Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024

Իրականությունն ու պետությունն այստեղից են սկսվում. <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Միրզոյան

Օգոստոսի 06, 2022

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Միրզոյանը ծնունդով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից է: Ծնվել է 1982 թվականին: ՊԲ-ում ծառայել է 2000-2002թթ.: 2004թ. ավարտել է Երևանի մենեջմենտի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 2002-2020 հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանությունում՝ քրեական հետախուզության վարչության օպերլիազորից հասնելով ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնին։

2016թ.-ից ոստիկանության գնդապետ է, իսկ 2020թ. հունիսի 11-ին ԱՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության է անցել ԱԱԾ-ում, որտեղ էլ պաշտոնավարել է որպես տնօրենի տեղակալ: 2020թ. նոյեմբերի 1-ին Նորայր Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

  Նորայրի մասին պատմում են… անվերջ ու կարոտով, մեծ սպասումով, անգամ չհավատալով, որ նա այսօր մեր կողքին չէ: «Դեռ մանկությունն աչքերիս առաջ է,-մեզ հետ զրույցում ասում է քույրը՝ Նոնան՝ շարունակելով,- Նա շատ հանգիստ ու համեստ էր, դպրոցում գերազանց էր սովորում: Մանկուց առանձնանում էր իր հետաքրքրություններով, բարձունքների հասնելու ճանապարհին ինքն իրենով էր վստահ»:

Նորայրի համար մայրն իր սրբությունն էր: Քույր ու եղբայր առանց հայր են մեծացել, նրանց ողջ հոգսը մայրն էր տանում: Նաև տանը մեծ տատ ունեն, որ անկողնային պայմաններում են խնամում: Նա դեռ չգիտի, որ իր սիրելի Նորիկը միացել է երկնային արքայությանը:

Նորայրը նաև տատի նկատմամբ էր շատ ուշադիր ու հոգատար: Նա նվիրված ու երջանիկ երեք երեխաների հայր էր: Որդին՝ Հայկը, հոր պես է հայրենիքը սիրում ու արդեն հասցրել է դառնալ կարատեի չեմպիոն՝ բարձր պահելով Միրզոյան ազգանունը:

Նորայր Միրզոյանի մարդկային լավագույն ու առաքինի հատկանիշների մասին շատերը գիտեն: Նրա վերաբերմունքը ցանկացած նախաձեռնության տարբերվում էր: Նաև իր գործունեության մեջ հատուկ բանաձևեր ու սկզբունքներ ուներ:

-Գործունեությամբ շատ խստապահանջ էր, բայց ոչ թե ուրիշի նկատմամբ էր խստապահանջ, այլ ինքն իր հանդեպ: Ու այդ խստապահանջության մեջ նաև պատասխանատվությունն էր ամփոփված,-ասում է ընկերը՝ Դավիթ Խաչատրյանը:

Հետաքրքիր հուշեր շատ ունեն ընկերները: Դավիթ Խաչատրյանը նշեց, որ Նորայրն իր շրջապատի մարդկանց, երեխաների, ընկերների ծննդյան օրերն անգիր հիշում էր և անպայման զանգում ու շնորհավորում: Նա նշումներ չէր անում, այլ հիշում էր:

2015 թվականին, երբ մարտական դիրքեր էին գնացել ու արդեն երեկո էր, Նորայրը ընկերներից մի քանի մետր հեռու նստած մտածում էր… Դավիթը մոտեցավ նրան ու նա միանգամից ասաց. -Գիտե՞ս ինչ եմ մտածում… մեր բոլոր կարևոր որոշումներն այստեղ պետք է կայացնենք: Իրականությունն ու պետությունն այստեղից են սկսվում:  

Նա ապացուցեց, որ նա մեկն է այն քչերից, որն իրականությունը չափեց սահմանում՝ ազատատենչ երկիր ունենալու հույսով ու հավատով: Եվ հենց այդ հավատն էլ իրեն մղեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նույն կերպ նա իր հայրենասիրությունը դրսևորեց 2016-ին, անգամ հաշվի չառնելով իր պաշտոնը, որովհետև ինքը հայրենիքի համար էր ծնվել ու ամենամեծ պաշտոնը հայրենիքի արժանի որդի լինելն էր:

Շատ էր հպարտանում ու ոգևորվում 18-20 տարեկան սահմանապահ տղաների քաջությամբ ու ինքնավստահությամբ: Ու միշտ կրկնում էր՝ այս տղաները մեզանից ուժեղ են:

Նորայրի գթասրտությանը չափ չկար: Դա է փաստում նաև ընկերը՝ ավելացնելով, որ շատ կատակասեր էր նա: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Գիտեր այն, ինչ անհրաժեշտ էր, ու անում էր այն՝ ինչ կարևոր էր:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ նա եղավ բացառիկ՝ իր ռազմական գիտելիքները հմուտ կառավարելով կարողացավ թշնամուն զգալի կորուստներ պատճառել: Ամբողջ ռազմագործողությունների ընթացքում ինքն ուրիշ մարտական դիրքում էր, ընկերները՝ ուրիշ, բայց և ամեն անգամ հետաքրքրվում էր տղաների որպիսությամբ, մեկ-մեկ էլ կատակում՝ ասելով՝ վախած ե՞ք: Եվ իհարկե, այս ամենը նաև բոլորի մարտական ոգին բարձրացնում էր և ավելի ոգևորում:

Նորայրը զոհվելուց մի քանի ժամ առաջ զանգել էր Դավիթին ու տեղեկացրել, որ իրենց ուղղությամբ տեղաշարժ կա, պետք է ուշադիր լինեն: Բայց մի քանի ժամ հետո կտրվում է նաև իր երիտասարդ ու եռանդով լի կյանքը, որն ապրում էր արժանապատվությամբ ու լավատեսությամբ:

90-ականներին, երբ դեռ փոքր էր, էլի շատ էր հետաքրքրվում պատերազմից, քննարկում էր, հերոսացած տղաների սխրանքներին էր ուզում ծանոթանալ: …2020 թվականի նոյեմբերի 5-ին հող հայրենին պաշտպանելիս Նորայր Միրզոյանն իր անունը փառքով պսակեց ու սերունդների համար մի սխրալի ու հերոսական էջ թողեց՝ իր հերոսությամբ լի:
aravot.am