Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024
Հինգշաբթի, Հոկտեմբերի 03, 2024

Արցախի հերոս Հակոբ Հարությունյան

Մայիսի 05, 2023

Աշխարհում կան շատ ուրիշ երկրներ, բայց մենք սիրում ենք մեր երկիրը, որովհետև այն մեր միակն է՝ հազարավոր հայորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքն է, և ինչպես բանաստեղծն է ասել՝ այն կորցնելուց հետո այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու:

Հայրենիքը չկորցնելու, այն անառիկ պահելու համար 2020թ. 44-օրյա պատերազմին շատ-շատերը կամավորագրվեցին և մեկնեցին ռազմաճակատ: Նրանց թվում է նաև Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը: 

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր  Հակոբ Վոլոդյայի Հարությունյանը ծնվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ 1979թ. նոյեմբերի 24-ին:

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:

Դեռ պատանի տարիքից Հակոբի մեջ նկատվում էր սեր առ հայրենիք: Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրել է 12 տարեկանում, հայրենիքի մասին էր:

Ընկերասեր էր, սիրում էր օգնել ընկերներին և երբեք հուսախաբ չէր անում նրանց:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի օլիմպիական հերթափոխի ուսումնարան: Զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով: Սովորելու տարիներին մասնակցել է բազմաթիվ մրցույթների և  հաջողություններ գրանցել սպորտի ասպարեզում:

Իրանի Իսլամական հանրապետությունում, մրցույթներից մեկի ժամանակ նրան նկատում է Վազգեն Սարգսյանը, ում առաջարկով էլ նա հետագայում իր ուսումը շարունակում է Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում՝ ընդունվելով ռազմական ինստիտուտ:

1996թ. Հակոբ Հարությունյանը ընտանիքի հետ տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ ընտանիք է կազմում, ունենում 2 երեխա :

Հակոբ Հարությունյանի մորաքրոջ տղան՝ Սերգեյ Աբրահամյանը, «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ փոքր տարիքում շատ աշխույժ էր, զբաղվում էր կարատեով և ըմբշամարտով, իսկ Ռուսաստան տեղափոխվելուց հետո ընդունվել էր Ռյազանի Դեսանտային ակադեմիա, սակայն նրան 2-րդ կուրսից հեռացրել են:

«Սովորելու տարիներին նա ազգային հողի վրա կռվել էր մի ուսանողի հետ, որի պատճառով էլ նրան հեռացրել են ակադեմիայից»,-ասել է Սերգեյ Աբրահամյանը:

Հակոբ Հարությունյանը պատերազմն սկսվելուց մեկ տարի առաջ տեղափոխվել և հաստատվել էր Հայաստանում, և երբ  2020թ. սեպտեմբերի 27-ին հայրենիքի դեմ սանձազերծվեց լայնածավալ պատերազմ, հայրենիքի պաշտպանության սուրբ գործից անմասն չմնաց նաև Հակոբը Հարությունյանը՝ ռազմական գործի սիրահարը: Հակոբ Հարությունյանը ռազմաճակատ մեկնելիս գեթ մեկ անգամ չտարակուսեց՝ գնալ կամ չգնալ. նրա որոշումն անփոփոխ էր: Մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին պայքարելու և հաղթելու վճռականությամբ:

«Հակոբը միշտ էլ հայրենասեր է եղել և ծնողին հավասար սիրում էր իր հայրենիքը: Լսելով, որ հորեղբոր տղան, ով պայմանագրային զինծառայող էր, պատերազմի 3-րդ օրը զոհվել է մարտադաշտում, ինքն էլ միանգամից կամավորագրվեց և մեկնեց ռազմաճակատ»,-նշում է Ս. Աբրահամյանը:

Նրա մարտական ուղին սկսվել է Մարտակերտից՝ «Եղնիկներ»-ից:

Հակոբ Հարությունյանը «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Պաշտպանության բանակի գնդապետ, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանի հետ միասին մշակել են բազմաթիվ մարտավարական գործողություններ և դրանք կյանքի կոչել:

Խիզախաբար կռվելով 44-օրյա պատերազմում՝ նա վաստակել էր անձնուրաց մարտիկի  փառքը: Նա կարողացել է ոչնչացնել թշնամու մեծաթիվ կենդանի ուժ ու զենք-զինամթերք. այս մասին  հարազատներին պատմել են մարտական ընկերները՝ ովքեր պատիվ են ունեցել սեփական աչքերով տեսնել այդ ամենը:

Պատերազմի ընթացքում Հակոբը ծնողների և հարազատների հետ երկար չէր խոսում հեռախոսով, միայն հետաքրքրվում էր ընտանիքի որպիսությամբ:

