Հղիությունը հեշտ չէր, բայց իմ մեջ ուժ էի գտնում, մտածում էի՝ ինքը միակ լույսն ա լինելու․ Լյուսին՝ պատերազմում զոհված Տիգրանի քույրը
Հուլիսի 18-ին լույս աշխարհ եկած Լյուսին Շահբարյանների ընտանիքում հույս ու լույս է բերել։
Շահբարյանները պատերազմում կորցրել են որդուն՝ 19-ամյա Տիգրան Շահբարյանին։ Այդ դեպքից մեկ տարի անց իմացել են, որ ընտանիքում համալրում են ունենալու։
«Երբ դեռ որդուցս լուր չկար, ես էդ ժամանակվանից որոշել էի, խոստացել էի Աստծուն, որ եթե Տիգրանը ողջ-առողջ էլ գա, ես էլի երեխա եմ ունենալու։ Հետո Տիգրանս երազիս եկավ, ասեց՝ եթե շատ ես կարոտել, ես պետք ա վերածնվեմ։ Երազը որ տեսել էի, ես հավատում էի, որ լինելու ա»,- հուզմունքով պատմում է 41-ամյա կինը։
Լյուսին ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով, 49 սմ հասակով։
Մեկ օրական աղջիկը, մոր խոսքով, արտաքինով շատ նման է Տիգրանին:
«Դեմքը, ականջները, անգամ մատները շատ նման են։ Տիգրանիս մատներին որ նայում էինք, ասում էինք՝ լավ դաշնակահար կլինես կամ բժիշկ, Լյուսիի մատներն էլ էդպիսին են»,- ասում է մայրը։
Արմինեն նշում է՝ հղիության ընթացքը հեշտ չէր՝ ոչ հոգեպես, ոչ ֆիզիկապես, բայց իր մեջ ուժ է գտել, որ երեխան առողջ ծնվի։
«Շատ դժվար էր, տարիքային առումով էլ չես համեմատի 22-23 տարեկանի հետ, հոգեպես էլ էն վիճակում չես, բայց ես իմ մեջ անընդհատ ուժ էի գտնում, մտածում էի՝ ինքը միակ լույսն ա լինելու, որ մեր ընտանիքն ապրեցնի, լուսավորի մեր կյանքը։
Պահ ա եղել, անգամ մտածել եմ՝ մեռնելով էլ լինի, բայց կյանք եմ տալու։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ եղավ»,- ասում է մայրը։
Արմինեն նշում է՝ երբ երեխան մի փոքր մեծանա, սկսի հասկանալ, կծանոթացնեն եղբոր մասին պատմություններին, նրա բնավորությանը, խիզախությանը։
«Մեր բոլոր պլանների մեջ ամենամեծ առաքելությունն ա, որ իրան ծանոթացնենք Տիգրանի տեսակին, որ ինքը հպարտությամբ լցվի, որ Տիգրանի քույրն է»։
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, վաշտի բուժակ, 19-ամյա Տիգրան Շահբարյանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է Հադրութում, երբ 76 անձից բաղկացած ջոկատով մեկնել էին հանձնարարություն կատարելու և հայտնվել հակառակորդի հատուկջոկատայինների ծուղակում։
Տղաները, հանդիպելով 500 հոգանոց հատուկջոկատայինների խմբի, երկու տարբերակ էին ունեցել՝ կամ հանձնվել, կամ կռվել: Գերի ընկնելու տարբերակը բացառել էին և կռվել էին մինչև վերջ, 76 հոգուց ոչ ոք չէր փրկվել։
Տիգրան Շահբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև Արիության մեդալով։