Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024

Հրդեհից զոհված Մուշեղ Համբարչյանը հինգ օր առաջ դարձել էր 19 տարեկան

Հունվարի 20, 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Մուշեղ Համբարչյանը։ Նա Արարատի մարզի Դաշտավան գյուղից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Դաշտավանի գյուղապետ Սանասար Խաչատրյանը պատմեց, որ Մուշեղը հինգ օր առաջ էր դարձել 19 տարեկան։  Ծառայության է անցել նախորդ տարվա ամռանը, սկզբում ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Վարդենիս։

Ուներ իրենից փոքր մեկ քույր եւ եղբայր։ Ծնողները զբաղվում են գյուղական աշխատանքներով։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։