Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Տեսարանները գնալով հեռանում են, ձայնը ավելի աղոտ է հնչում, <<մաաամ....>>, ու դու հասկանում ես, որ էլ երեբեք քեզ մամ չեն ասի...

Հոկտեմբերի 13, 2022

Երկու տարի.... ինչ է ո՞ր, ոմանց համար ինչ որ երկու տարի.... իսկ ինձ ու իմ նմանների համար երկու դար՝ դժոխքի, ցավի երկու դար, ահագնացող կարոտի ու հուսահատության երկու դար... Երբ կարոտից խեղդվում ես, բայց շարունակում ես ապրել: Հասկանում ես, որ սկսում ես սովորել ապրել առանց քո միակ ձագի, սահմռկում ես, բայց ոչինչ չես կարող փոխել: Տեսարանները գնալով հեռանում են, ձայնը ավելի աղոտ է հնչում, «մաաամ....», ու դու հասկանում ես, որ էլ երեբեք քեզ մամ չեն ասի... Սարսափելի է... Շարունակական անկայուն հոգեվիճակ, երբ չես հասկանում թե ինչ հարթությունում ես ապրում, որն է իրականությունը, որը երազը: Միգուցե այս ամենը երազ է, իսկ միգուցե նախքին կյանք էր երազ....

Որդուս երազանքները երբեք չեն կատարվի, նա գնաց դեռ քսանը չբոլորած, մի անմեղ ձագ, որ դեռ նոր պիտի ապրեր.....Ինչքան ցանկություններ մնացին անկատար, ու քանի քանի հազարներ գնացին էսպես, դառան շան բաժին, իմ հազարամյա, բայց էդպես էլ չհասունացած ազգի անտարբեր, անողնաշար ու երախտամոռ լռության ներքո....

Ազգ... մեր դեպքում ոչ մի կերպ չի ստացվում ընկալել այս բառի բովանդակությունը... արդյո՞ք երբևէ ազգ եղել ենք, թե սա էլ է միֆ, ինչպես մնացյալ ամեն բան՝ հայրենասիրություն, արիություն, հարգանք, երեխայասիրություն, երախտիք.....մի ազգ, որ բացի հարմարվելուց ու մուրալուց այլ բան չի կարող... մի ազգ, որ սիրում է մեծ-մեծ խոսել, մեծ մեծ դատել, բայց մոռանում է գոնե մեկ անգամ էլ իրեն քննի ու դատի մարդավարի, որ վերջապես հասկանա իր գլխին եկած արհավիրքների պատճառը..... Մի ազգ, որի ներկայացուցիչների մեծամասնության համար կարևոր է միայն սեփական երեխայի կյանքը՝ ինչ գնով էլ լինի, ում երեխայի կյանքի հաշվին էլ լինի, մի ազգ ով միայն երբեմն ինչ-որ մոգական ուժով հանկարծ զարթնում է իր լեթարգիական քնից՝ մի քանի ժամով աքլորանում, ու հետո նորից խոր քուն մտնում: Վերջապես մի ազգ, որ ոչ քրիստոնյա է, ոչ էլ հեթանոս.... խորապես անհավատ, մեծամիտ, տգետ ու երախտամոռ....

Ափսոս տղերքին, արժանի չէիք ու չեք.... ափսոս նրանց չապրած կյանքին, քանի որ նրանք, ի տարբերություն ձեզ, ապրել գիտեին, ափսոս իմ ու իմ նմանների չապրած կյանքին......ափսոս իմ սուրբ հողին, որ ձեր նման մորեխազգու ձեռը կրակն է ընկել էս արդեն քանի հազար տարի......

Լույս տղերքին ու խավար ձեր խավարասեր հոգիներին....

Հետգրություն

Երազումս մի մաքի

Մոտս եկավ հարցմունքի.

-Աստված պահի քո որդին,

Ոն՞ց էր համը իմ ձագի…

Նաիրա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից