Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Ուրբաթ, Ապրիլի 26, 2024

Հունվարին պետք ա ծառայությունը պրծներ, բայց հունվարին իր մարմինն ենք գտել․ Անուշ Ավանեսյանն ասում է՝ կուզեր եղբոր ձայնը գոնե մեկ անգամ լսել

Օգոստոսի 22, 2022

23-ամյա Անուշ Ավանեսյանը չնայած գիտի, որ եղբայրը զոհվել է, սակայն չի կարողանում համակերպվել այդ փաստի հետ, ասում է՝ աչքը միշտ ճամփին է, իրեն թվում է, թե եղբայրը կզանգի, կամ դուռը կբացվի, ու ինքը ներս կմտնի։ Ասում է՝ կուզեր եղբոր ձայնը գոնե մեկ անգամ լսել:

«Պատերազմը վերջացավ, բայց հոգուս ցավն ու դառնությունը չեն վերջանում, անասելի կարոտը կրծում է հոգիս»,- հուզմունքով ու կարոտով ասում է քույրը։

20-ամյա Արման Ավանեսյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերազմը։ Հակառակորդի դեմ կռվել է Թալիշում։ Հոկտեմբերի 2-ին զոհվել է արկի հարվածից։ Արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Քույրն ասում է, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել է սեպտեմբերի 26-ին, երբ դեռ պատերազմը չէր սկսվել։ Ասում է՝ այդ զանգը հրաժեշտի էր նման:

«Սեպտեմբերի 26-ին որ զանգեց, սաղ բարեկամների հետ խոսեց։ Ես հղի էի, դեռ երեխես չէր ծնվել, ասեց՝ պուճուրիս լավ կնայես, պաչում եմ։

Մամայիս էլ ասել ա՝ միշտ իմացի, որ քեզ շատ եմ սիրում։ Հիմա եմ հասկանում, որ իր խոսքերը հրաժեշտի են նման, սաղիս հաջող ա արել»,- արտասուքն աչքերին պատմում է Անուշը։

Քույրն առաջինն է իմացել եղբոր զոհվելու մասին, ասում է՝ քանի որ եղբոր հետ կապ չկար, որոշում է հոկտեմբերի 6-ին զանգել թեժ գիծ, որտեղից էլ հայտնում են, որ եղբոր անունը զոհվածների ցուցակում է։ Ասում է՝ շոկային էր լսել այդ լուրը, չէր կարողանում հավատալ, որ դա հնարավոր է։ 

«Աբսուրդ էր, ինձ թվում էր՝ երազ ա, ասում էի՝ չեմ հավատում, ասում էին՝ ցավում ենք, բայց տենց ա։ Հետո անընդհատ զանգում էի, ասում էի՝ կարո՞ղ ա փոփոխություն լինի, ասում էին՝ չէ՛։ Միշտ հույս ունեի, որ սխալմունք կլիներ…

Մաման գյուղում էր, բարեկամներին ասեցի, որ գնան մամայի մոտ, բայց իրանք էլ չէին կարում ասեին, մի քանի օր հետո ես եմ մամային ասել՝ սենց բան կա… էդ օրն արդեն անունը զոհվածների ցուցակում  հրապարակվեց։ 

Օրերն էինք հաշվում, որ հեսա տուն գալու, ամեն խոսալուց ասում էր՝ բան չմնաց։ Հունվարին պետք ա ծառայությունը պրծներ, բայց հունվարին իրա մարմինն ենք գտել»,- ցավը սրտում ասում է քույրը։

Եղբոր զոհվելու հանգամանքները Անուշի ընտանիքին հրամանատարներից մեկն է պատմել։

«Պատմել է, որ բարձրացել են դիրքեր, արդեն ահավոր վիճակ է եղել, թշնամիները տանկերով մտել են Թալիշ… Ամսի 29-ին իրանց նահանջի հրաման են տվել, հետ են եկել, բայց դուրս չեն եկել Թալիշից, մնացել են էնտեղ։ Սպասել են՝ իրենց օգնություն գնա՝ Ասկերանից, Խոջալուից ինչ-որ տանկերով իրանց պետք ա օգնություն գնար, հասներ։ Մոտ 40 հոգի դիրքավորվել են էնտեղ, ինչ-որ հրամանատարական կետ ա եղել ու սպասել են։ Էդ ընթացքում իրանք ինչ զենքով կարողացել են, պաշտպանվել են։ 

Հոկտեմբերի 2-ին՝ արդեն գիշերը ժամը 3-ին, «Սմերչն» ա խփել իրենց մեջտեղից։ Բոլորը վիրավորել են, 4 հոգի մահացել են, որոնցից մեկը ախպերս ա եղել»,- հուզմունքով ասում է Անուշը։

Արմանի զոհվելուց մեկ տարի անց Անուշը գտնում է եղբոր ընկերներին, որոնք որոշ մանրամասներ են փոխանցում դեպքի օրվա մասին։

«Եղբորս ընկերներին գտա մի տարի փնտրելուց հետո։ Պատմեցին, որ Թալիշի աղբյուրի մոտ՝ ինչ-որ ձորում, ամբողջ վաշտով դիրքավորվել են, որտեղ թեժ մարտեր են ընթացել։ Երբ հարցրի՝ ՞ոնց էր տրամադրությունը, ասեցին՝ շատ լավ, ոնց էր կռվում, ինչ դուխով էր։ Արմանս գնդացրորդ էր, բայց նաև տղաների հետ սնարյադներ ա հասցրել ընկերներին։

Հոկտեմբերի 2-ին գիշերը որ սնարյադը խփել ա, Արմանս վիրավորվել ա, օգնություն ա կանչել, ընկերներով հանել են ձորից, բայց ախպորս վերքը շատ խորն է եղել, սնարյադը մտել է աջ կողքը, ու այդ նույն օրն էլ զոհվել է»:

 

Անուշն ասում է, որ եղբայրը բարի, հոգատար ու շատ նվիրված էր բոլորին։ Չնայած եղբոր հետ շատ էին վիճում, բայց հիմա անգամ այդ կռիվներն է կարոտել:

«Մենք շատ էինք իրար հետ կռվում, բայց երևի էդ շատ սիրելուց էր, շատ էինք կապված իրար հետ։ Անգամ այդ կռիվներն եմ կարոտել, ամեն ինչն եմ կարոտել»,- ցավով ասում է քույրը։

Անուշն ասում է՝ ամուսնու հետ էլ ծանոթացել է եղբոր միջոցով։ Նոր տարվան եղբորը փաթեթ է ուղարկել, որը փոխանցել է եղբոր ծանոթներից մեկի միջոցով։ Այդ հանդիպումն էլ ճակատագրական է եղել։

«Իր ծանոթներից էր ապագա ամուսինս, ինքն էլ ա զինվորական։ Նոր տարուն վեշ էի սարքել, ուղարկել, ինքն ա տարել, ըտեղից էլ սկսել են մեր հարաբերությունները»,- ասում է Անուշը։

Հենց ամուսնության օրն էլ քույրը վերջին անգամ տեսել է եղբորը… 2 ժամով։

«Ախպորս հետ վերջին հանդիպումը եղել է հունիսի 9-ին՝ մեր ամուսնության օրը։ Կորոնավիրուսի պատճառով հարսանիք չենք արել, չէր կարելի, ու իրան էլ երկու ժամով էին թողել»,- պատմում է Անուշը։

Ասում է՝ եղբայրը նկարվել չէր սիրում, բայց վերջին հանդիպման օրը քույրը համոզել է, որ նկարվեն։ Հիմա նկարներն են մնացել որպես հուշ։

«Սա ա մեր վերջին նկարը։ Ասեցի՝ նկարվենք, նոր գնա, ասում էր՝ ուշանում եմ, պիտի գնամ, դրա ժամանակը չի։ Բայց հասցրեցինք մի վերջին անգամ նկարվել»,- կարոտով հիշում է քույրը։

Վերջին նկարը եղբոր հետ

Ասում է՝ եղբոր զոհվելուց հետո ամեն բան փոխվել է, տանն այլևս նախկին անդորրը չկա, պարզապես ապրում են, չեն էլ հասկանում, թե ինչպես են օրերը մթնում:

«Ահավոր ա, աբսուրդ ա մեր տանը։ Սաղս գժված ենք, խելագարված, չարացած ամեն ինչի նկատմամբ։ Ամեն ինչին կարելի ա դիմանալ, բայց սրան՝ չէ։ 

Մամաս ասում ա ՝ ամեն ինչ պրծել ա իմ համար, ձեր համար եմ ապրում, անընդհատ ասում եմ՝ ես դեռ հեչ, բայց երկու տղա էլ ունես, հույս տալով ապրում ենք»,- ասում է Անուշը։

Եղբոր զոհվելուց հետո քույրն ապրումներն ու զգացածը սկսել է թղթին հանձնել ու բանաստեղծություններ գրել եղբոր մասին։ Ասում է՝ այդպես մի փոքր հանգստություն է զգում․

241 օր սպասում եմ հրաշքին,

241 օր սպասում եմ Զինվորիս համարի զանգին,

241 օր խամրեցին կյանքիս գույները,

241 օր չգիտեմ՝ ոնց եմ ապրում, 

241 օր չեմ լսում «Սաղ տոչնի ա, բալաս» բառերը,

241 օր շատ բան զգացի ու ապրեցի,

241 օր ատում եմ քեզ․․․

Ու դեռ ինչքան այդպիսի օրեր կատեմ։

Անուշն ասում է՝ երազանքներ չունի, ապագայի մասին ընդհանրապես չի կարողանում մտածել, բայց մի ցանկություն ունի, ուզում է անպայման տղա ունենալ ու երեխային եղբոր անունով կոչել. 

«Արմանից հետո ուզում եմ տղա ունենամ, այսինքն՝ տղաներ պիտի ունենամ, իր անունը պետք ա դնեմ»,- հուզված ասում է քույրը։

MediaLab.am