Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Վճռական պահանջ

Հոկտեմբերի 06, 2022

Հայտարարություն

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն արեց հերթական հակամարդկային հայտարարությունը, որից հետո վարչապետի պաշտոնում նրա մնալը չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ:

Նա հայտարարեց, թե իբր Արցախի Ադրբեջանի կազմում լինելն ամրագրել էին  դեռ 2007-ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստորագրելով Մադրիդյան սկզբունքները:

Այնուհետեւ նա շեշտեց. «Արդյոք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել: Այո, պայքարել ենք, եւ բոլորդ էլ տեսել, թե ինչպես ենք պայքարել: Արդյոք հաջողել ենք: Ոչ, չենք հաջողել: Չենք հաջողել: Եւ ժամանակն է խոստովանել, որ չենք էլ հաջողելու»:

44-օրյա պատերազմում, դրանից հետո տեղի ունեցած զինված բախումներում նահատակված հազարավոր տղերքի ծնողների, նրանց ընտանիքի անդամների մոտ հերթական հարցերն են առաջանում.

  1. Եթե պաշտոնավարումից հետո հայտնաբերել էիր, որ 2007-ին Հայաստանը արդեն իսկ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ապա ինչու այդ մասին հրապարակավ հայտարարություններ եւ պարզաբանումներ չհնչեցին:
  2. Եթե 2007-ին արդեն իսկ կանխորոշված էր Արցախի ապագան, ապա Աշոտ Փաշինյանն ու մեր լույս տղերքն ի՞նչ էին անում Արցախում եւ ինչի՞ համար:
  3. Խոստում էր հնչել, որ Արցախի հարցը լուծվելու է Հանրապետության հրապարակում, ապա այդ դեպքում ինչու գոնե հանրությանը չտեղեկացրիք իրերի իրական վիճակի մասին, այլ դրա փոխարեն սկսեցիք բանակցել ձեր կետից, զրոյական կետից:
  4. Խոստովանում եք, թե փորձել եք պայքարել 2007-ի որոշումների դեմ եւ ձախողվել եք: Մի՞թե չեք հասկանում, որ նման հարցերում ձախողելուց հետո հրաժարական են տալիս:
  5. Հասկանո՞ւմ եք արդյոք, որ Ազգային ժողովի ամբիոնից խոստովանեցիք, որ գիտակցաբար մեր որդիներին դրել եք զոհասեղանին, նախապես որոշում ունենալով, որ ինչ էլ լինի «մեզ պարտված չենք ճանաչելու»:

Կոչ ենք անում հանրության բոլոր շերտերին, գիտնականներին, դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, ճարտարագետներին, բանվորներին, շինարարներին, բժիշկներին այլեւս չլռել եւ հստակ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Կոչ ենք անում Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետեւողական լինել իր նախաձեռնության մեջ, համախմբել բոլորին եւ նպաստել երկիրն այս վիճակից դուրս բերելուն:

Կոչ ենք անում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին, այդ թվում Քաղաքացիական պայմանագրին, գիտակցել իրավիճակի ամբողջ լրջությունը եւ նախաձեռնել խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն:

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը անարգանքի փորձ է մեր տղերքի հիշատակին:

«Ճշմարտություն սերունդների համար»