Ընկեր Խաչիկը
Մարտունաշենում եւ շրջակա գյուղերում այդպես էին նրան դիմում: Սիրելի ուսուցչին «ընկեր»-ով էին դիմում ոչ միայն աշակերտները, այլեւ բովանդակ հանրությունը՝ ընկեր Խաչիկ: Խաչատուր Դավթյանը տակավին պատանի հասակից մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին եւ տուն վերադարձել կուրծքը զարդարած՝ բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով: Մասնագիտական կրթություն ստանալուց հետո ցմահ աշխատել է գյուղի դպրոցում: Զուգահեռաբար եղել է մի քանի գյուղերից կազմված հավաքական ագարակի
/սովխոզ/ նախագահ: Այդ աշխատանքի մեջ էլ նա բարի անուն էր վայելում:
Ինչպես օտար բռնատիրության մեջ ապրող բոլոր ազատասեր հայերը, ընկեր Խաչիկը երազում էր իր Հայրենիքի անկախ պետականությունը, եւ այդ ոգով էլ դաստիարակում էր աշակերտներին՝ ուսուցանելով ռազմագիտություն. նրանց պարբերաբար ուխտագնացության էր տանում սրբավայրերը, սեր էր սերմանում ազգային արժեքների նկատմամբ:
Երբ «Արաբո» ջոկատը տեղավորվեց Մարտունաշենում, ազատամարտիկները շուտով ընկերացան ընկեր Խաչիկի հետ: Այս բնակավայրում չէր զգացվում ազատամարտիկների եւ տեղի բնակչություն՝ միմյանց չհասկանալու բարդույթը, եւ պատահական չէր Մարտունաշենի նշանավոր ճակատամարտը: Բայց դա հետո եղավ, եւ այդ օրվան պետք է հասնեին տեւական պայքարով:
Խաչատուր Դավթյանը մաս էր կազմում «Արաբո» ջոկատի խորհրդի եւ մշտապես աջակից էր բազմաբնույթ հարցերի լուծմանը: Մանվելի, Դեդի /Սիմոն Աչիկգյոզյան/, Արջ Էդոյի եւ մնացյաալ քաջամարտիկների հետ կազմակերպում էր գյուղի ինքնապաշտպանությունը: Մարտունաշենում հանրային մթնոլորտն այնպիսին էր, որ ջոկատի տղաներն զգում էին իրենց ինչպես տանը: Ընկեր Խաչիկի կարծիքի հետ հաշվի էին նստում նաեւ ռուս սպաները, որոնց հայտնի էր նրա փառավոր անցյալը:
Ուսուցչին եւ նախագահին լավ էին ճանաչում նաեւ թուրքերը: Գիտեին, թե ինչ արժեք է հայերի համար եւ փորձում էին պահ գտնել նրան վերացնելու համար. չարաբաստիկ առիթը ներկայացավ: 1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային ծանր ռազմատեխնիկան, «Օղակ» ծրագրի համաձայն, անակնկալ թափանցեց գյուղ եւ ծայրամասի տներում թուրքերն սկսեցին խուզարկությունը: Նրանք գտան Խաչատուրին եւ զենքի տակ առած, ստիպեցին գնալ դեպի գյուղի կենտրոնը՝ նրան իրենց համար օգտագործելով որպես պաշտպանող զրահ: Թուրքերն ի միտ էին առել այն հանգամանքը, որ հայերը չեն կրակի հարգարժան մարդու վրա: Հայ ազատամարտիկները դիրքավորվել էին գլխավոր փողոցի եզրերին եւ այգիներում: Թուրքերի սադրիչ դիտավորությունն ավելի քան պարզ էր: Մարտը չընդունելը հավասարազոր էր գյուղի բնակչության եւ ջոկատի ինքնաոչնչացմանը: Դա գիտեին բոլորը, եւ Խաչիկը հորդորական-հրամայական «կրակեցե՜ք» բացականչությամբ վճռեց հայ-թուրք բախման ելքը: Հայոց կողմից բացված կրակը հնձեց թուրքերի ամբողջ առաջապահը:
Թուրքերի հետ միասին ընկավ նաեւ ընկեր Խաչիկը: Որդին՝ Կարենը, համոզված է, որ հայրն սպանվել է թուրքի գնդակներից, որոնք խոցել են նրան թիկունքից:
Խաչիկին հուղարկավորեցին Մարտունաշենում: Հույս կար, որ այն մեզ է մնալու:
Տա Աստված, որ մի օր էլ իր զավակների հետ միասին ուխտի գնանք ընկեր Խաչիկի գերեզմանին: