Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Դիզակի արծիվներից ՀԱՄԼԵՏԸ /ՀԱՄԻ/

Հուլիսի 20, 2022

Համլետը կենդանի լեգենդ էր դարձել: Առաջին ջոկատներից մեկի հրամանատարն էր: Աստված թե ինչպես է այդքան համարձակություն, ճարպկություն եւ ուժ ներդրել մի մարդու մեջ, դա մեր գիտենալու բանը չէ, դա իր գաղտնիքներից է:

Սակայն Հադրութում գաղտնի չէին մնում Համլետի 6 հոգանոց ջոկատի գործերը՝ Սարինշենում լինեին, թե Քարագլխում, կամ մեկ այլ տեղ:

Բոլորի շուրթերին Համիի անունն էր. այդպես էին մտերմորեն Համլետ Մարտիրոսյանին կոչում համաքաղաքացիները: Համլետը խորհրդային բանակի դեսանտնիկ էր, սիրում էր գործել փոքր խմբերով՝ անսպասելի եւ կայծակնային:
Համլետն անկանխատեսելի էր, եւ այդ էր պատճառը, որ թշնամին նրա ջոկատից սարսափում էր: Համլետի հեղինակությունը եւ հարգանքը մեծ էր Հադրութում: Մեր մնացյալ տղաների հետ միանգամից կոմնորոշվել եւ մի բռունցք էր դարձել: Մինչեւ իր ողբերգական մահը երբեք տարակուսանքի կամ անհասկացության տպավորություն չգործեց: Նրա անունն այսօր մեզ համար նույնպիսի արժեք է, ինչպես Արմենչոն է, Վիգեն Գրիգորյանը, Էրիկ Աբրահամյանը:
Այնքան հարուստ է եղել Համլետի կյանքը, այնքան խորհրդավոր, որ անհնար է նրա մասին անտարբեր, անհույզ խոսել կամ գրել: Նա արցախցու հերոսականության խտացումն է, արցախցու զորությունը եւ հայկականությունը, թեեւ հայալեզու դպրոցում չէր սովորել, ինչպես իր ընկերներից շատերը, եւ գուցե դա էր պատճառը, որ նրա բանավոր խոսքն այնքան պերճագեղ չէր, եւ չէր սիրում տեսաբանել:
Համլետի՝ իբրեւ ազատամարտիկի, մյուս առանձնահատկությունն առանձնաբար գործելն էր. նա երբեք չի հավակնել մեծ զորամասերի կամ շրջանի զինվորական ղեկավարության, թեեւ նման առաջարկներ եղել են: Եւ չէին կարող չլինել, որովհետեւ Համլետը քաջ գիտեր զինվորական գործը եւ շատ ազնիվ էր:
Հնարավոր չէ փոքրիկ հոդվածի մեջ առանձնացնել Համիի մասնակցությամբ կամ նրա ղեկավարությամբ ընթացած մարտերը: Որ մեկի մասին խոսել, եթե նա եղել է բոլոր մարտերի մեջ, սկսած Արցախի առաջին փառավոր կռիվներից՝ Տողի ազատագրումից մինչեւ Սարինշենի, Ծամծորի առաջին եւ երկրորդ մարտերը, Քարագլխի, Այգեստանի, Խուռհատի եւ այլ կռիվները:
Պատերազմի ժամանակ մենք թանկ զոհեր չէին տա, եթե մաքուր լինեինք նյութապաշտությունից եւ փառասիրությունից: Ողբերգական վախճան ունեցավ Համլետը: Կարելի է ասել՝ նա մարտիրոսվեց. դավաճանի ձեռքով արձակված գնդակը 1993 փետրվարի 23-ին դիպավ հենց այն մարդուն, ում համար նախատեսված չէր եւ ում սիրում եւ հարգում էին գրեթե բոլորը:

Աշոտ Պետրոսյան, <<Դրոշակ>>, թիվ 23, 19

freedomsoldiers