Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024

Սաքանյանների ընտանիքում կյանքը մղձավանջային է, հայր ու տղա անհետ կորած են

Օգոստոսի 05, 2022

7 ամիս շարունակ հորից ու եղբորից որևէ հստակ լուր չիմանալը և տունն ու գյուղը հակառակորդի վերահսկողության տակ անցնելը 22-ամյա Ծաղիկ Սաքանյանի և ընտանիքի մյուս անդամների օրերը մղձավանջի են վերածել։

Սաքանյաններն ընդհանրապես չէին պատկերացնում, որ սեպտեմբերի 27-ից հետո իրենց կյանքը միանգամից կարող է փոխվել։ Ծաղիկն ասում է՝ ամեն ինչ կորցրին, իսկ ամենասարսափելին անորոշությունն է՝ մինչ օրս որևէ լուր չունեն եղբորից ու հորից, որոնք անհետ կորած են։

«Ամեն տեղ դիմել ենք, մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա։ Միանգամից ամեն ինչ փոխվեց, ընդհանրապես չէինք մտածել, որ նման բան կլինի։ Շատ ահավոր է։ Եղբորս կինն էլ հոգեբանական առումով ծանր վիճակում ա, շատ վատ ա տանում։ Մայրս վաբշե ա ընկճվել»,- հուզմունքով ասում է Ծաղիկը։

Սաքանյանները մինչ պատերազմը ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։ Պատերազմը սկսվելուն պես Ծաղիկ Սաքանյանի եղբայրները, ամուսինը մեկնել են առաջնագիծ։ Օրեր անց ընտանիքը տեղահանվել և տեղափոխվել է Գորիս, բացի հորից։ Չնայած ընտանիքի հորդորներին՝ 65-ամյա Սերյոժա Սաքանյանը չի լքել տունը և իր տնից դուրս չի եկել։

«Ասեց՝ չեմ կարա գամ, ինչքան էլ համոզեցինք՝ չեկավ։ Ինքը մի քիչ անկողնային էր, չէր կարող դիրքեր գնալ, բայց տնից էլ դուրս չէր գալիս։ Հեռախոս էինք թողել իրա մոտ, զանգում էինք, խոսում էինք, մինչև հոկտեմբերի 20-ը գիշերը ժամը 12-ը խոսացել ենք, հետո ինչքան զանգել ենք, անհասանելի ա եղել»,- պատմում է դուստրը և հավելում, որ այդ օրվանից մինչ օրս որևէ լուր չունեն հոր մասին։

Ծաղիկը ներքուստ համոզմունք ունի, որ հայրը և եղբայրը գերի են։

«Իմ սիրտը տենց ա զգում։ Մեր գյուղում հիմա ադրբեջանցիներ են բնակվում, վիդեոներ ենք տեսնում, անգամ մեր տունն էին նկարել իրանք, բայց հայրս մեր տանը չէր։ Տեսել ենք, որ տունը քանդել էին, էդ վիդեոն հետո հաջորդ օրը ջնջել էին։

Ադրբեջանցիներն էլի մի քանի նկար էին հրապարակել, էդ նկարներում եղբորս էինք նմանացրել, բայց մինչև օրս տեղեկություն չունենք։ Մեկը մի բան ա ասում, մեկը՝ ուրիշ բան, սկզբում ասում էին՝ գլխից խփել են, մահացել ա։ Վերջերս գլխարկ էին տարել ու բրոնիժիլետ, սկզբում ասում էին՝ եղբորինս ա, հետո պարզվեց՝ իրա «մեծինն» ա եղել»,- պատմում է Ծաղիկը։

Ծաղիկի եղբայրը՝ Արարատ Սաքանյանը, պատերազմի օրերին հակառակորդի դեմ պայքար է մղել Ջրականում (Ջաբրայիլ)։ Վերջին անգամ Արարատը ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 17-ին, որից հետո նրա հեռախոսն արդեն անհասանելի է եղել:

«Հոկտեմբերի 17-ին վերջին զանգն ա եղել, քրոջս հետ ա խոսել եղբայրս, հետո իմացել ենք, որ իրան թողել են պիկապի մեջ։

Ինչքան գնացել են էդ տեղանքը, ման են եկել, որ գոնե դին ճարեն, ընդհանրապես ոչ մի բան էլ չի եղել իրենից։ Մտածում ենք, որ գերի ա»,- ասում է քույրը։

Ծաղիկն ասում է, որ երանությամբ է հիշում մինչպատերազմյան օրերը, երբ խաղաղ ու երջանիկ ապրում էին:

«Կյանքս էնքան ա փոխվել, էնքան եմ ուզում դաժը մի օրով հետ գնամ։ Հիմա որ գիշերը գալիս ա, սկսում եմ մտածել, թե խի՞ սենց բան եղավ, խի պապան մնաց, խի չբերեցինք, սաղ օրը էդ ա։

Դաժը որ մեքենայով տեղ գնալուց ենք լինում, էդ ժամանակ սկսում եմ լացել: Իշխանաձորում մենք մեքենայով շատ ենք շրջել, հիմա որ էստեղ դուրս ենք գալիս, էդ ժամանակ մտածում եմ՝ ոնց գյուղը մնաց, ոնց կորավ, ոնց ամեն ինչ թողեցինք, թշնամուս էլ չէի ցանկանա էս ամենը»,- ասում է Ծաղիկը և հավելում, որ միշտ կարծել են, որ կվերադառնան՝ ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց կյանքը գլխիվայր շրջվեց։

«Պատերազմի ժամանակ մյուս եղբայրս էլ ոտից էր վիրավորվել, հիմա արդեն լավ է, բայց ամուսինս ձեռից ա վիրավորվել, դեռ չի կարողանում շարժի, բժիշկներն ասում են, որ շարժելու հավանականությունը 50-50 ա»,- նեղսրտած ասում է Ծաղիկը։

Նշում է, որ օրն անցնում է սպասումով և հույսով, որ հորից ու եղբորից լուր կստանան, ասում է՝ պատրաստ են անգամ ամենադաժան լուրին, միայն թե որևէ բան իմանան հարազատներից:

«Սպասում ենք, մեր հույսը չենք կտրում, գիտենք, որ մի օր լուր կունենանք, թեկուզ էն վատ լուրն էլ իմանանք, էլի մեր համար էդ էլ ա բան»,- հուզմունքը զսպելով ասում է Ծաղիկը:

MediaLab.am