Թաթուլ Կրպեյան
Ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին, Թալինի շրջանի Արեգ գյուղում: Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին, Գետաշենում, «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:
Կարսը լքած կարսեցիները ոչ քաղաքը մոռացան, ոչ էլ կարոտից բուժվեցին: 1915 թվականից հետո քաղաքը լքած կարսեցիները նորից վերադարձան ու 1918 թվականին այն լքեցին վերջնականապես: Չէ: Վերջնականապես չլքեցին: Հեռացան, նորից հետ վերադառնալու հաստատուն համոզմունքով:
Կրպեյանների գերդաստանն էլ եկավ, հաստատվեց Ուջանում, բայց Ուջանից իրենց Կարսը չէր երեւում… Թաթուլի Մարկոս պապի Խոսրով եղբայրը ՈՒջանից ելավ, դեպի արեւմուտք գնաց, հասավ Արտենի լեռան ստորոտը, բարձրացավ, կանգնեց գագաթին ու հեռու-հեռվում Կարսի նահանգի Խնուսի Խուսլու գյուղի ու նրա մերձակա բնակավայրերի աղոտ պատառիկները տեսավ:
Հետ եկավ Ուջան ու հարազատներին ասաց.
– Արեգ էրթանք:
Խոսրովի գտած բնակավայրն ավելի մոտ էր Կարսին: Այնտեղից Կարս հասնելն ավելի դյուրին էր լինելու, եւ Թաթուլի պապ Մարկոսն էլ, ընտանիքն առած, հաստատվեց Արտենի լեռան լանջին փռված կավաշեն, հողաշեն բնակավայրում, ուր միայն սար էր ու քար, բայց այնքա՜ն մոտ էր կորուսյալ Հայրենիքին…
***
Արեգ էրթանք, – ասաց Խոսրովը, ու նրան միացողներն ասացին.
– Արե՜գ:
Եւ գյուղը կոչվեց Արեգ:
Ահա այս Արեգ գյուղում, Արտենի լեռան լանջին փռված գյուղի մի կավաշեն տանն էլ ծնվեց Ժորժիկ ու Սեդա Կրպեյանների վեցերորդ զավակը՝ Թաթուլը: Զավակ, ով առաջինն էր ապրիլքսանչորսյան խարույկի բոցերը երկինք հանելով Արտենի լեռան գագաթից հիշեցնելու, որ հայը քնած չէ:
Սերգեյ, Մինաս, Գրիգոր, Մանվել որդիներից եւ Ռուզան դստրիկից հետո ծնված տղայի մանկության ամենամտերիմ ընկերն իրենից ավագ քույրն էր, ում կարող էր քնքշորեն սիրել, ում կարող էր նաեւ քաշքշել, չարչարել, եթե, իհարկե, Ռուզանը մեծի իր իրավունքով չխեղճացներ կրտսերին: Բայց ի՜նչ էլ լիներ, ի՜նչ էլ անեին, միեւնույն է, բազմազավակ այս ընտանիքոմ գերիշխողը սերն ու հարգանքն էր, ու երբ մեկնումեկի մատը փուշ էր մտնում, արցունքները թրջում էին բոլորի աչքերը:
***
Արտենի լեռան փեշին փռված Արեգ գյուղում համեստ, խելացի, աշխուժ, երազկոտ ու հուզառատ Թաթուլը բոլոր փոքրիկների պես մեծացավ տատի պատմած հեքիաթներով, որոնք որքան էլ լավ ու բարի ավարտ ունենային, գաղթի ու ջարդի պատմություններով էին հագեցած: Ուրիշ կերպ չէր էլ լինի: Դա Գյուլիզար տատի ցավն էր, նրա կորուստներով լի կյանքը: Տան փոքրերի՝ Թաթուլի եւ Ռուզանի հեքիաթասացը՝ տատից բացի, նաեւ իրենց ավագ եղբայր Մանվելն էր, ով Հայրենական պատերազմի մասին պատմող կինոնկարները նայելով իրեն հերոս զինվոր էր պատկերացնում եւ ակնապիշ իրեն նայող ու լսող փոքրիկներին պատմում էր, թե ինչպես են ինքն ու ավագ եղբայրը՝ Սերգոն, տանկ քշել, հերոսաբար կռվել թշնամու դեմ:
