Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024

Նվիրումը՝ անմահություն…Ռոմա Լալայան

Օգոստոսի 05, 2022

Ռոմա Վալերիի Լալայանը ծնվել է 1984թ ապրիլի 26-ին, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում`ստանալով հրետանավորի որակավորում։

Ծառայել է նախ Հայկազովի հրետանային բրիգադում, ապա՝ Վարանդայի զորամասում։ 2017թվականին արդեն Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հրետանու պետն էր։ Մայոր Լալայանը խիզախաբար մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Նա նաև բազմամարտիկ էր, ՊԲ-ի բազմակի չեմպիոն։ 2020թ սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սահմանի ողջ երկայնքով անցել էր հարձակման, մայոր Լալայանը եղել է առաջնագծում, ճակատային գծում մասնակցել մարտական գործողություններին` Ջրականից մինչև Մարտունու 2-րդ ՊՇ։ Նրա կողմից հրետանու կրակի ճիշտ կառավարման շնորհիվ թշնամին կրել է մեծաթիվ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։

Սակայն հոկտեմբերի 25-ին ընկել է հերոսի մահով: Հերոսն ամուսնացած էր, ուներ որդի` Հայկը։

«Ռոման շատ սկզբունքային էր,ազգային արժեքների հանդեպ՝ խիստ պահպանողական։ Նրա համար հայրենիքը ամեն ինչից վեր էր,սպա լինելը նրա էությունն էր։ Պատերազմի ամբողջ ընթացքում առաջնագծում էր։ Նա կռվեց ու մինչև վերջ էլ հավատարիմ մնաց իր մարդ տեսակին, իր սկզբունքներին, չլքեց իրեն վստահված մարտական դիրքը, մի օր չտրտնջաց` ոչ հոգնածությունից, ոչ անքնությունից, հակառակը` առաջ շարժվեց «եթե ոչ ես,ապա էլ ո՞վ» սկզբունքով»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է կինը՝ Նունեն։

Ռոմա Լալայանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։