Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Ինձ թուրքի գնդակ չի կպչի

Հուլիսի 20, 2022

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի շրջանի Լեռնարոտ գյուղում: Արմատներով սասունցի էր, պապերը մեծ ցեղասպանության ժամանակ Աշտարակի շրջան էին գաղթել Սասնա գավառի Գելիգուզան գյուղից, եւ էրգրի կարոտը միշտ վառ է եղել Գեղազնիկի հոգում: Դեռ մանկուց իր պապերից լսել է հայ մեծ ֆիդայիների սխրանքներին նվիրված երգեր, պատմություններ, որոնք էլ ավելի են ուժեղացրել սերը կորսված հայրենիքի հանդեպ, վառել վրեժի զգացողությունն ու պապերի հողը մի օր ետ բերելու փափագը:

Գեղազնիկի դասընկերուհի Աննան պատմում է, որ դպրոցում Գեղազնիկը չարաճճի էր, ճարպիկ, արդարամիտ: Նաեւ համառ էր, իր ասածի տեր: Սիրում էր կարդալ պատմավեպեր, իսկ ամենասիրած գիրքը Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչն» էր: Ապրում էր պապերի պատգամը սրտում, աչքի առաջ ունենալով Հայաստանի համար իրենց կյանքը տված հայդուկների կերպարը: Հաճախ սիրում էր կրկնել՝ «Եթե ձի ունենամ, անունը Ասլան եմ դնելու, Անդրանիկի ձիու անունն էր»:

Շատ հայորդիների նման Գեղազնիկն էլ համոզված էր, որ «միայն զենքով կա հային փրկություն», եւ երբ Արցախը կանչեց, նա առանց վարանելու վերցրեց զենքն ու իրեն նվիրեց արցախյան ազատագրական պայքարին:

Ծուռ սասունցի էր Գեղազնիկը: Այսպես նրան բնորոշում է կինը՝ տիկին Էմիլիան: Պատմում է, որ սկզբնական շրջանում իրենց ընտանիքից ոչ ոք չի իմացել, որ ամուսինը մասնակցում է արցախյան շարժմանը:

«1988 թվականն էր, սկսել էր հաճախ բացակայել տանից, գիշերը ուշ էր վերադառնում, ասում էր, թե գործեր կան: Պատահել է, որ 4-5 ամսով բացակայել է տանից, առանց բացատրելու, թե ուր է գնում, երբ կվերադառնա: Ես էլ բան չէի հարցնում, էն ժամանակ մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ պատերազմ կլինի»:

Միայն ամիսներ անց, երբ Արցախում իրավիճակն ավելի լրջացել էր՝ տեղի տալով կնոջ թախանձանքներին, Գեղազնիկը պատմել է, որ իրենք ընկերներով զենք են պատրաստում: «Տուն էր գալիս ուշ, հոգնած, բայց խանդավառված, – շարունակում է տիկին Էմիլիան, – մեծ ոգեւորությամբ ու մանկան ուրախությամբ խոսում էր բանակի ստեղծման մասին, շատ էր կարեւորում բանակի կայացումը, ջանք ու եռանդ չէր խնայում այդ գործի համար: Այն ժամանակ հայերը կռվում էին կամավորական ջոկատներով, բայց Գեղազնիկը հասկացել էր կանոնավոր եւ հզոր բանակ ունենալու կարեւորությունը, ձգտում էր դրան»:

Շարժման առաջին իսկ տարիներին ձեւավորվում է Աշտարակի հայդուկների կամավորական ջոկատը եւ Գեղազնիկ Միքայելյանի հրամանատարությամբ Կոռնիձորում, Հադրութում մասնակցում առաջին մարտերին, Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սկզբում ջոկատի տղաները Գեղազնիկին՝ վերջինիս թիկնեղության եւ հսկա հասակի համար, անվանել են Ապո, իսկ ավելի ուշ, նմանություն տեսնելով ինչպես Գեւորգ Չաուշի արտաքինի, այնպես էլ նրա որդեգրած մարտավարության միջեւ, նրան տվել են «Չաուշ» մարտական անունը:

«Չէր կարող մնալ տանը, գալիս էր կարճ ժամանակով ու նորից մեկնում Արցախ, – պատմում է տիկին Էմիլիան, – ասում էի, բա որ զոհվես, ո՞վ է տիրություն անելու մեզ, երեք երեխա ես թողնում, միշտ ժպիտով պատասխանում էր՝ «պետությունը կհոգա»»:

Գեղազնիկը հաճախ էր կրկնում, որ իրեն թուրքի գնդակ չի կպնի: Կանխազգացում էր դա, թե՝ համոզմունք, դժվար է ասել, բայց թուրքի գնդակը նրան իսկապես չհասավ, փոխարենը հասավ դավադիր գնդակը:

1990 թվականին Գեղազնիկը, ազգային-ազատագրական պայքարի մեկ այլ գործչի՝ Վիտյա Այվազյանի հետ միասին ձեռնամուխ է լինում միասնական բանակի ձեւավորման գործընթացին, ինչի համար սկսում են բանակցել տարբեր կամավորական ջոկատների հրամանատրաների հետ: Այդ նպատակով նույն թվականի օգոստոսի 29-ին գնում են Երեւանում գտնվող «Հայաստանի ազգային բանակի» շտաբ, որտեղ էլ դավադրաբար սպանվում են։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին երկուսն էլ հետմահու ստանում են Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում: Պարգեւատրվել են Հայրենիքի շքանշանով:

Image

Գեղազնիկ Միքայելյանի աճյունն ամփոփված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում, սակայն տիկին Էմիլիան ցանկանում է նրան տեղափոխել Եռաբլուր պանթեոն: Մտավախություն ունի, որ գյուղական գերեզմանոցում ժամանակի հետ կմոռացվի Գեղազնիկ Միքայելյան հերոսի գերեզմանը, մինչդեռ Եռաբլուրում նա կլինի տղերքի կողքին, ում հետ միասին կռվել է Հայրենիքի ազատագրության համար:

Գեղազնիկ Միքայելյանն ունի երեք զավակ, որոնցից միայն դուստրն է այսօր բնակվում Հայրենիքում: Որդիներն իրենց ընտանիքների, ինչպես նաեւ մոր եւ քրոջ ապրուստը հոգալու համար մեկնել են արտերկիր: Դուստրը՝ Անահիտը, նշում է, որ շատ կուզենար իրենց տանն էլ տեսնել թե պաշտոնական այցելուներ, եւ թե քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են իր հոր կյանքով եւ գործունեությամբ: Նշում է, որ գալիս են հիմնականում գերեզմանոց, իսկ իր հոր հոգին տանն է: «Սա է նրա օջախը, էստեղ են նրա հարազատները, ուրեմն եւ ինքն է էստեղ», – ասում է Անահիտը:

Հ. Գ. Գեղազնիկ Միքայելյանի թոռներից կրտսերը, ով կրում է հերոս պապի անունը, այսօր իր ընտանիքի հետ բնակվում է արտասահմանում, սակայն երազում է մի օր վերահաստատվել Հայրենիքում:

freedomsoldiers