաները, պատասխանում են՝ հայրիկին: Երեխաներից Լիդիան 9 տարեկան է, Հայկը՝ 6, Դիանան՝ 4: Փոքրերը դեռևս չեն գիտակցում, սակայն Լիդիան թեև չի արտահայտվում, սակայն թախծոտ հայացքը մատնում է նրան:

Նորայրը ցանկանում էր, որ իր Լիդիան ու Հայկն ուսադիրներ կրեն. Լիդիան նոտար կամ դատախազ դառնա, իսկ Հայկն իր գործը շարունակի, միայն Դիանայի մասին ասում էր, որ չգիտի՝ ինչ մասնագիտություն պետք է ընտրի:

«Ասել եմ՝ թող բժշկուհի դառնա, իսկ Նորայրն ասում էր՝ դե թող: Կփորձեմ իրագործել նրա ցանկությունները: Հայկը հաճախում է կարատեի մարզումների, բայց Նորայրը ցանկանում  էր, որ 9 տարեկանից Սամբոյով մարզվի: 9 տարեկանը լրանալուն պես կհաճախի նաև Սամբոյի: Հայրը ցանկանում էր, որ աշխարհի չեմպիոն դառնա, հիմա կարատեի մրցաշարում 1-ին տեղն է զբաղեցրել, որն առաջին քայլն է դեպի մեծ հաղթանակներ: Նորայրը միշտ ասում էր՝ աղջիկները պետք է լավ սովորեն, բայց Հայկը պետք է ուժեղ լինի»,-ասում է Լիան:

Ցավը չես կարող ձևացնել: Տեսնելով մարդկանց աչքերում թախիծ Նորայրի բացակայության պատճառով՝ հասկանում ես, որ նա բոլորի համար է հերոս:

Մեծ կորսուտ կրեց Արցախ աշխարհը՝ Նորայր Միրզոյանների նման նվիրյալիների կորցնելով, որովհետև նրանք դեռ շատ անելիքներ ունեին: Նրանք իսկական հերոսների օրինակ դարձան մատաղ սերնդի համար, ովքեր կիսատ չեն թողնի նրանց գործերը: