Ինչպե՞ս պետք ա տեսնենք մեր ապագան, լավ բան կա՞, որ տեսնենք
Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում բնակվող Մանգասարյանների ընտանիքում նախկին ուրախությունն ու երջանկությունն այլևս չկան։ Որդու՝ 20-ամյա Հայկ Մանգասարյանի զոհվելուց հետո ցավն ու կսկիծը չեն ամոքվում։
Հայկ Մանգասարյանի մայրը՝ Սիլվա Սահակյանը, որդու մասին պատմում է հուզմունքով, կարոտով ու վիշտը սրտում։ Ընդգծում է՝ այլևս որևէ լուսավոր բան չի տեսնում կյանքում:
«Ինչպե՞ս պետք ա տեսնենք մեր ապագան, կարո՞ղ ա լավ բան կա, որ տենանք, կարո՞ղ ա լավ կյանք կա»,- արտասվելով ասում է մայրը։
Տղան՝ Հայկ Մանգասարյանը, ժամկետային զինծառայող էր, 2021-ի հունվարի 14-ին պետք է զորացրվեր, սակայն սկսվեց պատերազմը, որն ամբողջովին փոխեց Մանգասարյանների ընտանիքի կյանքը։
Ընտանիքը Հայկի հետ վերջին անգամ կապ է հաստատել պատերազմն սկսվելուց երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, որից հետո Հայկի հեռախոսն արդեն անհասանելի էր։
«Եղնիկներն» էր իրենց զորամասը, սեպտեմբերի 29-ին ես զանգեցի, տեսնեմ՝ ո՞նց ա, ասեց՝ մա՛մ ջան, ես կզանգեմ հետո։ Էլ չզանգեց»,- հուզմունքով ասում է մայրը։
Ընտանիքը Հայկ Մանգասարյանի զոհվելու մասին իմացել է հոկտեմբերի 1-ին, որն անակնկալ է եղել ընտանիքի համար:
«Անընդհատ զանգում էինք, անհասանելի էր։ Գիտեինք, որ դիրքեր էին գնում, էնտեղ հեռախոսն անհասանելի էր, մտածում էինք՝ երևի էլի էնտեղ ա, դրա համար ա անհասանելի։
Մեր գյուղից մի աշխատող կար, զանգեցինք, հարցրեցինք՝ ինչ կա երեխուց, ինքը ասեց՝ երեխեն զոհվել ա»,- կսկիծով հիշում է մայրը։
Հայկ Մանգասարյանը Սիլվա ավագ որդին էր, ասում է՝ տղան շատ ընկերասեր էր, ցանկանում էր ծառայությունն ավարտելուց հետո շարունակել զորամասում աշխատել:
«Ինքն ասում էր՝ ծառայությունս պրծնեմ, չեմ գա տուն, «Եղնիկներում» էլ կծառայեմ: Ամուսինս էլ ասեց՝ երեխեն պրծնի, ես էլ կգնամ էնտեղ ծառայության, երկուսս կգնանք ծառայության, կգանք միասին»,- պատմում է կինը:
Սիլվան հիշում է, որ մինչև պատերազմը կյանքը բոլորովին այլ էր, ընտանիքը ամբողջական էր, հանգիստ սրտով ապրում էին:
«Նորմալ ապրում էինք մեր համար, ամուսինս աշխատում էր, ապրում էինք, հիմա ի՛նչ, չգիտենք էլ՝ ի՛նչ ա սա՝ կիսատ կյանք ա»,- ասում է Սիլվան։
Որդու զոհվելուց հետո Սիլվային աշխատանք են առաջարկել տեղի մանկապարտեզում՝ որպես դաստիարակի օգնական։
Ասում է՝ դուրս է գալիս տնից, գնում աշխատանքի, բայց մտքով անդադար որդու հետ է:
«Տղայիս զոհվելուց հետո ինձ աշխատանքի վերցրին մանկապարտեզում, դաստիարակի օգնական եմ։ Գալիս եմ, գնում՝ էնքան որ։ Էս դեպքից հետո ոչ մի լավ բան չեմ տեսնում, ոչ մի ապագա չեմ տեսնում»,- ասում է որդեկորույս մայրը։