Մեր ճակատում մենք հաղթեցինք
Մարինա Փարսադանյանը 2021 թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրահատական բաժնի վարիչ: Մինչ այդ, 21 տարի շարունակ ծառայել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 44-օրյա պատերազմի մասնակից է, մեր «սպիտակ» բանակի մարտիկներից: Շատ փորձություններով է անցել այս հմայիչ, բարեհոգի ու ժպտերես բժշկուհին: Բայց այս ամենի մասին ավելի լավ է՝ ինքը՝ Մարինան պատմի, հատկապես, որ շատ լավ պատմող է:
-Մի ամբողջ կյանք եմ ապրել հոսպիտալում,- ժպտում է բժշկուհին,- ամբողջ մի կյանք… 21 տարի զինված ուժերում: Հոսպիտալի վիրահատական բաժանմունքում ծառայության էի անցել 2000 թվականին: Նոր էի ավարտել բժշկական ուսումնարանը, աշխատանք էի փնտրում, և կարծես աշխատանքն ինքը գտավ ինձ: Մի սկզբունք ունեմ կյանքում. եթե մի բան անում եմ, պետք է անեմ գերազանց: Առաջին իսկ օրվանից ձգտում էի ինձ լավ դրսևորել, որ հնարավորինս շուտ մասնակցեի վիրահատություններին: Ծառայության երկու ամիսը դեռ չբոլորած՝ մտա վիրահատարան՝ որպես քույր մասնակցելով վիրահատություններին: Տարերքի մեջ էի: Այն ժամանակ խաղաղ էր. լինում էին հատուկենտ հրազենային, ականանետային վնասվածքներ, բայց՝ հազվադեպ: Հատկապես ձգտում էի բարդ վիրահատություններին մասնակցել, ամեն ինչ տեսնել, սովորել: 2003 թ. ընդունվեցի բժշկական համալսարանի ատամնաբուժական բաժին: Մորս երազանքն էր. շատ էր ուզում, որ լավ բժիշկ դառնայի: Ավարտեցի օրդինատուրան, աշխատում էի որպես ատամնաբույժ, բայց հոսպիտալը չէի թողնում: Հետո արդեն որպես հոսպիտալի վիրահատարանի ղեկավար էի: Երբ առաջարկություն ստացա գալ այստեղ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, շատ ծանր ու երկար մտորումներ ունեցա. ո՞նց թողնեմ գնամ իմ շատ սիրելի հոսպիտալը, իմ կոլեկտիվին: 2020 թվականն էր: Շատ ու շատ երկար մտածեցի այնտեղ ծառայությունս թողնելու մասին: Ուրբաթ օր էր. թուղթն ու գրիչը դրել էի դիմացս, գրում-ջնջում էի դիմումս: Այդ օրը չստացվեց: Իսկ հետո եղավ անսպասելին ու ճակատագրականը. ուղիղ երկու օր անց՝ սեպտեմբերի 27-ին, կիրակի օրը, սկսվեց պատերազմը… Հետագայում շատ եմ մտածել՝ ի՜նչ լավ էր, որ չգրեցի դիմումս, մնացի, որովհետև հոսպիտալում պատերազմի ընթացքում շատ բան կար անելու: Ինձ չէի ներելու, եթե այդ պահին տեղում չլինեի…
Սեպտեմբերի 27-ն էր. առավոտյան քրոջս հետ դուրս էինք եկել տնից, գնում էինք Տավուշ՝ արշավի. 15 կմ անտառներով քայլելու էինք: Արդեն դուրս էինք գալիս Երևանից, երբ հաղորդագրություն ստացա. «Փարսադանյա՛ն, շտապ ներկայացիր ծառայավայր»: Անմիջապես իջա ավտոբուսից: Տաքսու վարորդը բազմիմաստ ինձ նայեց. «Շատ վատ բան է եղել…Պատերազմ է…»: «Պատերա՞զմ…»:
Հոսպիտալում անմիջապես կանչեցի անձնակազմիս, պատրաստվեցինք. արդեն գիտեինք, որ վիրավորների մեծ հոսք է սպասվում… Բնավորությանս համաձայն՝ ամեն ինչ պատրաստ էր: Հանկարծ ու մեծ թվով վիրավորների բերեն, ու պարզվի՝ որևէ բան պակաս է: Մեր երջանկահիշատակ բժիշկ Ամատունին միշտ ասում էր. «Մեր Փարսադանյանը դանակ չունի, բայց սրած մատիտը միշտ գրպանում է պահում»: Շուտով ասացին, որ բժշկական խումբ է պետք ուղարկել Մարտակերտ: Դժվար էր. չգիտեի՝ ինչ էր սպասվում մերոնց… Երեկոյան ժամը տասից սկսվեց վիրավորների հոսքը հոսպիտալ… Մինչև լույս վիրահատություններ էինք անում: Սարսափելի վիրավորումներ էին, չէինք տեսել նման բան. մտածում էինք՝ այս ի՜նչ զենքից են այս վնասվածքները…: Յոթ օրը մեկ աղջիկներիցս մեկին ուղարկում էի առաջնագիծ: Խնձորեսկ ուղարկելիս ավելի թեթև էի տանում, իսկ Արցախ մեկնողների մասին մտածում էի՝ նրանց նորից կտեսնե՞մ: 22 օր ու գիշեր անընդմեջ հոսպիտալում էի: Տարօրինակ էր. անդադար աշխատում ու չէինք հոգնում: Մի օր էլ հարցրին. «Փարսադանյա՛ն, ո՞ւմ կարող ես ուղարկել Մարտակերտ»: Էլ ուղարկելու մարդ չէր մնացել. մնացածը տեղում էին պետք: Ասացի. «Ի՛նձ»: Աշխատանքն արդեն իր հունով գնում էր. անձնակազմս հստակ կողմնորոշվում էր բոլոր իրավիճակներում. գիտեր՝ ինչ պետք է աներ. կարող էի հանգիստ խղճով մեկնել:
Այդ օրն ինձ այնքան մարդ էր ճանապարհում: Նայում էի ու մտածում. «Աստված իմ, եթե ինձ մի բան լինի, այսքան մարդ ինձ այլ «կարգավիճակով է» դիմավորելու»,- զրնգուն ծիծաղում է Մարինան:
-Ինձ հետ առաջնագծից եկած մի բուժակ էր գալիս Մարտակերտ: Անընդհատ նայում էր դեմքիս, հետաքրքրվում. «Առաջին անգա՞մն է: Հո չե՞ս վախենում»: Ասացի՝ «Չէ՛»: Բայց, իհարկե, մի քիչ վախ կար մեջս: Ամենաշատը, անկեղծ ասած, քրոջս մասին էի մտածում: Ծնողներս վերջերս էին մահացել. հորս մահվանից հետո մայրս էլ երկար չապրեց. նրանց սերն այնքա՜ն մեծ ու վերերկրային էր… Քրոջս հետ մենք միայն իրար ունենք այս աշխարհում, ու ահա ես գնում եմ պատերազմական գոտի, դեպի անհայտություն… Սրտի դողով զանգեցի քրոջս: Քիչ էր մնում՝ լացեի, բայց ձայնիս առույգ հնչերանգ տալով՝ ասացի. «Մերի՛, ես գնում եմ»: Քույրս միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել և այդ օրն իրեն որպես հմուտ դիվանագետ դրսևորեց. «Լա՛վ ես անում,- նրա ձայնը շատ վստահ հնչեց:- Պե՛տք է քո գնալը, իհարկե, պիտի գնա՛ս»: Այս բառերն ինձ մեծ ուժ տվեցին. «Վե՛րջ, ամեն ինչ նորմալ է, այլևս մտածելու բան չունեմ»:
Քարվաճառով էինք գնում. ամբողջ ճանապարհին դուրս էի նայում: Ժամանակ առ ժամանակ վառված մեքենաներ ու տեխնիկա էր հանդիպում: «Ասես՝ կինոյում լինեմ: Մի՞թե իրական է այս ամենը»: «Այնտեղ ամեն ինչ կա,- հարևանս՝ բուժակը, փորձում էր ինձ շեղել այդ պատկերներից, ծիծաղեցնել:- Wi-Fi էլ կա, հզոր ինտերնետ կապ էլ, ամեն ինչ, իսկը՝ «սանատորիա», Մարինա՛ ջան, չմտածե՛ս»:
Հոկտեմբերի 17-ին հասանք տեղ, իմացանք, որ Մարտակերտի հոսպիտալը մի օր առաջ պայթեցրել են, և գիշերով հոսպիտալի ամբողջ գույքը և վիրավորներին տեղափոխել էին Դրմբոն: Երբ հասանք գյուղ, դեռ ոչ մի կրակոց չէր լսվում: Խաղաղ, հանդարտ էր: Հոսպիտալ ասվածը մի մո՜ւթ վայր էր: Չէր կարելի գիշերով լույս վառել. բուժանձնակազմը փոքրիկ լապտերիկներով էր շրջում: Իհարկե, ներսում՝ վիրահատարանում, լույս կար: Հոսպիտալի պետը՝ Գրիգորյան Հովհաննեսը, դիմավորեց մեզ: Արցախցի այս պատկառելի բժշկի ամբողջ կերպարանքը հզոր, անվրդով հանդարտություն էր արտահայտում: Ծիծաղելով դիմեց ինձ. «Ինչո՞ւ ես դիմակով»: Ասացի. «Ջերմում եմ: Հնարավոր է՝ քովիդով հիվանդ լինեմ. հանկարծ մեկին չվարակեմ»: Ավելի բարձր ծիծաղեց. «Մարինա ջա՜ն, այստեղ բոլորը քովիդով հիվանդ են. հանգի՛ստ եղիր»: Երբ մութն ամբողջովին ընկավ, սկսվեց վիրավորների անդադար հոսքը… մնացած ամեն ինչ մանրուք էր թվում: Սկզբում ինձ այս ու այն կողմից ասում էին. «Դուք այս կո՛ղմ գնացեք, այն կո՛ղմ գնացեք»: Վրդովվեցի. ո՞նց թե՝ ես եկել եմ օգուտ տալու, ոչ թե ոտքի տակ ընկնելու: Իմ օպերացիոն քույրերից մեկն էր այնտեղ: Ասացի. «Լիա՛ն, դու ինձ պարզապես ցույց տուր՝ ինչը որտեղ է, ես գնամ վիրահատության»: «Չե՞ս ուզի մի քիչ հանգստանալ»: «Չէ՛, հիմա»: Մինչև գիշերվա երեքը աշխատում էինք, երբ հանկարծ ծանոթ դեմք տեսա. ինձ ծանոթ հայաստանցի վիրաբույժներից մեկը՝ Արման Մուրադյանը ներս մտավ: Երկուսս էլ ուրախացանք: «Էս ծանր հրետանի՞ են ուղարկել մեզ մոտ: Լավ է, լավ»,- ասաց գրկախառնվելով: Ես էլ ետ չմնացի. «Ի՜նչ լավ է՝ քեզ տեսա. ասում էի՝ ղարաբաղյան բարբառը չեմ հասկանալու, իրենց լեզվով ասեն՝ «օդային տագնապ», չեմ հասկանալու՝ ճիշտ կրակի ուղղությամբ եմ գնալու»:
Վիրահատարանում ներարկելուց առաջ արյունով լի փաթեթները պետք էր հալեցնել: Հանկարծ մի հետաքրքիր միտք ծնվեց իմ մեջ: Ասացի. «Էրեխե՛ք, հլը էդ պարկերը տվեք ինձ»: Ջերմությունս բարձր էր: Շարում էի մարմնիս վրա, շորիս տակ, ու մարմնիս ջերմությունից շատ արագ հալչում էին. «Պատրա՛ստ է, վերցրե՛ք»: Այնքան արագ էր լինում,- ինքն իր հնարամտության վրա ծիծաղում է Մարինան:- Փաստորեն, ջերմությունս օգտակար եղավ: Այդ պահին ամեն ինչ պետք է անեինք. արագ էր պետք գործել: Հոսպիտալի պետը, չգիտեմ անգամ ինչ բժշկական մասնագիտություն ուներ, բայց մեզ հետ ամենուր էր, վիրավորներին զննելուց մինչև ամենատարբեր բնույթի վիրահատություններին մասնակցում էր: Երբ վիրավորներին բերում էին, նախ բոլորով կտրատում էինք համազգեստները, որ մանրամասն զննենք վիրավորումները: Հոսպիտալի պետը՝ Գրիգորյանը, երբեմն ծիծաղով հարցնում էր. «Փարսադանյա՛ն, ինչի՞ կարիք կա»: Պակասող ոչինչ չկար. ամեն ինչով ապահովված էինք՝ դեղորայքով, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով…
Միայն մտածում էի՝ պետք է այնպես անենք, որ կրկնակի վիրահատության կարիք չլինի: Բերում էին արնաշաղախ, հողոտ մեր զինվորներին. շատ արագ էր պետք աշխատել…
Մի դեպք է տպավորվել: Զինվորի ոտքը կտրված էր: Այդ ոտքն էլ հետը բերել էին հոսպիտալ: Հարցրինք՝ «Ոտքը ինչո՞ւ եք բերել»: Ասացին. «Թող թուրքերի մոտ չմնա՛…»:
Մի կամավորի բերեցին. տարիքով մարդ էր: Դեմքին նայեցի ու ապշեցի. բեղավոր էր, կազմվածքով, դիմագծերով իսկը Նժդեհն էր: Մերոնց ասացի. «Էրեխե՛ք, հլը նայեք՝ ինչքա՜ն է Նժդեհին նման»: Քիչ հետո, երբ վիրահատեցինք, գիտակցության բերեցինք ու հարցրինք անունը, արևմտահայի առոգանությամբ ասաց. «Նժդեհ է անունս»: Չդիմացանք, ծիծաղեցինք. քիչ առաջ նրան «նույնականացրել էինք»: Պարզվեց՝ Ֆրանսիայից էր կամավոր եկել: Մեր Նժդեհի կյանքը փրկվեց. թոքն էր վիրավորվել, դրենաժավորեցինք, կար դրեցինք ու ուղարկեցինք Ստեփանակերտի հոսպիտալ:
Ո՛չ սով էի զգում, ո՛չ ջուր էի խմում, ո՛չ քնել էի ուզում: Երբ կարևոր գործ ես անում, որ հատկապես մարդկանց կյանքի հետ է կապված, քո անձը բոլորովին մոռանում ես: Դեռ մանկուց փակ տարածքների վախ ունեմ: Մտածում էի՝ ի՞նչ կլինի, եթե հանկարծ «տագնապ» լինի, փակվեն բոլոր դռները, ստիպված լինենք օրերով փակի տակ մնալ: Հետո շուրջս նայեցի. տեսա մեկին, որին տանը երկու մանկահասակ երեխաներն էին սպասում, մյուսին, որին ծնողն էր սպասում, և այսպես հերթով հայացքս սահեց ներկաների վրայով, ու մտածեցի. «Ես ո՞վ եմ, որ մտածեմ իմ անձի անվտանգության մասին»: Վախիցս ոչինչ չէր մնացել այդ օրերին, ասես՝ չէր էլ եղել: Մի քանի անգամ այդ ընթացքում «օդային տագնապ» հնչեց: ԱԹՍ-ները պտտվում էին երկնքում: Մի անգամ մեզ շատ մոտ էր ընկել դրանցից մեկը. տղաները գնացին, բերեցին, ուսումնասիրեցինք: Գիշերով փոխհրաձգությունը հատկապես ուժգին էր լինում: Հիշում եմ, երբ ռմբահարում էին դիմացի բլուրները, մեր մայրապետն ասում էր. «Մի՛ վախի, բալա՛ս, էդ մերոնք են». չգիտեմ՝ հանգստացնելու համա՞ր էր ասում, թե իրոք մերոնք էին…
Շատ դժվար էր, բայց բոլորը մի մարդու պես իրենց գործն էին անում, չկար մեկը, որ զլանար, որևէ բան չաներ, պակաս թողներ:
Երբ վիրավորին ծանր վիճակում էին բերում, աղոթում էի, որ ապահով տեղ հասնի: Բոլորի անունները գրում էինք ու հետագայում փորձում էինք տեղեկություն ստանալ՝ ով ինչպես է: Փա՜ռք Աստծո, միշտ լավ լուրեր էինք իմանում:
Մի դեպք էլ հիշեցի. մի զինվորի բերեցին, որի ոտքի մատը թարախակալել էր: Ասացինք՝ եղունգդ պետք է հեռացվի, բայց մի երկու-երեք օր գոնե պետք է մնաս հոսպիտալում: Խեթ-խեթ նայեց մեզ. «Չէ՛, ո՞նց մնամ, պիտի գնամ մերոնց մոտ»: Չմնաց: Վերքը մշակեցինք, գնաց: Երեք օր հետո նույն այդ տղային էլի մեզ մոտ բերեցին. ցնցահարված էր ստացել, փա՜ռք Աստծո, լուրջ չէր վնասվածքը: «Ա՛յ, որ մնայիր, չգնայիր, չէր լինի էս բանը»,- ասացի ծիծաղելով: Էրեխեքը՝ մեր զինվորները, շա՜տ լավն էին, շա՜տ: Հետաքրքիրն այն է, որ իրենք էին մեզ հույս տալիս. «Մենք լավ ենք, չմտածե՛ք, ամեն ինչ լավ է, ամեն ինչ ունենք»: Մենք էլ մտածում էինք՝ եթե տղաներն այսքան վստահ են խոսում, պիտի ուր որ է՝ հաղթենք…
…Օրեր շարունակ օրուգիշեր աշխատել էի մարտական գոտում, նոր ընկերներ, հարազատ հոգիներ էի ձեռք բերել ու ահա հետ էի վերադառնում. մի կողմից ուրախ, որ տուն էի գալիս, մյուս կողմից՝ դժվար էր բաժանումը: Պատերազմը, հատկապես դրա արդյունքները, բոլորիս համար աղետալի էին… Բայց, գիտե՞ք, մեր՝ բժիշկներիս պարագայում այն, որ ասում էինք «հաղթելո՛ւ ենք», իրականացավ. մենք մեր ճակատում՝ մեր դիրքերում, հաղթեցի՛նք. կյանքի համար անզիջում պայքարում մենք հաղթեցի՛նք…
Մարինան պատերազմից հետո՝ 2021 թ., այնուամենայնիվ, ընդունեց առաջարկը և հոսպիտալից տեղափոխվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Այժմ էլ ղեկավարում է կենտրոնի վիրահատական բաժինը: Այստեղ յուրաքանչյուր օր նվազագույնը 30-40 վիրահատություններ են անում՝ սրտի փակ վիրահատություններից մինչև պլաստիկ վիրահատություններ ու ծննդաբերություն:
Մարինան ու քույրը դեռ ամուսնացած չեն, բայց ամեն մի մանկան ճիչով ոգևորվում ու ապրում է բժշկուհին, հատկապես, երբ պատերազմում զոհված տղաների հերոս մայրիկներն են իրենց մոտ ծննդաբերում…
-Շա՜տ այդպիսի ծննդաբերություններ ենք ունեցել այստեղ,- Մարինայի դեմքը լուսավորվում է նորածինների մասին հիշելիս:- Հիանում եմ այդ մայրիկներով: Իմ ընկերուհին, ի դեպ, այստեղ ենք ընկերացել, վերջերս մեզ մոտ բալիկ ունեցավ: 43-ամյա իմ Անուշը առանց կեսարյան հատման՝ իր ուժերով ծննդաբերեց: Շատ սիրեցի մայրիկին, իր բալիկին: Հպարտությամբ ասում եմ՝ ես Հայկիս մորաքույրն եմ: Անուշն ինձ պատմել է, որ մի օր պատերազմից չվերադարձած որդին՝ Գևորգը, երազում եկել է, նորածին է տվել իր գիրկն ու ասել. «Մա՛մ, վերցրո՛ւ, Հայկն է, կպահե՛ս», ու գնացել է… Մայրը դեռ չի հավատում, որ որդին զոհվել է, կսպասի նրան միշտ…
Ես միշտ այսպես եմ մտածել՝ պետք է վարվեմ այնպես, ինչպես կուզեի, որ ինձ հետ վարվեին: Ծնողներս են այդպես դաստիարակել: Հայրս բիզնեսով էր զբաղվում: Միշտ հասնում էր բոլորին, օգնում: Մի օր, հիշում եմ, մեր հարևաններից մեկը խնդրեց, թե՝ փող չկա, տղաս էլ հեծանիվ չունի: Ի՞նչ կլինի՝ մի հեծանիվ նվիրես: Հաջորդ օրը մեր բակի տասը երեխա նոր հեծանիվներ նվեր ստացան հորիցս: Քույրս, որ հիմա հորս բիզնեսով է զբաղվում, պատերազմի օրերին զգալի օգնություն էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, փորձել էր ամեն կերպ օգնել մեր կռվող տղաներին: Երբ պատերազմից հետո տուն մտա, տեսա, թե ինչպե՜ս էր հյուծվել, նիհարել: Հարցրի. «Շա՞տ ես տանջվել: Նորմալ չե՞ս սնվել»: «Չէ՛, նորմալ էր ամեն ինչ: Կարևորը՝ եկար…»:
…Պատերազմից հետո ամենաշատը մեր ցուցամոլության դրսևորումներն են ինձ տխրեցնում: Երբ տեսնում եմ երիտասարդների, որ թանկ մեքենաների ղեկին նստած, երաժշտությունը բա՜րձր միացրած ուզում են ուշադրություն գրավել, մտածում եմ՝ «Ի՜նչ ամոթ է…»: Հարուստ խնջույքներ են կազմակերպում, որ ավելի շատ մրցավազքի են նման՝ ումն է ավելի ճոխ, ինչպե՞ս չեն հասկանում, որ կան ընտանիքներ, որոնք մեկընդմիշտ զրկված են ուրախությունից…
…Այստեղ՝ հիվանդանոցում, մենք հիվանդի կյանքի հետ գործ ունենք, ոչ մի թերացում չե՛մ հանդուրժի: Անձնակազմիս միշտ ասում եմ՝ հիվանդին ժպիտով դիմավորեք, նա երբեք չպիտի զգա, թե որքան հոգնած եք այդ պահին: Դռան ետևում սպասող հարազատին միշտ համբերատար ու սիրո՛վ պատասխանեք, չէ՞ որ երբեք ոչ ոք չգիտի՝ վաղը արդյո՞ք ինքը չի կանգնի այդ նույն դռան ետևում: Ավելի հոգատար պետք է լինենք միմյանց հանդեպ, ավելի շատ պետք է սիրենք ու օգնենք իրար, հատկապես այսքան կորուստներից հետո…