Երեքշաբթի, Փետրվարի 07, 2023
Երեքշաբթի, Փետրվարի 07, 2023

Շարունակվող պատերազմ․ թողարկում 1․ Մայրը պատմում է հերոս որդու՝ Ժիրայր Մարգարյանի մասին

Հունվարի 21, 2023

Yerevan.Today-ը սկսում է նոր հաղորդաշար՝ «Շարունակվող պատերազմ» խորագրով։

Հաղորդումների ընթացքում կպատմեմնք մեր նահատակ, նաև՝ մեր կողքին ապրող հերոսների մասին, կզրուցենք նրանց, նրանց ընտանիքի անդամների հետ։ Կներկայացնենք այն իրականությունը, որում ապրում են նրանք, այն իրավիճակները, որոնցով անցել են։

Առաջին թողարկումը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս Ժիրայր Մարգարյանին։

Քաշաթաղից տարհանված ընտանիքի առաջնեկն էր Ժիրայր Մարգարյանը, ում կմաղքացած աճյունը անգամ ԴՆԹ-ով ճանաչելուց հետո ամիսներով պահվել է Աբովյանի դիահերձարանում ու նեխել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնում է զինծառայողի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Ծնողներին միակ որդու աճյունը հանձնվել է նրա զոհվելուց 9 ամիս անց և միայն այն բանից հետո, երբ զոհվածների հարազատները բացահայտեցին որոնվող զինծառայողների աճյունները՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին թափված։

Այդ սկանդալային տեսանյութից հետո, պարզվում է, 20 նույնականացված զինծառայողի մասունք, որոշ դեպքերում՝ ամբողջական մարմիններ հանձնվեցին ծնողներին, մինչդեռ կարող էին պատշաճ հուղարկավորվել շատ ավելի վաղ, բայց չգիտես ինչու և ում մեղքով, ԴՆԹ հետազոտությամբ նույնականացվել էին, բայց շարունակում էին նեխել։ Իսկ մեղավոր անձ չգտնվեց, քանի որ իրավական գործընթացը անավարտ մնաց՝ գործը կարճվելու հիմքերով։

Մեր հերոսը՝ Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին, Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ և Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվել են Արցախ, բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում։ Ամուսնանալուց հետո Շիրակից տեղափոխված  առաջին նորապսակ զույգն են եղել, որ ոտք են դրել ազատագրված տարածք՝ իրենց նորաստեղծ ընտանիքով տուն-տեղ դնելու, հայրենի հողը շենացնելու համար։

Նինա Մարգարյանը 42 տարեկան է, 8 զավակ է մեծացրել Արցախ հողում, առաջնեկը և միակ տղան զոհվեց հանուն Արցախի։ Տիկին Նինան ասում է․ «Պատերազմի ամենաթեժ  օրերին ստացա որդուս վերջին զանգը, ու բոթը  տեղ հասավ, սկզբում շրջափակման մեջ էին ընկել, մի քանի հոգով հասցրին փրկվել, ուրախացանք, բայց․․․ զոհվեց տղես  շրջափակումից դուրս գալուց հետո։ Որդուս մարմինը որոնելու 7-րդ օրը  ստիպված եղանք տարհանվել Քաշաթաղից։ Անորոշության մեջ 7 աղջիկներիս առած՝ մղկտոցով ճամփա ընկա»։

Մեկ ու կես տարի Մայիսյան գյուղում է ապրում բազմազավակ ընտանիքը՝ ժամանակավորապես, հույս ունեն, որ շուտով նոր տան հասցեի սերտեֆիկատը կստանան կառավարությունից, այդպես է խոստացվել ․․․

Բայց նոր տան լուրից չի սփոփվում սգավոր մայրը, վրեժ ունի  հերոսի որդու  առաջ․․․

«Սպանողը թշնամին չէ, դավաճանական միտումն է, որ հազարավոր ոսկի տղերքի կյանքեր խլեց ու հոժարակամ կիսեց Հայրենիքը թշնամու հետ։ Մեր երեխեքը զոհվել են, որ ամիսներ անց թուրքը պատվիրակություն կազմի  գա Երևա՞ն, մայրաքաղաքի սրտում պատվեն-հարգեն, թեյ հյուրասերե՞ն, հա՞․․․

Հիշո՞ւմ եք 2018-19 թվերին Փաշինյանի ընտանիքը դարձավ իշխանավոր ու առաջինը, որ սկսեց գործել՝ թշնամու հետ համակեցությամբ ապրելու ազգադավ քարոզն էր։

Մինչև պատերազմը Աննան ասում էր՝ Մեհրիբային հրավիրում եմ Շուշի թեյ խմելու, թող գա, պատշաճ կդիմավորեմ, հարգեմ-պատվեմ․․․ Բայց էն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ  հրավիրում էր Մեհրիբային ոչ թե թեյ խմելու, այլ մեր երեխեքի արյունը խմելու․․․»,- Yerevan.Today-ի հետ զրույցում մտորում ու դառնացած որոշ զուգահեռներ է անցկացնում Ժիրարի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Հաղորդման առաջին կտորը՝ այստեղ։

Հաղորդման երկրորդ կտորը՝ այստեղ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։