Վերջին անգամ Հակոբը ծնողների հետ խոսել էր նոյեմբերի 3-ին՝ զոհվելուց ընդամենը մեկ ժամ առաջ: Վերջին հեռախոսազրույցը, սակայն, շատ երկար տևեց. մորը, կնոջն ու երեխաներին վստահեցրել էր՝ ամեն ինչ լավ է լինելու:

Վերջին հեռախոսազրույցի ժամանակ մայրը նրան ասել է, որ տոմս է գնել և պատրաստվում է վերադառնալ հայրենիք, և հորդորել էր Հակոբին գոնե մեկ օրով տուն վերադառնալ, լողանալ, հանգստանալ և նորից վերադառնալ, սակայն, Հակոբը հակառակվել է մորն՝ ասելով, որ իրեն շատ է սիրում, բայց թող չնեղանա՝ հայրենիքի սերն ավելի մեծ է, և չի կարող իր շուրջը համախմբված երիտասարդ զինվորներին թողնել մարտադաշտում՝ թշնամու դեմ մեն-մենակ, իսկ ինքը վերադառնալ տուն:

Ընդամենը մեկ ժամ անց, նրա մարտական ընկերները զանգում ու հայտնում են հարազատներին Հակոբի զոհվելու բոթը:

Հակոբ Հարությունյանը «Եղնիկներ»-ից հասել էր մինչև Շուշի ու Քարին տակ, 7 օր շարունակ դիմադրել ու պաշտպանել Քարին տակը թշնամու հարձակումներից:

Թշնամու զորքի թիվն ավելի էր, կռիվն՝ անհավասար: Քարին տակը պաշտպանող տղաները ստիպված եղան հետ նահանջել, սակայն Հակոբը չենթարկվեց հրամանին:

«Քարին տակի պաշտպանության ժամանակ, երբ որ թշնամին քանակով զգալի շատացել էր, նահանջ են ունեցել: Տղաներն ասել էին, որ չեն կարող դիմակայել, պետք է հետ նահանջեն, սակայն Հակոբն ասել էր՝ չէ, դուք գնացեք, ես կմնամ:»,-հիշում է Ս. Աբրահամյանը:

Մահապարտների ջոկատ կազմելով՝ նա մնացել է Քարին տակում, սեփական կյանքի գնով պաշտպանել Քարին տակն ու Շուշին:

Անհավասար ու թեժ մարտում թշնամու նենգ փամփուշտներն ընդհատում են հերոսի երկրային կյանքը:

Հակոբ Հարությունյանի աճյունը շուրջ 65 օր չեն կարողացել գտնել: Երկար որոնումներից հետո, ի վերջո հերոսի աճյունը հայտնաբերվում և հողին են հանձնում հունվարի 14-ին հայրենի Մյասնիկյան գյուղում:

Հերոսի հուղարկավորությանը ներկա էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ում հրամանագրով Արցախի Հանրապետությանը ցուցաբերած բացառիկ խիզախության ու արիության համար Հակոբ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով՝ Արցախի հերոս բարձրագույն կոչումով, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու՝ «Մարտական ծառայության» մեդալով։

«Երբ Շուշին վտանգված էր, մի խումբ մարտական ընկերների հետ եկան, երկար մարտեր մղեցին Քարի տակում: Ոմանք ասում են՝ Շուշին հանձնել ենք. Շուշին չենք հանձնել. Հակոբի նման տղաները մինչև վերջ պայքարեցին: Ես գլուխ եմ խոնարհում: Հակոբը մարմնավորում է այն տղաներին, որոնք նահատակվեցին»,-հերոսի հուղարկավորության ժամանակ ասել է Ա. Հարությունյանը:

Հակոբի ու նրա մարտական ընկերների գործը դեռ ավարտված չէ: Նրանք գնացել էին հայրենիքը պաշտպանելու, նրա գեթ մի թիզ հողն անգամ թշնամուն չզիջելու վճռակամությամբ: Նրանք չեն պարտվել. Հակոբն ու իր հետ անմահացած բոլոր տղաները հաղթել են իրենց կռվում, հաղթել են ու միացել անմահների երամին, սակայն նրանց հոգիները  երկնային կյանքում խաղաղություն կգտնեն միայն այն ժամանակ, երբ որ երկնքից տեսնեն Շուշին ազատագրված, իսկ Ղազանչեցոցի Սուրբ գմբեթի տակ աղոթ բարձրացվի նրանց հոգիների հանգստության համար:

«Ես գնացի երկինք՝ իմ վերջին շունչը տալով Արցախիս համար, որ դուք ապրեք և իմ կիսատ գործը շարունակեք», — սա է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի պատգամը եկող սերունդներին:  

aparaj.am