– Քանի՞ թուրք ջարդեցիք, – միամտաբար հարցնում էին փոքրիկները, որոնց լսած պատմություններում հային կոտորողն ու հայի թշնամին միայն թուրքն էր:
– Այնտեղ թուրք չկար, – պատասխանում էր Մանվելը, ու փոքրիկները տարակուսած միմյանց էին նայում. «Եթե թուրք չկար, էլ ո՞ւմ դեմ էին կռվում Մանվելն ու Սերգոն»:
Գրաճանաչ դառնալուց հետո Թաթուլը մեծերի պատմած հեքիաթների կարիքն այլեւս չուներ: Իրենց տան մերձակայքում՝ սարի փեշին ընկած իր լեռ-քարերն ուներ, որոնց վրա նստած՝ կարդում էր գեղարվեստական գրքերն ու… հետագայում արդեն գրում էր հորինած բանաստեղծությունները: Բանաստեղծություններ, որոնք ծայրից ծայր թաթախված էին Հայրենիքի կարոտով, կորուսյան հողերի վերադարձը տեսնելու հավատով, հայրենասիրությամբ՝ պահպանելով ժողովրդական բանահյուսությունից եկող բառ ու բանը, Կարուց քաղաքին հատուկ խոսքն ու մտածողությունը:
Իր հորինած բանաստեղծություններին զուգընթաց, նա ուշի-ուշով լսում ու մտապահում էր գյուղի տարեցների երգած երգերն ու խաղիկները: Հետո, տարիներ անց, այդ ամենը նրան պետք էին գալու… Բայց մինչ այդ, նա իր ընթերցասեր հոր նման ագահաբար ընթերցում, վերընթերցում էր տանը եղած գրքերը, գյուղական գրադարանում եղած ու նոր մուտքագրվող գրքերը:
Ակումբի վարիչը մորեղբայրն էր եւ մուտքագրված գրքի առաջին ընթերցողը նախ Ժորժիկն էր, հետո՝ նրա որդի Թաթուլը:
***
Խաղաղ, համեստ ու երազկոտ Թաթուլը, ով մեծերին հարգելու ավանդապաշտությունն ուներ եւ անգամ ամաչում էր իր մեծ եղբոր նորահարսի, իր հարսիկի հետ նույն սեղանին նստած ճաշել, սանձազերծ առյուծ էր դառնում, երբ մեկնումեկը փորձում էր նվաստացնել «Հայրենիք» կոչված գաղափարը, կամ անհարգալից խոսել մոր կամ հոր հասցեին: Ու մի օր աշակերտների ուսման ցածր որակից բարկացած ռուսաց լեզվի ուսուցչուհին դասարանի բոլոր երեխաներին հասցեագրեց ծանր մի դարձվածք ու բոլորի մայրերին չարի գիրկն ուղարկեց: Բոլորը լռեցին, Թաթուլն ընդվզեց. «Ո՞նց թե դու մեր մայրերին…»:
Դա նրա առաջին ու լուրջ ընդհարումն էր սրբություն հայհոյողի հետ:
Հետագայում նա նախապատրաստվելու էր առավել լուրջ ընդհարումների՝ ապացուցելու համար, որ մայրն ու հող հայրենին են հայի սրբությունները: Այդօրինակ նվիրումը գալիս է արմատներից եւ ճյուղ առ ճյուղ ժառանգվում սերունդներին. վկան՝ այն նախադասությունը, որ համոզմունքով հնչեցրել է Թաթուլի հայրը ձմռան մի գիշեր, երբ Կրպեենց տանը հավաքված խաղում էին ու ֆիդայական երգեր երգում.
– Եթե Հայրենիքին պետք լինի, իմ որդիներին էլ մատաղ կանեմ:
… Ու ելան նրա բոլոր որդիները Հայրենիքի համար օրհասական պահին, ու ելան ոչ թե բարձրագոչ խոսքեր ասելու, այլ՝ զինված հարձակումներին հերոսաբար դիմագրավելու:
Թալինի N29 տեխնիկական ուսումնարանն ավարտած, Կազելսկ քաղաքում զինվորական ծառայությունն անցած, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Թաթուլն առաջինը միացած 88-ի համազգային շարժմանն ու առաջիններից մեկը հասկացավ, որ «միայն զենքով կա հային փրկություն»:
Ձմռան գիշերները ֆիդայական երգեր երգելով անցկացնող Կրպեենք միակամ ելան զենքով հային փրկություն բերելու: Բայց հայը զենք չուներ: Չուներ՝ կունենար: Ու այդ ճանապարհին քիչ էր մնում Մանվել եղբորը կորցնեին:
Խորհրդային զինվորի գնդակներից արնաքամվող Մանվեին փրկեցին ու կյանքի կոչեցին: Կրպեենց Ժորժիկի Մանվելը չէր հայրենյաց զոհասեղանին նվիրաբերվողը…
***
1985 թվականից «Մարաթուկում» երգող Թաթուլը համալսարան ընդունվելուց հետո ստեղծեց իր «Կարս» ազգագրական խումբն ու գյուղի տարեցներից, մամիկներից լսած երգերը սովորեցրեց՝ միախառնելով իր հայրենակարոտ ստեղծագործությունները, որոնք դառնում էին երգեր եւ ուղեկցվում ազգագրական պարով: Փորձերն արվում էին ազատ լսարաններում, եւ ազգային զարթոնքից ոգեւորված ուսանողների հետ Թաթուլի խմբին միացան նաեւ դասախոսներից մեկի երկու մանկահասակ դուստրերը:
Եկել էր 1988 թվականի փետրվարը, ու դեռ չէր սկսվել Աբովյանից Երեւան իջնող էկոլոգիական քայլերթը: Մինչ այդ պատմական օրը դեռեւս մեկ շաբաթ էլ կար: Թաթուլը մեկ շաբաթով անհետացավ հարազատների տեսադաշտից: Վաչե Սարուխանյանի եւ Իգոր Մուրադյանի հետ մեկնեց Ղարաբաղ: Նրանց ստեղծած «Միացում» կազմակերպությունը Ղարաբաղում կազմակերպական գործեր ուներ անելու: Ու երբ արեգցիները էկոլոգիական շարժման շարքերում տեսան Թաթուլին, չհասկանալով իրավիճակի կարեւորությունը, քմծիծաղով Ռուզանին հարցրին.
– Փիրմալաքի օդը ախպորդ չի հերիքում, հիմա էլ քաղաքի օդի մասի՞ն է մտածում (Փիրմալաքն Արեգի նախկին անվանումն է):
Փիրմալաք-արեգցիները հետո միայն հասկացան, որ հայոց աշխարհի օդն ու հողը մաքրելու համար էին ելել այդ անձնուրաց հայորդիները, իսկ կանայք ու աղջիկները Ավարայրի դաշտ ելած փափկասուն կանանց նման նեցուկ ու սատար էին լինում եղբայրներին ու ամուսիններին: Թաթուլի քույր Ռուզանն էլ գրպանի վերջին կոպեկները հավաքում, տպագրված թռուցիկները, կոչերը, պամական փաստագրություններն ու Ուլուբաբյանի գործերն էր բազմացնում, որ նիրհած աշխարհը կարդա ու հայի ցավն ու ընդվզումը հասկանա, օգնի, կարեկցի…
Մայրաքաղաքում ուժգնացող հանրահավաքների հետ ուժգնանում էր Արցախի հայաթափության վտանգը, ուստի հարկավոր էր անցնել Ղարաբաղ եւ օգնել տեղաբնակներին՝ հարձակումներից պաշտպանվելու:
Թաթուլը Հրայր Կարապետյանի փաստաթղթերով, որպես գետաշենցու թոռ, մեկնեց Գետաշեն ու միջնակարգ դպրոցում պատմություն, ութնամյայում՝ նաեւ երգ-երաժշտություն դասավանդեց՝ ստանձնելով ուսումնական մասի ղեկավարությունը: Ադրբեջանցի ելուզակների հետ «Գուռզա Ալին» էր շրջակայքի վրա ահ ու սարսափ տարածում: Մի գիշեր Թաթուլը երկու ընկերոջ հետ մնաց լեռներում, ու այդ օրից «Գուռզա Ալիի» հետքը կորավ մերձակա անտառներից: Մորուք աճեցրած գյուղական ուսուցչի մասին լուրերն անցնում էին շուրթից շուրթ եւ ադրբեջանցիներից քչերը գիտեին, որ իրենց իմացած «селький бородатый учитель»-ը նաեւ «Գլգլո արջն» էր ու «Խչոն», որ ռադիոկապով հաճախ եթեր էր դուրս գալիս, հրահանգներ ստանում ու տալիս:
Մեծագույն սիրով ու նվիրումով կատարելով ուսուցչի իր պարտականությունները՝ նույնպիսի նվիրումով էլ կատարում էր գյուղի պաշտպանի իր դերը՝ գիշերը հերթապահելով, առավոտ վաղ քարերով մատները քերել-մաքրել-լվանալով, որ իր աշակերտներն իրենց ուսուցչին անկարգ ու անփույթ չտեսնեն:
Նրա գիշերային ու ցերեկային բոլոր տառապանքների լուռ վկաները եւ մարտական ընկերները՝ Արթուրը, Հրաչիկը, կապավոր Լենա մայրիկն ու մյուսներն էին, բայց ոչ՝ աշակերտները: Աշակերտները պետք է խաղաղ ու ապահով ապրեին եւ կրթվեին:
Նրանք պաշտպանվում էին ու կրթվում:
Բայց Գետաշենի վրա ամպեր էին կուտակվում: Հայ ֆիդայիների անձնազոհ նվիրումի շնորհիվ անառիկ դարձած Գետաշենը հայաթափելու համար չարաբաստիկ «Օղակ» գործողությունն էր նախապատրաստվում:
«Օղակ» էր կոչվում գործողությունը, որն իրականացվեց, ու Գետաշենը հայաթափվեց, բայց ակն դարձավ հայոց քաջարի պատմության ոսկեհուռ շղթայի հերոսական այն օղակը, որ զարդարվեց հայ քաջերի անձնազոհ սխրանքով. Թաթուլը՝ նռնակի օղակը քաշած, կախեց ձեռքը տանկի մեջ ու սպառնաց պայթեցնել, եթե գյուղ մտած զորքերին դուրս գալու հրահանգ չտրվի: Հեռակապով կապվեց զորքերի հրամանատարության հետ ու կարգադրեց հետ քաշել զքրքերը.
– Նշանաբանը, – հարցրեց կապն ընդունողը:
Թաթուլն այն չգիտեր: Այդ պահին նա հասկացավ, որ կազմակերպված ռազմական գործողություն է իրականացվում, խլեց գնդապետ Մաշկովի ձեռքից գործողության ծրագիրը, ու ամեն ինչ հաստատվեց: Ելք չկար: Գործողության կասեցման հրահանգը միայն գնդապետը կարող էր տալ: Թաթուլը բռնեց Մաշկովի օձիգն ու ուղղորդեց այնտեղ, որտեղից հետդարձի հրամանն էր հնչելու: Հավատարիմ ընկերներ՝ Արթուրն ու Հրաչը, հետեւեցին նրան: Թաթուլը շրջվեց ու կարգադրեց հեռանալ: Տղաները նրան մենակ չթողեցին: Հնչեց դավադիր կրակոցն ու Թաթուլն ընկավ: Հրաչն իրեն կորցրած շրջվեց կրակոցի կողմը ու ընկավ հաջորց գնդակից, հետո՝ Արթուրը, հետո՝ գետաշենցի Վալերիկը, հետո… Գետաշենը հայաթափվեց:
Հիմա հայոց բարձրիկ լեռներում Թաթուլի երգած ազգագրական երգերի հետ հնչում է նրա վերջին կամք դարձած պատգամը, որի կատարումը ծնվող ու ապրող ամեն հայի, մանավանդ Ասպրամ դստրիկի հոգու պարտքը պետք է լինի.
Կերթամ, սակայն երազ կգամ,
Երբ նորից գամ, իմ տունը
Կանաչ տեսնեմ, դալար տեսնեմ,
Ծաղկած տեսնեմ հին բույնս…