Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք

Ապրիլի 10, 2023

Մարգարիտը ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին, Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Հացի գյուղում: 1967 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Բնատուր ընդունակությունների շնորհիվ 4-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան:
1976 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժին: Աշխատել է Ղարմետաքս կոմբինատում, որպես հերթափոխի պետ: Եղել է հրաձգության չեմպիոնուհի, նաեւ՝ շախմատի չեմպիոնուհի:

Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 18-ին, Սանասարի /Կուբաթլու/ շրջանի Ամուտեղ /նախկին Բաշարաթ/ գյուղի համար մղվող մարտերում:

Մարգարիտը շատ էր սիրում երեխաներին, երազում էր մանկավարժ դառնալ, սակայն նրա երազանքը մնաց անավարտ: Պատերազմն ինչքա՜ն երազներ սպանեց դեռ չիրականացած: Ահեղ եւ երկարատեւ պատերազմից երկիրն ամայանում էր: Փակվում էին գործարաններն ու դպրոցները, օրեցօր դատարկվում էր Ստեփանակերտը: Ավերիչ եւ մահասփյուռ հրետակոծությունից փրկվելու համար բնակիչներից ոմանք հեռանում, պատսպարվում էին ապահով վայրերում, հնարավորություն ունեցողները փախչում էին Երեւան: Միայն կատարյալ նվիրյալներն էին մնում մինչեւ վերջ:

Մարգարիտը մտադրվել էր միանալ կռվողներին, եւ նրա համար մեծ ուրախություն եղավ կանանց գումարտակ ստեղծելու մասին հայտարարությունը: Անմիջապես ներկայացավ: Սկզբում շատ էին, բայց ուսումնամարզական պարապմունքների դժվարություններին չդիմանալով շատերը հրաժարվեցին: Մնացին տասը աղջիկ: Մարգարիտն այդ սքանչելի տասնյակի աղջիկներից մեկն էր, եւ, չնայած չկայացավ կանանց գումարտակ ստեղծելու ծրագիրը, բայց այդ տասը հերոս աղջիկերը լիարժեք կատարեցին իրենց պարտականությունները Հայրենիքի հանդեպ:

1992 թվականի սեպտեմբերի 1-ից աղջիկները ռազմական պատրաստվածություն էին ձեռք բերում Շուշիի ուսումնամարզական գումարտակում: Մարտգարիտը, որպես հրաձգության չեմպիոնուհի, ստացավ օպտիկական նշանառության զենքերից մեկը եւ մինչեւ վերջ անբաժան մնաց նրանից:

Եռամսյա ռազմական պատրաստվածություն անցնելուց հետո առաջին խմբին /Մարգարիտ Թառանյան, Մարգարիտ Սարգսյան, Անահիտ Թամրազյան/ ուղարկեցին մարտական գործողությունների շրջան՝ սկզբում Շուշիի շրջանի Շրլան գյուղ, իսկ երկու օրից՝ Սարիբաբա բարձունքի մոտակայք: Ստեփանակերտի 8-րդ վաշտը պատրաստվում էր վճռական գրոհի՝ Շուշիի շրջանի տարածքը վերջնականորեն ազատագրելու համար: Դասակի հրամանատար Ալբերտ Մուսայելյանն անձամբ գնաց հետախուզության՝ իր հետ վերցնելով Մարգարիտին: Սարերը թաղված էին խոր ձյան տակ: Քամին ու ցուրտը թափանցում էին մինչեւ ոսկորները: Դժվար էր առաջանալը: Մարգարիտն առանց տրտնջալու քայլում էր, ջանալով ետ չմնալ հրամանատարից, ով իր կատակներով եւ կենսախինդ բնավորությամբ մշտապես քաջալերում էր մարտիկներին:

Հետախուզությունը բարեհաջող անցավ, սակայն ետդարձի ճանապարհին նկատվեցին թշնամու կողմից եւ կրակի տակ ընկան: Փորձառու հրամանատարը եւ Մարգարիտը խուճապի չմատնվեցին: Մարգարիտի օպտիկական հրացանը գտնում էր ձների մեջ թաքնված թշնամիներին եւ ստիպում լռել:

1992 թվականի նոյեմբերի 19-ին սկսվեց Սարիբաբայի գործողությունը: Թշնամին կատաղի եւ համառ դիմադրություն էր ցույց տալիս: Զրահամեքենայի մեջ թաքնված նշանառուն դիպուկ կրակոցներով փակել էր գրոհողների ճանապարհը: Նորից օգնության հասավ Մարգարիտի օպտիկական նշանառության հրացանը: Մարգարիտը դիրքում սպասում էր հակառակորդի նշանառուի անզգույշ մի շարժումին: Եվ ահա, որսալով հարմար պահը, քաշեց ձգանը: Ճանապարհը բաց էր…

Այսպես է սկսվում նշանառու Մարգարիտ Սարգսյանի մարտական ուղին: Նա իր քաջասիրտ ընկերուհիների հետ, որպես հրաձիգ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ որպես բուժքույր, փրկարար ջոկատի անդամ, մասնակցում է Բերձորի /Լաչին/ շրջանի, Մարտակերտի, Դիզակ /Հադրութ/ ու Ակնա /Աղդամ/ շրջանների ազատագրմանը:

Նրա մարտական հաշվի մեջ արդեն թշնամու տասնյակ կյանքեր էին գրանցված եւ տասնյակ հայ մարտիկների կյանքեր փրկված: Եվ այն կարճատեւ դադարների ժամանակ, երբ տուն էր վերադառնում մի քանի օրով, էլ ոչ ոք չէր ասում. «Ո՞ւր ես գնում, Մարգարիտ, ախր դու տղամարդ չես… Դու պետք է մայրանաս, ընտանիք ունենաս…»: Որովհետեւ նա արդեն զինվոր էր: Մի քիչ լաց էին լինում, հրաժեշտ տալիս ու սպասում վերադարձին:

Սակայն, հերթական անգամ գնալով ճակատ, նա այլեւս չվերադարձավ: 1993 թվականի ամռանն էր: Շուշիի գունդը, որի կազմի մեջ էր իրենց գումարտակը՝ Վլադիմիր Ավագյանի հրամանատարությամբ, դիրքավորված Դիզակի շրջանի Խծաբերդ գյուղում, մասնակցում էր Սանասարի /Կուբաթլու/ շրջանի ազատագրմանը:

Գունդը, հաջողությամբ անցնելով թշնամու թիկունք, հարվածեց՝ խուճապ առաջացնելով եւ դյուրացնելով հայկական մյուս զորամիավորումների առաջխաղացումը: Վաշտը, որի կազմում աղջիկներն էին, հրաման ստացավ փակել նահանջող թշնամու ճանապարհը: Մի քանի զրահամեքենա պայթեցրին եւ դիրքավորվեցին Ամուտեղ /Բաշարաթ/ գյուղի մոտակա բարձունքում: Թշնամին, անելանելի դրությունից դուրս գալու համար, դիմացի բարձունքից սկսեց կատաղորեն գնդակոծել: Մի փոքրիկ խմբով, որի մեջ էր նաեւ Մարգարիտը, շրջանցեցին եւ գրավեցին այդ բարձունքը՝ վերջնականորեն լռեցնելով թշնամու կրակակետը:

15 հոգով դիրքավորվելով գրաված բարձունքում, պահում էին այն: Այնտեղից թուրքերի դիրքերը երեւում էին ինչպես ափի մեջ: Մարգարտիը դիպուկ կրակով ոչնչացնում էր թշնամու անզգույշ զինվորներին:, սակայն թուրքերը, չհաշտվելով հարմար բարձունքը կորցնելու հետ, դեռ մի քանի օր համառ մարտեր են մղում: Հայ մարտիկներն արիաբար ետ են մղում բոլոր հարձակումները, մեծ կորուստներ պատճառում թշնամուն: Բայց հոգնածությունն իրեն զգացնել է տալիս: Երկարատեւ անքնությունից եւ լարվածությունից ուժասպառ էին եղել: Հրամանատարը մարտիկներին հայտնում է, որ փոխարինող խումբ է գալիս, սակայն մինչ այդ, թուրքերը, օգտվելով հայ մարտիկների անզգուշությունից, մոտենում եւ նռնակներ են նետում խրամատները:

1993 թվականի օգոստոսի 18-ին անհավասար մարտում 15 մարտիկներից շատերը զոհվում են: Մարգարիտն ու Վազգենը ուղիղ նշանառությամբ խփում են մոտեցող հակառակորդին, բայց շուտով Մարգարիտը նույնպես խփվում է կրծքից եւ տեղում մահանում: Արյունալի մարտը տեւում է մոտ մեկ ժամ: 15 մարտիկներից ողջ են մնում միայն 3-ը, ովքեր կռվում են այնքան, մինչեւ տեղ է հասնում օգնությունը եւ թշնամուն ետ են շպրտում:

Դադարներից մեկի ժամանակ, երբ Մարգարիտը տուն էր վերադարձել, ընկերների հետ զրուցելիս ասել էր.

– Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք:

Օգոստոսի 18-ին Մարգարիտի մայրը Երեւանում էր: Նա այցելեց Եռաբլուր եւ ծաղիկներ դրեց հերոսաբար զոհված ազատամարտիկ Նունե Աբրահամյանի գերեզմանին, իսկ մի քանի օր անց Ստեփանակերտի գերեզմանոցում հողին հանձնեցին նրա սիրելի դստեր՝ Մարգարիտ Սարգսյանի, աճյունը… եւ ողջ գերեզմանաթումբը ծածկեցին արցախյան վառվռուն ծաղիկներով:

freedomsoldiers.wordpress.com