Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024

Սպան գոռացել է, փորձել է զինվորներին հանել զորանոցից, բայց վառարանը շատ մոտ է եղել մուտքին․զինվորական դատախազ

Հունվարի 20, 2023

Ինժեներասակրավորային վաշտի սպան զորանոցի միջանցքի վառարանի կրակն ավելի թեժացնելու համար դրսի տարածքից բերել է պլաստմասե 5 լիտրանոց տարայով բենզին, որը վառարանի մեջ լցնելիս բռնկվել է հրդեհ, բոցից ինքն այրվել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, ինչի հետեւանքով հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։

Էլիզբարյանը նշեց, որ սպան կոչումով կապիտան է, դեպքի գիշերը եղել է պատասխանատու հերթապահը։ Շինությունում եղել է 21 ժամկետային զինծառայող։

«Սպան գոռացել է, միջոցներ է ձեռնարկել զինվորներին հանելու համար, բայց մուտքն  արգելափակվել է, եւ նրանք դռնից դուրս գալու հնարավորություն այդ պահին չեն ունեցել։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայողներ, որոնք երկու ժամկետային զինծառայողների ճաղավանդակներով պատուհանից մի կերպ կարողացել են հանել։ Այնուհետեւ ծխի եւ մրի պայմաններում գործողություններ ձեռնարկել հնարավոր չի եղել, ահազանգվել է ԱԻՆ, հրշեջ ծառայություն, շտապօգնություն»,- ասաց նա։

Էլիզբարյանի խոսքով՝ սպան ողջ է՝ ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժնում, գիտակցությունն առկա է, սակայն կոնտակտի մեջ մտնելու հնարավորությունը քիչ է, քանի որ դեմքի հատվածում այրվածքներ ունի։

«Սպան բոցից անմիջապես բղավել է, բայց վառարանը շատ մոտ է եղել մուտքին։ Քանի որ դա քաղաքացիական շինություն է, օգտագործվել է որպես տուն եղել է ճաղավանդակներով փակված։ Հաստ պատուհաններ են, սովետական, մի կերպ ծռելով դրսում գտնվող զինծառայողները կարողացել են դուրս բերել վիրավորներին»,- նշեց Էլիզբարյանը։

Զինվորական դատախազի խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են տարրաներով վառելիքներ, որոնք նախնական տեղեկություններով ավտոբենզին են, եւ առգրավվել են հետագա փորձաքննությունների համար։

«Երկու-երեք զինծառայողներ հարցաքննվել են, նաեւ հոսպիտալում գտնվող զինծառայող, գործը գտնվում է հարցաքննությունների եւ փորձաքննությունների անցկացման փուլում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք թերացել կամ ոչ պատճաշ են կատարել իրենց վրա օրենքով դրված պարտավորությունները։ Չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության։ Բոլոր տեսակի ծառայությունների գործունեությունը, որոնք փոխկապակցված են իրար հետ, պարտադիր քննության առարկա են դառնալու»,- ընդգծեց Էլիզբարյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։