Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024

Երբ Պապը ծնվեց, ճիչը լսեցի, էդ պահին պատկերացրի իմ առաջնեկին․ որդեկորույս ծնողները նորածին որդու շնորհիվ ապրելու իմաստ են գտել

Օգոստոսի 05, 2022

Այվազյանների համար տխրությունն ու ուրախությունը միախառնվել են իրար։ Մինուճար որդուն 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո Այվազյանները տղա են ունեցել։ Նորածին Պապ Այվազյանը, որը կրում է ավագ եղբոր անունը, ցավի ու տառապանքի մեջ ապրելու նոր իմաստ է բերել Այվազյանների կյանք։

«Պապը մեր տան միակն էր, չկար ոչ մեկը, որ մխիթարվեինք։ Երբ իմացա, որ հղի եմ, շատ ուրախացանք։ Երբ Պապը ծնվեց, ճիչը լսեցի, էդ պահին պատկերացրի իմ առաջնեկին։ Ինքն իմ ապրելու իմաստը դարձավ։ Քաղցր զգացողություն ա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 38-ամյա Նարինե Պողոսյանը։

Նարինեին նորից մայրանալու հարցում օգնել է Մարդու պտղաբերության կենտրոնը։ 

«Առաջին և երկրորդ փորձը չստացվեց, բայց բժշկուհիս գոտեպնդում էր, ասում էր՝ արի, կստացվի, և եղավ հրաշքը։ Անբացատրելի զգացողություն ա՝ 21 տարի անց նորից մայրանալ»,- պատմում է 38-ամյա կինը։

Պապ Այվազյանը ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով, 51 սմ հասակով։

Մայրն ասում է՝ անսովոր է կրկին նորածնին խնամելը, հմտանալու կարիք ունի, սակայն մեծ հոգատարությամբ և սիրով է ամեն ինչ անում․ «Էնքան նուրբ ու պստիկ ա, ես էլ մի քիչ վախկոտ եմ ու մոռացել եմ ձևերը, բայց իմ սերը կրկնակի եմ տալիս իրան։ Ինքը շատ նման ա իրա ախպորը, ոնց որ ես սեր տամ հա՛մ իրան, հա՛մ Պապին»։

Նարինեն պատմում է, որ ամբողջ հղիության ընթացքում երեխայի հետ խոսելիս պատմել է եղբոր մասին, ընդգծել նրա առավելությունները, լավ հատկանիշները՝ հայրենասիրությունը, անվախությունը, խիզախությունը, հոգատարությունն ու ուշադրությունը:

«Պապը յուրահատուկ էր ամեն ինչով, բնավորությամբ համ խիստ էր, համ փափուկ, թույլին միշտ հասնում էր, տարբերվում էր նաև տեսքով, ձայնով, ուրախ կլինեմ, որ ինքը մի փոքր նման լինի եղբորը»,- ասում է մայրը։

Նարինեն ավագ որդու՝ Պապի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Այվազյանները Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից են։

Այվազյանների ավագ որդին՝ Պապ Այվազյանը, Ջրականում ժամկետային զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը։ Պապը կամավորագրվել է Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը, հակառակորդի դեմ մարտնչել Թալիշ-Մատաղիսում։

Պապը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, գնդացրի հարվածից։

Նրա մարմինը մինչև օրս չի գտնվել։ Նարինեն ասում է՝ տան անկյունն է իր համար սրբավայր դարձել, որտեղ խոսում է ավագ որդու հետ, պատմում առօրյայի մասին, խունկ վառում, հանգստանում։

«Ցավը չի անցնում, ավելի ա խորացել, բայց ձագուկը մեզ նոր կյանք տվեց»։

Պապ Այվազյանը մինչ բանակ գնալը սովորել է Գյումրու «Իմպրոռիթմ» արվեստի ակադեմիայի ժողովրդական երգի բաժնում։ Մոր խոսքով՝ որդին երազում էր կոնսերվատորիա ընդունվել։ 

«Սակայն որդուս երազանքները կիսատ մնացին»,- ասում է մայրն ու նշում, որ կրտսեր Պապի համար ուզում է, որ կյանքն անփորձանք լինի, հետագայում ինչ ցանկանա դառնալ՝ Աստծո կամոք կատարվի։

MediaLab.am