Ուրբաթ, Հունիսի 09, 2023
Ուրբաթ, Հունիսի 09, 2023

Հայկը սիրում էր երկինքը

Մարտի 19, 2023

Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից էր, սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նա զոհվեց հանուն իր սուրբ հողի, հանուն իր Արցախի։

Հայկը ծառայության օրերն էր հաշվում, ամեն անգամ խոսելուց ասում էր մնաց այսքան օր։ Շատ էր սիրում Երևանը։ Միշտ ասում էր. «Ծառայությունս վերջացնեմ, մի ամիս հանգստանամ, գալու եմ շուտ Երևան»։ Կատակներ շատ էր անում։ Երբ խոսում էինք, ասում էր. «Գիտես, Երևանում եմ հիմա»։ Ես էլ դե իհարկե չէի հավատում, բայց ինքը էնպես էր ասում, որ մարդու հավատը կգար։ Ու մի օր էլ հերթական անգամ ասաց, որ Երևան է եկել, չհավատացի։ Պարզվեց, որ իրոք եկել է։ Դեկտեմբերն էր. չէի մտածի, որ դա վերջին անգամն էր, որ տեսնում եմ իրեն։ Հայկը շատ նպատակներ ուներ։ Ուզում էր ուսումը Գերմանիայում շարունակել։ Շատ լավ էր սովորում, պարտաճանաչ էր, սիրում էր ամեն բան անել ըստ հերթականության։ Երկուսս էլ գերմաներենի խմբից էինք։ Չնայած նրան, որ նոր էր սովորում լեզուն, շատ կարճ ժամանակում սկսեց գերմաներենին տիրապետել։ Անգամ եղավ այնպես, որ խմբում ամենաբարձր գնահատականն ինքն էր ստացել քննության ժամանակ։

Ծառայության ընթացքում ասում էր, որ պարապում է, գրքեր կարդում։ Հայկի խոսքը գործ էր, ինչ այդ պահին նրան ասեիր, անմիջապես կաներ։

Հայկի հետ որոշել էինք Արցախով մեկ ճամփորդել։ Ամեն անգամ խոսելուց հարցնում էր՝ երբ եմ գնալու։ Ասում էր. «Ես գիդի դերում կլինեմ», ցույց կտամ քեզ Արցախս։  Շատ լուսավոր մարդ էր, սիրում էր, որ մարդիկ միշտ ժպտում են։

Հայկը ամռանը զորացրվելու էր։ Բայց, ավա՜ղ: Վերջին անգամ խոսելուց շատ ուրախ տրամադրություն ուներ: Հիշում եմ, կարոտից էինք խոսում, ու ես բացատրում էի նրան այդ բառի իմաստը։ Կարոտ նշանակում է` կար ժամանակ, որ մոտ էր։ Մ-ն սղվել է, փոխարենը ավելացել է ր։ Ասացի, որ հայերենի ամենավատ տառը Ր-ն է։ Այն ցանկացած բառի մոտ, երբ դնում ես, անցյալ ժամանակ է դարձնում: Կա-կար, է-էր։ Լսեց ու ասաց «ախ-ախ-ախ»՝ իր սիրելի արտահայտությունը։ Էդպես ավարտեցինք զրույցը։ Ու հիմա  չեմ հավատում, որ իր մասին անցյալով պետք է խոսեմ՝ այդ չարաբաստիկ Ր-ն  օգտագործելով։ Չեմ կարող ասել զուգադիպություն էր մեր զրույցը նման նոտայով ավարտելը, բայց երբ իմացա նրա մահվան բոթը, ակամայից հիշեցի այս խոսակցությունը։ Զուգադիպությունները շատ-շատ են։ Գրեթե միշտ եղել են ու հիմա էլ, երբ մտաբերում եմ, իրոք, հասկանում եմ, որ այդպես է։ Հայկի ամենասիրելի հերոսը, ում մասին միշտ ակնածանքով էր խոսում, Բեկորն էր՝ Աշոտ Ղուլյանը։ Հայկի հուղարկավորությունը տեղի ունեցավ հենց Բեկորի ծննդյան օրը՝  հոկտեմբերի 6-ին։ Այդ օրը քաղաքը նույնպես սգում էր Հայկի մահը։ Ամբողջ գիշեր անձրևեց, ամպերը որոտում էին, կարծես ցավից մռնչալիս լինեին։ Անգամ Հայկի ծննդյան օրն էր պատմական. մայիսի 8-ը, որ ինչպես գիտենք, Շուշիի ազատագրման օրն է։

Հայկը սիրում էր երկինքը՝ աստղազարդ ու լուսավոր։ Երևի մտածեց, որ երկնքում լույսը պակասել ու չի հերիքում ներքևը լուսավորելուն, որոշեց գնալ իրեն հարազատ՝ մաքուր ու լազուր երկինքը։

Ցավ եմ ապրում, որ Հայկը չկա, չեմ ուզում պատկերացնել, թե հիմա նա ինչ կզգար, երբ տեսներ, որ իր Արցախը ում ձեռքում է։ Բայց չեմ ուզում կոտրվել, որովհետև մենք բոլորս պարտք ունենք Հայկի ու իր նման հերոս տղաների առջև։ Այն է. հետ բերել մեր Արցախ աշխարհը…

Հավերժ փառք քեզ, Հերոս ՀԱՅԿ…

Նյութը՝ 17.am-ից