Տողի առյուծը
Առյուծի ուժ ունեցող հանրահայտ տղան՝ Արմենչոն, արցախյան պայքարի ընթացքում դիրքորոշման խնդիր չունեցավ, որովհետեւ որդին էր Լենո Գասպարյանի՝ Արցախի խիզախի, ով անհավասար պայքարի մեջ էր մտել ամբողջատիրության դեմ՝ ի խնդիր Հայրենիքի հետ Արցախի վերամիավորման: Իր հիշատակ-պատգամի մեջ, դիմելով թոռներին, Լենոն գրում է. «Արցախը Հայաստանին միացնելն անպայման կլինի, հնարավոր չէ հայ ազգին ծնկի բերել, առանձնապես արցախցուն, որ մշտական կռվի մեջ է եղել եւ մեծ պատմություն ունի այս հողի վրա»:
Հոր ցանած սերմը պարարտ հողի մեջ էր ընկել: Արմենը Արցախում պայքարի առաջամարտիկներից էր: Տողի նշանավոր գործողության ժամանակ հրամանատարությունը հապաղում էր գործողությունը սկսել: Զգուշանում էր շատ զոհեր տալուց, որովհետեւ փողոցային մարտեր պիտի լինեին: Արմենչոն ամեն կերպ հորդորում ու երաշխիք էր տալիս, որ գործողությունն առանց զոհի է ավարտվելու: Այնուհետեւ տղաները հրամանատարին պարզապես «ստիպեցին» սկսել գործողությունը:
Շատ է գրվել այդ փայլուն գործողության մասին: Կարեւոր է այս պարագային հրամանատարի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի, կարծիքն իրեն «նեղը գցող» տղաներից մեկի՝ Արմենչոյի, մասին. «Արմենը քաջարի եւ անվեհեր մարտիկ էր, բազմիցս է թշնամու թիկունքում գործողություններ իրականացրել: Ամեն իրավիճակում նա կարողանում էր հիանալի կողմնորոշվել, ուստի նրան անվանում էին Միայնակ Գայլ: Այնուհետեւ նա հասկացավ, որ «մենակը մարտադաշտում մարտիկ չէ»: Մտավ ջոկատ: 5-7 հոգով թիկունքում գործողություն էին կատարում եւ գալիս՝ հեռբից նայում էին, թե թշնամին ինչ կերպ է մեկնաբանելու այդ գործողությունը: Չափազանց համարձակ էր: Զինվորները համոզված էին, որ Արմենի ներկայությամբ հնարավոր չէ պարտվել»:
Կարճ ժամանակ անց, երբ կազմավորվեց պետական բանակը, Արմենչոն դարձավ Տողի գումարտակի հրամանատարը: Վիգենի հետ նրանք մտերիմ ընկերներ էին, շատ հզոր էին միասին: Գաղափարակից էին եւ նույն կազմակերպության անդամ:
Արմենչոն իր խիզախությամբ շատ կռիվներ է զարդարել եւ հաջողության պայման դարձել: Միայն Խծաբերդի տարածքում գտնվող Թոփաղաճ բարձունքի գրավումը բավական է, որ նրա անունն առհավետ մնա արցախյան պատերազմի փառագրքում: Այդ մարտում /1992 թվականի հոկտեմբեր/ Արմենը վիրավորվում է, բայց մարտադաշտը չի թողնում, թեեւ վնասվել էր ձեռքը եւ այլեւս կրակել չէր կարող, սակայն նա օգտագործում է ձեռնառումբերը: