Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Եթե Շուշիի դարպասները ներսից չբացվեին, Իլյան տուն կգար...

Ապրիլի 26, 2023

​​​​​«Իլյայի վերջին զանգը պատերազմի դաշտից նոյեմբերի 6-ի երեկոյան էր։ Մեզ չասեց, որ Շուշիում են, ասեց՝ վերևում ենք: Խաբեց։ Մարմինը գտանք նոյեմբերի 14-ին: Դեռ տաք էր: Էդպես էլ չհասկացանք, թե մահը երբ է վրա հասել, չնայած պաշտոնապես նշված է նոյեմբերի 9-ը»,-պատմում է 18-ամյա զինծառայող Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկը:

Իլյայի մարմինը գտել են Շուշիի խաչմերուկում՝ գլխին հրազենային վերքով, կրծքին՝ դանակի հետքեր: Ակնհայտ էր՝ թշնամու հետ մերձամարտի էր բռնվել։ Մեկուկես ամսվա զինծառայողը մինչև վերջին շունչը պաշտպանել էր Շուշին, բայց ինչպես քույրն է ասում՝ Շուշիի դարպասները ներսից էին բացվել...

***

Իլյան Արցախից էր, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից: Երկու եղբայր, երկու քույր էին: Իլյան տան փոքրն էր, բոլորի սիրո և ուշադրության կենտրոնը:

«Ես 16 տարեկան էի, երբ Իլյան ծնվեց,-պատմում է քույրը,-մեր տան սպասված երջանկությունն էր։ Իր ծնունդով ասես մեզ լույս բերեց, տան մեջ դժվարություններ ունեինք, բոլոր դժվարություններն անցան, մեր կյանքը 360 աստիճանով փոխվեց: Շատ կապված էինք, 6 ամսականից գիրկս եմ առել ու մեծացրել, ինձ համար ավելին էր, քան եղբայրը»:

Սպորտը Իլյայի կյանքն էր: 2017-2018 թվականներին սովորել է Արցախի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, մեկ ամսվա մեջ ճանաչվել լավագույն զինվոր-մարզիկ։ Ակտիվորեն ներգրավված էր մարզական տարբեր խմբակների ու մրցույթների մեջ: Ամեն տեղ լավագույններից էր հաղթանակներ կերտող Իլյան:

Սպորտում վերջնական որոշումը կանգ է առնում վոլեյբոլի վրա: Ընդունվում է Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի վոլեյբոլի բաժին: Ընդունվելուց հետո զորակոչվում է բանակ՝ այդպես էլ չիրագործելով վոլեյբոլիստ դառնալու մեծ երազանքը:

Մեկուկես ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվում է։ Իլյան Հադրութում էր ծառայում։ 44 օր շարունակ պատերազմի ամենաթեժ կետերում էր:

«Մենք գիտեինք, թե նորակոչիկներն առաջին գծում չեն, հեռու են այդ սարսափներից: Բայց մի օր զանգեց, ասաց՝ վաշտի կեսը զոհվել է։ Պատմում էր, որ ընկերներից մեկի ձեռքը չկար, մյուսի ոտքը։ Մի քանի ընկերներով իրենց վիրավոր ու զոհված ընկերներին հանել էին մարտադաշտից։ Շատ ազդված էր այդ տեսարաններից: Ծանր էր տանում ընկերների կորուստը։ Միշտ մտածում էի՝ ո՞նց է ապրելու այդքան բանը տեսնելուց հետո»:

Հասմիկը հիշում է՝ երբ պատերազմը սկսվեց, իրենց գյուղը նույնպես գնդակոծվում էր: Կանայք ու աղջիկները գյուղից դուրս եկան, տղամարդիկ մնացին պաշտպանելու: Այդ օրը եղբորը նամակ գրեց, որ ուժեղ լինի, ամեն ինչ լավ է լինելու: Բայց նամակն այդպես էլ տեղ չհասավ. եղբորն արդեն զորամասից հանել էին դիրքեր, հեռախոսը մնացել էր զորամասում, իսկ զորամասն անցել էր թշնամուն:  

«Չէինք պատկերացնում, որ նման դաժան պատերազմ կլինի, ամեն օր մտածում էինք, որ այսօր լույսը կբացվի, և պատերազմը կդադարի։ Ոչ ոք չէր մտածում, որ Արցախի օդը լրիվ բաց է։ Երբ Իլյայի հետ խոսում էի, փորձում էի հուսադրել, ինձ ասում էր՝ լավ բան չկա, նահանջում ենք: Չէր կարողանում հանդուրժել նահանջը»։

Նոյեմբերի 5-ից կամ 6-ից Իլյան Շուշիում է եղել: Նոյեմբերի 7-ին մեծ պայթյունի հետևանքով Իլյայի ընկերներից մի քանիսը վիրավորվել են, ինքն էլ է վիրավորվել, բայց ոչ ծանր: Վիրավոր ընկերոջը ճանապարհել է հոսպիտալ, իսկ ինքը շապիկը հանել, կապել իր վերքին ու շարունակել կռվել: Քույրն ասում է՝ Իլյան ուներ ընտրություն ապրելու, բայց նախընտրել է մնալ ու մինչև վերջին շունչը պայքարել:

«Մեկ-մեկ հետը կռիվ եմ անում, ասում եմ՝ ախր մենք քո համար դողում էինք, բա դու մեզ չխղճացի՞ր։ Պատերազմի սկզբից ամենաթեժ տեղերում կռիվ էիր տվել, ինչո՞ւ դու էլ վիրավոր ընկերներիդ հետ չգնացիր»:

Քույրը վստահ է՝ եթե Շուշիի դարպասները ներսից չբացվեին, Իլյան տուն կգար։ «Շուշին նվիրել են, և Շուշիից ոչ ոք ողջ դուրս չի եկել, շատերը՝ գլխի մահացու հրազենային վիրավորումով։ Գնդահակահարել են: Հատկապես վերջին օրը շատ զոհեր ենք տվել, տպավորություն է, որ այս սպանդը ծրագրված էր»:

Հրադադարից հետո հարազատները փորձել են գտնել Իլյային, բայց ոչ մի տեղից հստակ տեղեկություն չկար: Քրոջ խոսքով՝ եղբոր հրամանատարն ավելի վաղ էր զոհվել, իսկ հրամանատարին փոխարինողը Շուշիում զինվորներին թողել էր մենակ ու անօգնական, փախել: Տղաները մինչև վերջ մենակ էին կռվել:

Հարցեր, որ մինչ օրս պատասխան չունեն

Իլյայի քույրը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Այդ հարցերը նա հղել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, բայց պատասխանի փոխարեն նրա մուտքն Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջ արգելափակվել է:

Հերոսի քույրը հարցրել էր. ինչու՞ եք թույլատրել Աննա Հակոբյանին հասնել հրամանատարական կետ և ձեզ հրահանգել: Ո՞րն է եղել նրա առաքելությունը: Ո՞վ է հրամայել ներսից բացել բերդաքաղաքի դարպասներն ու մեր տղաներին շրջափակման մեջ թողնել: Ինչու՞ Շուշիի պաշտպանության թեժ մարտերին մասնակցել են 18 տարեկան՝ ընդամենը 1-1,5 ամսվա ժամկետային զինծառայողներ: Ինչու՞ Շուշիում շրջափակման մեջ ընկած տղաներին օգնության զորք չի ուղարկվել, ո՞ւմ ցուցումով և ո՞վ է անմիջապես խոչընդոտել դրան: Եթե Շուշին պաշտպանող չի եղել, ապա ինչու՞ նրա պաշտպանության մարտերին հարյուրավոր զոհեր ենք տվել: Ինչու՞ Շուշիում անմահացած հերոսներից շատերը նույն՝ գլխուղեղի հրազենային վիրավորում են ստացել(контрольный выстрел): Ի՞նչ պետք է պատմեին տղաները, որ խնամքով թաքցնում եք մինչև այսօր: Ինչու՞ կորցրած տարածքների և զորքը լքած հրամանատարներն ամբողջ պատերազմի ընթացքում բացակայել են, չեն մասնակցել պատերազմական գործողություններին, բայց պատերազմից հետո բարձր պաշտոններ են ստանձնել ՊԲ-ում:

Հասմիկը կարծում է, որ եթե եղբայրը հնարավորություն ունենար հարց ուղղել ապրողներին, կասեր՝ ինչու՞ մեզ դավաճանեցիք։

«Տղերքը ձեզ կյանք նվիրեցին, դուք նրանց մարմիններն անթաղ թողեցիք: Տղերքը ձեր սերն ու պատիվը պահեցին, դուք նրանց պատիվն ու սերը խորը թաղեցիք...»,-ասում է քույրը:

 

Արցախի Մաղավուզ գյուղում ծնված ու մեծացած Իլյան հանգչում է Աբովյանի գերեզմանատան պանթեոնում: Պատերազմի ժամանակ Իլյայենց տունն ավերվել է: Տնից զրկված նրանց ընտանիքն այդ ժամանակ կացարան էր գտել Աբովյանում, այդ պատճառով Իլյային հուղարկավորել են Աբովյանում: Քույրն ասում է՝ Իլյան շատ էր սիրում իրենց տունը, պաշտում էր գյուղը և հաստատ կուզեր իր վերջին հանգրվանը գտնել հայրենի գյուղում: Բայց այդ մասին արդեն չեն մտածում, չէ՞ որ տղաներից շատերը նույնիսկ գերեզման չունեն...  

«Մեր տունը դեռ ավերված է, պետությունը պիտի վերակառուցվի, բայց ասում են՝ գումար չկա։ Փոխարենը Ռուսաստանում գրանցված արցախցիների տներն են արագ վերակառուցում: Երևի զոհվածի տունը վերակառուցելն էդքան էլ կարևոր չէ»,-հոգոց է հանում քույրը։

Հերոսի քույրը հիասթափված է, հատկապես մարդկային անտարբերությունն է նրան խոցում: Շատերի համար կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել, ասես Հայրենիք ու հազարավոր կյանքեր  չենք կորցրել:

Երազում է  Ղազանչեցոցում մոմ վառել եղբոր հոգու համար, Շուշիի խաչմերուկում ծաղիկներ խոնարհել, բայց չի կարող, թույլ չեն տալիս: «Արցախ հասնելուն պես հազար անգամ ստուգեցին մեր անձնագրերը: Փաստորեն, իմ Հայրենիքում ինձ պետք է թույլատրեն... Շուշի հասնելիս սիրտս սկսեց արագ բաբախել: Իլյայի և հարյուրավոր քաջերի արյամբ պահված Շուշիում ադրբեջանական դրոշն էր ծածանվում: Ես անցա նրանց մոտով, թուրքերի մոտով՝ ուղիղ նայելով նրանց աչքերին...թշնամու աչքերին: Շատ չանցած՝ ռուս խաղաղապահներից մեկը եկավ և մեզ նկատողություն արեց Շուշին լուսանկարելու համար: Թշնամին ամեն կերպ թքում է մեր արժանապատվության վրա, վիրավորում մեզ: Իլյայի արյամբ պահված Շուշին ես նույնիսկ լուսանկարելու իրավունք չունեմ»:

Նվիրյալները

2018 թվականին Հասմիկը ֆեյսբուքում ստեղծել էր «Նվիրյալները» խումբը՝ նպատակ ունենալով Արցախյան ազատամարտի, Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների սխրանքներով դաստիարակել երիտասարդներին: Ի՞նչ իմանար, որ 2020 թվականին հերոսների շարքը համալրելու է սիրելի եղբայրը: Այդ օրվանից 14 հազար հոգանոց խումբն իր համար այլ արժեք ու նշանակություն ստացավ: Հասմիկի համար այն արդեն պարզապես ֆեյսբուքյան հարթակ չէ, այլ սրբատեղի:

«Իմ առաքելությունն է մարդկանց ներկայացնել մեր անմահացած և կենդանի հերոսների սխրաքները, որպեսզի նրանց գործը երբեք չմոռացվի: Մեր հերոսները ոչ միայն նահատակված մեր եղբայրներն են, այլև կենդանի հերոսները, որոնք այսօր էլ Հայրենիքի նվիրյալներ են: Իսկ խմբի անդամներն այն մարդիկ են, որոնք ոչ միայն սրտացավ են, հուզվում ու «լայք» են դնում նյութերին, այլև պատասխանատու են և գիտակցում են, թե մեր երկիրն ու ժողովուրդն ինչ վտանգների առջև են կանգնած»:

Վերջերս, օրինակ, Հասմիկը խմբում գրառում էր արել՝ խնդրելով գերիներին հերոսացնող նյութեր խմբում չտարածել: Ասում է՝ վատ միտում է նկատում, զենքը վայր դնելու ու գերի ընկնելու քարոզ է գնում:

«Փորձում են դա արմատավորել մեր զինվորների հոգեբանության մեջորպեսզի զինվորը սեփական արժանապատվությունիցհայրենասիրությունից և հայրենիքը պաշտպանելուց վեր դասի գերությունըորովհետև հանրության մի հատված կենդանի և անմահ հերոսների հետ հավասար հարթության մեջ է դնում զենքը վայր դրած և թշնամուն հանձնվածներին: Ցավում եմ գերիների համար և ուրախ եմ, որ նրանք վերադառնում են տուն: Բայց գերիներին սրբադասելն ու հերոսացնելն ինձ համար անընդունելի է: Իմ եղբայրը զոհվել էր նռնակը գրպանում բացած, որ հանկարծ գերի չընկնի...»:

ankakh.com