Վրեժի ցասումը
1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հադրութում կորցրել էինք տասներեք գյուղ եւ թշնամին, հենվելով խորհրդային ուժի վրա, հասնում էր Խծաբերդ եւ Հին Թաղեր: Նրանք լավ մշակված եղանակներով ահաբեկում էին բնակիչներին եւ հեշտությամբ գրավում գյուղերը: Ֆիդայական մեր ջոկատների ուժն անբավարար էր այդ հոսանքի դեմն առնելու համար:
Եւ ահա, մայիսի 14-ին ճակատագրական պահ ստեղծվեց. գործկոմն արդեն որոշել էր տեղահանել Խծաբերդի եւ Հին Թաղերի բնակչությանը, իսկ դա արդեն Հադրութը հանձնել էր նշանակում: Վիգենը Տողից հասավ Հադրութ, սարսափելի խոսքեր ասացգործկոմի աշխատակիցներին, ապա, հասնելով Հին Թաղեր, ինքնաձիգը պատրաստի վիճակի առնելով՝ բացականչեց՝ «Ով գյուղից դուրս գա՝ գնդակահար եմ անելու»: Սթափվեցին մարդիկ եւ օգնության եկած ուժերով դիմակայեցին թշնամուն: Նույնը կատարվեց նաեւ Խծաբերդում: Հենց Հին Թաղերում կազմակերպվեց «Վրեժ» ջոկատը՝ տողեցիներից եւ արեւշատցիներից /Դոլանլար/:
Դաշնակցական ջոկատներն աստիճանաբար ուժեղացան եւ 1991 թվականի աշնանը նրանք արդեն թելադրողի դերում էին: Հիշարժան էր Տողի ազատագրումը, որն Արցախի առաջին նշանավոր գործողություննէր եւ մեր մեծ հաջողությունը: Գյուղի ազատագրման գործողությունը կատարել էին Վիգենն ու Արմենչոն: Խոսելով այդ գործողության մասին, Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյան) նշեց առաջին հերթին Արմենչոյի եւ Վիգենի անունները. «Վիգեն Գրիգորյանն, անշուշտ, խիզախ մարդ էր, հերոս տղա: Շատ լավ կռվել է եւ Արթուր Մկրտչյանի հետ միասին շատ գործեր են արել»:
Վիգեն Գրիգորյանը ծնվել է Դիզակի Տող գյուղում, մտավորականի ընտանիքում: Ստացել է լավ դաստիարակություն: Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի բանասիրական կրթաճյուղը: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տողի մերձակա Մոխրենիս գյուղում, իբրեւ դպրոցի տնօրեն եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: Հայրենասիրության ոգով է դաստիարակել իր աշակերտներին, ձեռք է բերել լավ հեղինակություն:
Շրջանում ազատագրական պայքարը նախաձեռնողների մեջառաջիններից էր: Ճարտասանական շնորհքով օժտված մտավորականը լավ գործ արեց ազգային գաղափարախոսության արմատավորման, ազատագրական պայքարը կազմակերպելու եւ բուն դաշնակցական մարտական գործունեության մեջ: Թեեւ նա Վանա Իշխանի նման փոքրամարմին էր, սակայն անսպառ եռանդ ուներ եւ շուտով պայքարին աչքի ընկնող դեմք էր թե Դիզակում, թե, առհասարակ, Արցախում: Նա ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր էր:
Կյանքի վերջին ամիսներին Վիգենը Տողի գումարտակի շտաբի պետն էր եւ Արմենչոյի հետ միասին ձեռնարկեցին ու իրագործեցին մի շարք փայլուն գործողություններ: Մասնակցել է Հադրութի գրեթե բոլոր կարեւոր մարտերին: Վիգենը համակված էր հայությունը Հայրենիքում միավորելու, ազատ եւ միացյալ Հայաստան վերակերտելու գաղափարով: Նա զոհվեց այդ ճանապարհին 1993 թվականի ապրիլի 5-ին:
Վիգենն ամուսնացած էր, կատարելապես երջանիկ էր իր ընտանիքով: Ունի կին՝ Գրետա Ավետիսյան, ով իր գործընկերուհին էր, զույգ որդիներ՝ Արշակ եւ Վարդան, ու դուստր՝ Ալենուշ: