Պապիցս հետո պապա ասող չունեինք, մամա ասող չկար. ծնվել է անհայտ կորած Պապ Այվազյանի եղբայրը
Արցախյան 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 19–ամյա Պապին, կորցրած Այվազյանները որդի են ունեցել։ Ծնողները, ի պատիվ ավագ եղբոր, նորածնին անվանակոչել են Պապ: 38-ամյա տիկին Նարինեն, դժվարությամբ է բառեր ընտրում՝ զգացմունքները նկարագրելու համար, ասում է միայն, որ երեխայի ծնունդը նոր իմաստ է տվել իրենց կյանքին:
«Քսանմեկ տարի անց շատ տարօրինակ զգացողություն ունեմ. կարծես Պապիս եմ գրկել: Պապը մեր տան միակ երեխան է եղել: Պապիցս հետո պապա ասող չունեինք, մամա ասող չկար, որոշեցինք՝ պետք է երեխա ունենանք, որ լույսը կրկին մեր տուն գա»,- ասաց նա:
Տիկին Նարինեն նորածին Պապին շատ է նմանեցնում ավագ եղբորը: Ասում է, որ Պապը ուրիշ տեսակ էր: «Պապս յուրահատուկ տեսակ էր.առաջնորդ էր իմ Պապը: Տղայիս Էջմիածնից տարել են Ջրական, տղաս գրանցվել է հատուկ ջոկատում: Տարել են Դրմբոն, այնուհետեւ Թալիշ-Մատաղիս: Տղաս շատ հայրենասեր էր, ուրախ կլինեմ, որ Պապը նման լինի իր եղբորը»,- ասաց տիկին Նարինեն:
Պապ Այվազյանը ծնվել է 2001 թ․ Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։ Ծառայությունն անցել է Ջրականում, ապա կամավորագրվել Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը։ 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Մատաղիս-Թալիշ հատվածում ընթացող մարտերին։ Զոհվել է վիրավոր հրամանատարին օգնելու ժամանակ, նրա աճյունը մինչ օրս գտնված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում