Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Արժանապատիվ ապրելն ամրագրեցինք նաեւ մեր արյամբ

Հուլիսի 23, 2022

Նրանք շատ չէին, սակայն մեկը տասի փոխարեն էին, նրանք մի բուռ էին, մի բուռ հայրենասերներ, որ բռունցքվեցին, որպեսզի  այլևս չկրկնվեն հայոց պատմության մութ էջերը։ Նրանք երկրին պատուհասած վտանգին դիմակայելու համար երկրապահ դարձան… Շատերի պես Համլետ Ստեփանյանն էլ խաղաղ աշխատանքի էր։ Անտառապահ էր հայրենի Ավետարանոց գյուղում, սակայն վերահաս վտանգը շատերի հետ միասին զենքի կոչեց նաև նրան։ 1988թ. նրա անմիջական ջանքերով կազմավորվեց Ավետարանոցի ինքնապաշտպանական ջոկատը։

Սումգայիթի ջարդերի լուրն ընդունեց դառնությամբ, եկավ գյուղ, տղերքին հավաքեց ու ասաց՝ պիտի զինվենք… Գյուղի ջահելները շատ էին, զինվեցին՝ ով ինչպես կարող էր։ Մինչ այդ՝ հրաման կար, որ որսորդական հրացանները հավաքեն, և շատերը հանձնեցին։ Նա չհանձնեց՝ 15 թիվն աչքի տակ ուներ, Արևմտյան Հայաստանում էլ, չէ՞, այն ժամանակ հայերի զենքերը հավաքեցին։ Սերո Խանզադյանի «Խոսեք, Հայաստանի լեռներ» գրքում, հիշո՞ւմ եք,  ոնց էին ջահելներին  ժայռերից նետում։ Նրանց հետ նույն կերպ պիտի վարվեին, եթե մի փոքր թուլանային։ Զինվելն օրվա հրամայական էր։ Փող հավաքեց համագյուղացիներից և Շոշ գյուղի կոլտնտեսության  նախագահ Սյոմա Հայրիյանի հետ մեկնեց Երևան։

«Ընկերոջս՝ Լյուդվիգ Հովսեփյանի, օգնությամբ սկսում ենք զենք ու զինամթերք հայթայթել, «Ալազանի» արկ էինք բարձում ուղղաթիռները, ուղարկում Արցախ։ Հետո «Հայէլեկտրո» գործարանից ավտոմատներ ու ականանետեր ենք ձեռք բերում։ Ազգովի, մեծով-փոքրով երկրապահ էինք դարձել։ Ոգին էր, որ մեզ առաջ էր մղում, և միասնաբար արհավիրքին դիմակայելու վճիռը՚,- վերհիշում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Համլետ Ստեփանյանը։

Զենքն, իհարկե, բերեցին և Շոշի տարածքից սկսեցին դաս տալ հակառակորդին։ Հետո ոչնչացրին Նաբիլար  բնակավայրում տեղակայված կրակակետերը։ Միջանկյալ ասենք, որ Համլետն  իր ջոկատում ընդգրկել էր մինչև 60 տարեկան գրեթե բոլոր համագյուղացիներին։ Մոտ 70 հոգի էին, սակայն մարտական կազմում ընդգրկված էին 45-ը։ Հետագայում արդեն նրանց շարքերը համալրվեցին և անցան հարյուրից։

Հաջորդը Խոջալուի ազատագրումն էր։ Շտապ գալիս է Շոշ ու առաջադրանք ստանում պահել դեպի Դահրազ տանող կարճ ճանապարհը։ Որոշ ժամանակ անց դադարի հրաման է տրվում։

…Տանն էր։ Առավոտ շուտ զանգեցին, թե թուրքերը հարձակվել են։  Շտապ մի 5-6 հոգով իրենց գցում են  «Նիվա»-ի մեջ ու գալիս բլինդաժների մոտ։ Էլ մտածելու ժամանակ չկար։ Պիտի մարտի բռնվեին։

Մինչ այդ Արկադի Տեր-Թադևոսյանից (Կոմանդոս) խնդիր էին ստացել՝ Քարին տակ գյուղի Խաչին սեռ կոչվող վայրում տեղադրված գնդացիրը հսկել և չթողնել, որ ազերիները մոտենան տեղանքին։ 92-ի հունվարի 26-ն էր։ Նրանք Սղնախի տղաների հետ միասին գնում էին գնդացրի ուղղությամբ։

Վերևից երկու հոգի իջնում էին, հարցնում է՝ ովքեր եք։ Ասում են՝ հայեր ենք։ Ո՞ր գյուղից եք, հարցնում է։ Լռում են։ Գլխի է ընկնում, որ թուրքեր են, կրակում է, մեկին սպանում, մյուսը ճողոպրում է ու հընթացս  կրակում Նարվենի վրա։ Այդ ճակատամարտում Նարվենը սղնախցիների առաջին զոհն էր։ Մարտը գնալով թեժանում էր, թուրքերը բոլոր կողմերից առաջանում էին։ Շոշից Ագոն (Արգամ Հարությունյան) էր տղաներով գալիս օգնության։ Փոխադարձ հրաձգությունից հետո մեր տղաների փամփուշտները վերջանում են։ Կամո Մնացականյանը, չգիտես որտեղից, փամփուշտներ է հասցնում։ Երեկոյան 5-6-ի կողմերը դիրքերում աստիճանաբար լռություն է իջնում։ Ամենուր ազերիների դիակներ էին։ Բոլորն էլ տարիքով, մի 30-40 տարեկան կլինեին։ Մեր կողմից ևս զոհերը քիչ չէին, հատկապես քարինտակցիներից։ Շատ ծանր օր էր…Երեկոյան մնում են Քարին տակում, առավոտյան դուրս գալիս։

Հուշերը Համլետին ետ են տանում, ու նա կրկին հիշում է անցած օրերի հերթական դրվագներից մեկը. «Լսել եմ, որ շտաբում ավտոմատներ են ստացել, բաշխում են ջոկատներին։ Շտաբը հին էլեկտրացանցի շենքում էր տեղակայված։ Կոմանդոսին տեսել էի, բայց հետը չէի շփվել։ Մտնում եմ սենյակներից մեկը, ուր մի երկու կին էին նստած ու մի փոքրամարմին տղամարդ։ Ինձ տեսնելով՝ վերջինս հարցնում է. «Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում»։ Ասում եմ՝ չանաղչեցի եմ, եկել եմ ավտոմատ ստանամ ու գնամ՝ կռվեմ… Շեշտակի ինձ նայելով՝ բորբոքված հարցնում է. «Ձեր Ամարասի հողերը թողած, որտե՞ղ ես կռվում»։  Ես պաշտպանվում եմ. «Ինձ ասել են՝ սարերը պահիր, ես էլ սարերն եմ պահում»։ Ձայնը բարձրացնելով՝ վեր է կենում տեղից։ Ձեռքից բռնում ու կարգի եմ հրավիրում։ Մեր ձայնի վրա Կոմանդոսը ներս է մտնում ու հրավիրում իր մոտ։ Նա քարտեզի վրա բացատրելով մեր դիրքը, համոզում է Սամվել Բաբայանին մեզ տեղահան չանել… Այդպես էլ մեզ ինքնաձիգներ չեն տալիս։ Ջղայնացած գալիս եմ «տեղակայման վայր», մի ջահել տղա՝ խաչը վզին, ինձ հարցնում է, թե ինչու եմ բորբոքված։ Առաջին անգամ էի տեսնում նրան։ Պարզվում է՝ Ակնաղբյուր գյուղի ջոկատի հրամանատարն է, նույն ինքը՝ Արշավիր Ղարամյանը։ Անունը լսել էի, բայց չէի տեսել։ Ի՛նչ իմանայի, որ հետագայում Արշոյի գումարտակը պիտի մարտական փառավոր ուղի անցներ, ես էլ նրա տեղակալը պիտի լինեի։ Մի խոսքով, ավտոմատի պատմությունը պատմեցի ու գնացի գյուղ։ Երեկոյան 6-7-ը կլիներ, զանգեցին, թե եկեք Շոշ։ Գնում, տեսնում եմ հինգ ավտոմատ, լիքը պահունակներով։ Իմ ուրախությանը չափ չկար… Եվ ինչ եք կարծում, այդ ավտոմատները ժամանակին տրվեցին. առջևում Քարինտակի հերոսամարտն էր։

Նախապատրաստվում էինք Շուշիի ռազմագործողությանը… Հետախուզում էինք, սարերով անցնում, տեղանքն ուսումնասիրում, հակառակորդի դիրքերի դասավորվածությունը ստուգում… Անցնել էի մուսուլմանլարի կողմը, թշնամու դիրքերում ոչ մի շարժում չկար, տպավորությունս այնպիսին էր, որ նրանք դինջ, իրենց համար նստած են դիրքերում։ Հենց այս լռությունն էլ չարագուշակ էր։ Սև Աշոտի (Աշոտ Խաչատրյան) հետ 12 հոգով հետախուզության ենք գնում, և որոշում ենք անցնել Բերդաձորի կողմը։ Մեծ ու Փոքր Քիրսերի արանքում ձիերը կապում ենք, մեկ էլ նկատում եմ, որ Մեծ Քիրսի գագաթից մի խումբ մարդիկ  քարերի արանքում պատսպարվելով, առաջանում են։ Տղաներին կանգնեցնում եմ, դիրքավորվում ենք։ Փամփուշտները սահմանափակ էին, ունեինք ընդամենը մի քանի նռնակ։ Ձյունախառն տեղումներ են սկսվում։ Լրիվ թրջվել էինք։  Կամաց-կամաց թաքստոցից դուրս ենք գալիս, գնում դեպի ձիերը։ Ազերիները դրան էին սպասում. հուժկու կրակ են բացում մեր թիկունքից։ Անփորձանք դուրս ենք գալիս այդտեղից. մի երկու րոպե եթե հապաղեինք՝ մեզ բոլորիս կոտորելու էին։ Վերադառնում ենք Քարինտակ։ Մի խումբ տղաների «Ուրալով» ուղարկում եմ Սաբաքեշմազ։ Ավետիք Հայրապետյանին նշանակում եմ ավագ։ Եթե նրանք նախօրոք այստեղ չդիրքավորվեին, մեր և հարակից գյուղերի վիճակը կբարդանար։ Առավոտ ծեգին կապվում են, թե՝ հասեք, թուրքերը հարձակվել են։ Ձիերը հեծնելով,  շտապում ենք օգնության։

Կոմանդոսից հրահանգ եմ ստանում. այս հատվածում ազերիներին կարճ ժամանակում պետք է ոչնչացնենք, որպեսզի մեր տանկերը կարողանան Քարին տակով առաջանալ (դա շատ էր անհրաժեշտ Շուշիի ռազմագործողության նախօրեին)։ Մի 80 հոգի կլինեինք, 40-ը մենք էինք, երևի մի 10 հոգի էլ Աշոտի տղաներն էին, Վրեժի խումբն էր, կլինեին մի 30 հոգի։ Մենք առաջ ենք ընկնում… Ես եմ, քարինտակցի Ռազմիկը, մեր գյուղացի Նաիրի Դանիելյանը։ Վերջինս այդ սարերում շատ էր շրջել ու ասում էր, որ տեղանքը լավ գիտի։ Համաձայնեցի, վերցրի հետս, բայց պատվիրեցի առաջ չընկնել։ Սարի լանջով մինչև գոտկատեղը ձյուն էր։ Համարյա հասել էինք հակառակորդի դիրքերին։ Շտապեցնում էի նրանց։ Արդեն լուսանում էր, իսկ մենք դեռ  ճամփին էինք։ Հակառակորդի ՀՄՄ-2-ն ու տանկը իշխող դիրքում էին։ Եթե մեզ նկատեին, կորած էինք։ Հասնում ենք բլրի գագաթը և տեսնում՝ Շուշին կրակների մեջ բոցկլտում է։ Կոմանդոսից հրաման ստացանք սկսել… Շունչ քաշելու ժամանակ չկար, շղթա ենք կազմում ու… Նրանց դիրքերը հավասարեցնում ենք հողին։ Ցավոք, Նաիրին այդտեղ զոհվում է,  ևս մեկ հոգի զոհվում է Աշոտի խմբից, իսկ Ռաժկոն (Ռաշիդ Բեգլարյան) ծնոտից ծանր վիրավորվում է։

Ազերիների «Տ-72» տանկը բլուրներից գլորվելով, ընկել էր գետը։ Մոտեցանք նրանց դիրքերին, ուտելու ինչ ասես որ չկար։ Տղաները կատակում էին. եթե նրանք, Աստված մի արասցե, մեր դիրքերը վերցնեին, ի՛նչ էին գտնելու. մի երկու սառած կարտոֆիլ ու մի քիչ վերմիշել։ Մեր հարվածն այնքան անսպասելի էր, որ նրանք ուշքի գալու ժամանակ այդպես էլ չունեցան։ Համարյա բոլորին ոչնչացրել էինք։ Ռազմավարն էլ քիչ չէր՝ «Գրադ» կայանք, «Տ-72» տանկ, մեկ ՀՄՄ, «ԳԱԶ-66» բեռնատար, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք… Փոքր Քիրսի լանջով մի 14 վրան էր խփված, իսկ մե՞նք ինչ ունեինք։ Բայց հաղթեցինք, հաղթեցինք, որովհետև մեր հողերի համար էինք կռվում, մեր ամրոց-բերդաքաղաքի համար. Շուշին  մեր շուրթերին մեկ այլ հնչերանգ ուներ, ու պատվի խնդիր էր այն ազատագրելը։

Հաղթեց ոգին, միասնականությունը, անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Բոլոր դարերում էլ արցախցիները հայրենասիրության պակաս չեն ունեցել և միշտ էլ վտանգին դիմակայել են պատվախնդրորեն… Առաջին հինգ ավտոմատների մասին պատմել եմ։ Հետո ևս 140 ավտոմատ ստացա, և պիտի տեսնեիք տղաների ուրախությունը։ Մեր հաղթանակի գրավականներից մեկն էլ սա է եղել։ Լավ կռվող տղաներ եմ ունեցել, իմ խոսքը խոսք է եղել, դե, նրանք էլ երբեք խոսքս գետնին չեն գցել։ Ավետարանոցցիները 32 զոհ են տվել,  բոլորն էլ կռվող  տղաներ են եղել։ Ես հպարտանում եմ իմ տղաներով՝ կենդանի թե նահատակ, և գտնում, որ մեր գործը սուրբ է եղել, մեր պայքարն արդար, և եթե պատերազմը մեզնից խլել է մեր լավագույն տարիները,  փոխարենը արժանապատիվ ապրելու իրավունքն ամրագրել ենք նաև մեր արյամբ և այսօր պարզերես ենք ոչ միայն մեր զավակների, մեր մայրերի, մեր օջախների, այլև ողջ ժողովրդի առջև…»։

Համլետը երախտագիտությամբ է տալիս այն բոլոր տղաների անունները, որոնց շնորհիվ, հիրավի, նվաճվել է հաղթանակը. Ալիխան Համբարձումյան, Մհեր Հովսեփյան,Ջիվան Մնացականյան, Ավետիք Հայրապետյան, Արմեն Առաքելյան, Միքայել Դանիելյան, Հովսեփ Ավետիսյան, Կամո Մնացականյան, Արթուր Բաբայան, Վլադիկ Հովսեփյան, Սարուշենից՝ Արթուր Հայրապետյան, Անդրեյ Գասպարյան, շա՛տ-շատերը։

«Ես վստահ էի, որ հաղթելու ենք,¬շարունակում է Համլետը։-Մեզ պահողն ու առաջնորդողը ոգին էր… Երկու եղբայրներից թե մեկին մարտի ենք տարել, մյուսը նեղացել է. «Ինչո՞ւ ինքը, և ոչ ես…»։ Մի տանկիստ ունեինք՝ ջահել տղա էր, հրաման էինք տվել, որ մարտի մտնի, մտավ, երբ հարցրի՝ ինչո՞ւ չես խփում, ասաց. «Բա սնարյադ ունե՞մ, որ խփեմ»։

Շատ դեպքեր են եղել, շատ ջրեր են հոսել, ո՞ր մեկը հիշես… Երկու անգամ տարբեր ճակատներում Համլետը վիրավորվել է ու կրկին շարք վերադարձել։ Կրակի ճիրաններում հայտնված հող-հայրենին ոտքի էր հանել իր ընտրյալ զավակներին, ու նրանք պարտավորվել էին այն պաշտպանել ատամներով՝ կառչած հողին։ Հոգեբանական ու ֆիզիկական գերլարմամբ, ոգեղենի առաջնորդությամբ ու Աստծո զորակցությամբ նրանք կատարել են ճակատագրի կամքը։ Համլետ Ստեփանյանի գլխավորած ջոկատն  իր մարտական մկրտությունը ստացել է Նաբիլար գյուղի կրակակետի ոչնչացման ժամանակ, որին հաջորդել են Քարինտակն  ու Շուշին, Լաչինի միջանցքը, Բերդաձորի գյուղերի ազատագրումը, Ջիննի, Շահբուլաղ-Տիգրանակերտի, Աղդամի կրակակետերի ոչնչացնումը… Իսկ երբ վերջնականապես կազմավորվեց գունդը, Համլետը 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ նշանակվեց (հրամանատար՝ Արցախի  հերոս Արշավիր Ղարամյան)։ Նրանք կրկին իրադարձությունների կիզակետում էին՝ ֆիզուլի, Հորադիզ, Փափրավենդ, Սալահլի-Քենգերլի, ապա՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, իսկ հարվածային մի ջոկատ՝ Օմարի լեռնանցք։ Ուր էլ որ գնացել են, միշտ հաղթանակով են վերադարձել։ Նրանք քայլել են կրակների, փորձանքների միջով ու պարզերես կանգնել պատմության դատաստանի առջև։ «Մարտական խաչ»-ի ասպետ Համլետ Ստեփանյանն ու իր մարտական ընկերներից շատերն այսօր պատկառելի տարիքում են, սակայն շարունակում է հյուսվել նրանց՝ հայրենիքի ուխտյալ զինվորների լեգենդը։

freedomsoldiers